Աշխարհ

28.08.2018 17:55


Հայ պատգամավոր Մարգար Եսայանը ևս մեկ առիթով հաճոյացել է թուրքական իշխանություններին

Հայ պատգամավոր Մարգար Եսայանը ևս մեկ առիթով հաճոյացել է թուրքական իշխանություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր ընտրված Մարգար Եսայանը «Թուրքերը, հայերը և Մանազկերտը» վերնագրով հոդված է հրապարակել:

Թուրքիայի իշխանություններին հաճոյանալու առիթը բաց չթողող Եսայանն այս անգամ անդրադարձել է Մանազկերտի ճակատամարտին, հայերի մասնակցությանը, ապա հայերի նկատմամբ թուրքերի ցուցաբերած «բարեհաճությանը»:

Հայ պատգամավորը, փորձելով ամեն կերպ հաճոյանալ թուրքական իշխանություններին, գրել է, թե իբրև հայերը չէին ցանկանում Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների հետ միասին կռվել սելջուկների դեմ՝ դա հիմնավորելով հայերի և բյուզանդացիների միջև այն ժամանակ կրոնական հողի վրա առկա հակասություններով:

Ըստ Եսայանի՝ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների պարտությամբ և սելջուկների՝ դեպի արևելք ունեցած առաջխաղացումով հայերի համար խաղաղ ժամանակաշրջան է սկսվում: Հայ պատգամավորը, ավելի առաջ անցնելով, նշում է, որ հայերն Օսմանյան կայսրությունում ապրել են իրենց պատմության ամենահանգիստ շրջանը՝ թվարկելով Օսմանյան առաջին սուլթան Օսմանի՝ հայերին կայսրության առաջին մայրաքաղաք Բուրսայում հոգևոր ներկայացուցչություն ունենալու ու 1461թ. Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի կողմից պատրիարքարան հիմնելու թույլտվություն տրամադրելը: Եսայանը դրանք մեծ բարեհաճություն է համարում հայերի նկատմամբ:

Հայ պատգամավորը վերոնշյալն ու մեկ-երկու այլ օրինակներ բերելով փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր հայերն ու թուրքերն այս տարածաշրջանում դարեր շարունակ ապրել են առանց խնդիրների:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը