Աշխարհ

31.07.2018 17:17


Մեսութ Օզիլի երկրպագուները Գերմանիայում լայնածավալ ցույցեր են անցկացնում

Մեսութ Օզիլի երկրպագուները Գերմանիայում լայնածավալ ցույցեր են անցկացնում

Գերմանիայյում լայնածավալ ցույցեր են անցկացվում՝ ի պաշտպանություն ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի։ Ավելի վաղ վերջինս լուրջ քննադատությունների էր արժանացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարի պատճառով, ինչի հետևանքով հարկադրված էր եղել հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից։

Բեռլինում «Axel Springer» հրատարակչության դիմաց՝ «Hacivat» արվեստի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Ես Օզիլն եմ» կարգախոսով ցույցերին հարյուրավոր ֆուտբոլասերներ են մասնակցել։ Ցուցարարները բարձրացրել են Թուրքիայի և Գերմանիայի դրոշները, կարգախոսներ հնչեցրել Օզիլի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։

Նրանք մասնավորապես բողոքարկել են գերմանական մամուլում և հատկապես «Axel Springer»-ի կազմի մեջ մտնող «Bild» թերթում Էրդողանի և Օզիլի դեմ կատարված հրապարակումների դեմ։ Ցուցարարների մի մասը կրել են Օզիլի անունն ու լուսանկարը կամ «Ես Օզիլն եմ» գրությունը կրող վերնաշապիկներ:

Ցույցերը կազմակերպած ընկերության տնօրեն, թուրք ակտիվիստ Բիգիլի Ուրթմենի խոսքով՝ Գերմանիայում այն մուսուլմաններն ու թուրքերը, ովքեր ընդհանուր ընդունված գաղափարախոսությունից տարբերվող տեսակետներ ունեն, ընկալվում են որպես երկրորդ և երրորդ կարգի մարդիկ։ Մյուս կողմից՝ գերմանական մամուլը բնավ չի քննադատում թուրքական ծագմամբ այն գործիչներին, ովքեր լուսանկարներ են հրապարակում Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ - PKK) դրոշի ֆոնին։

Հիշեցնենք, որ
նախորդ շաբաթ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հայտարարել էր Գերմանիայի ազգային հավաքականից հեռանալու իր որոշման մասին։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նման որոշման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ իր դեմ ծայր առած քննադատություններն ու մեղադրանքներն են։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը