Քաղաքական

07.09.2018 11:34


ՊՆ որոշումից հետո հարյուրավոր զինծառայողներ լքել են խաղաղապահ զորամասը

ՊՆ որոշումից հետո հարյուրավոր զինծառայողներ լքել են խաղաղապահ զորամասը

Անառողջ ու լարված մթնոլորտ է ստեղծվել ՀՀ Զինված ուժերի N զորամասում, որը մինչև վերջերս տեղակայված էր մայրաքաղաքում: Պայմանագրային զինծառայողներով համալրված զորամասի forrights.am-ի աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 400 զինծառայող ազատվել է ծառայությունից կամ հրամանատարությանն այդպիսի խնդրանքով զեկուցագիր է ներկայացրել:

Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 1-ից խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամասը դուրս է բերվել Երևանից ու տեղակայվել մերձակա քաղաքներից մեկում: Հայտնի է, որ այս զորամասում հիմնականում ծառայում են երևանցիներ, Արարատի, Արագածոտնի ու Արմավիրի մարզի բնակիչներ: Եթե Երևանի բնակիչները տրանսպորտային խնդիր չեն ունեցել, մարզի բնակիչ զինծառայողները նախկինում մայրաքաղաք են հասել մարզային երթուղայիններով:

Պաշտպանության նախարարության որոշումը` տեղափոխել զորամասը, լուրջ դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում: Զորամասի գտնվելու վայրի հեռվանալու պատճառով մեծացել են զինծառայողների ֆինանսական ծախսերը: Միայն տաքսիներով կամ սեփական մեքենաներով է հնարավոր տեղ հասնել: Արդյունքում`աշխատանքը խաղաղապահ գնդում շատերի համար դարձել է վնասաբեր: Ծառայությունը լքելուց առաջ զինծառայողներն այս հարցով դիմել են զորամասի նոր հրամանատար գնդապետ Արտակ Տոնոյանին.

«Գնդապետն ասել ա` ում ձեռք չի տալիս, կարա դուրս գա: Դա իմ խնդիրը չի, ես սաղ հին ծառայողներին ցրելու եմ, նոր զորք հավաքեմ ու ծառայեմ էնպես, ոնց որ ես եմ ուզում: Արմավիրի կամ Էջմիածնի բնակիչը ո՞նց պիտի հասնի զորամաս: Հիմա ով որ ավտոմեքենա չունի չի կարողանում գալ գործի: Եթե նարյադ եղավ, էջմիածնեցին, արմավիրցին չի կարողանալու տուն գնա»: Ճիշտ է, զորամասի տեղափոխությունը հրամանատար Տոնոյանի որոշումը չէ, այդուհանդերձ, Արտակ Տոնոյանը չի փորձել զինծառայողներին հուսադրել, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ կփորձեն լուծումներ գտնել:

«Կառավարությունում չե՞ն մտածում, թե քանի ընտանիք է սոված մնալու: Մենք տուն ենք գնալու մեր երեխաներին ի՞նչ ասենք, ինչու չենք կարողանում հաց առնել: Նախարարն ու վարչապետը էս հարցի պատասխանը ունե՞ն»,-հարց են բարձրացնում զինծառայողները: Խաղաղապահ զորամասը Երևանից հանելու մասին խոսակցությունները շրջանառվում էին տարիներ շարունակ, բայց փաստացի դա տեղի ունեցավ հեղափոխությունից ու նախարարի փոփոխությունից հետո:

Հետաքրքրական մեկ փաստ` սա այն զորամասն է, որի զինծառայողները Թավշյա հեղափոխության օրերին միացել էին ժողովրդին: Զինծառայողների ակցիան հեղափոխական շարժմանը մեծ կշիռ հաղորդեց: ՀՀԿ-ական իշխանությունը փորձ էր արել խաղաղապահ գնդի զինծառայողներին ներգրավել քաղաքական պրոցեսներում: Ոստիկանությունը մուտք էր գործել զորամաս՝ զինծառայողների հետ հատուկ վարժանքներ անցկացնելու, նպատակ ունենալով արտակարգ դրություն հայտարարելուց հետո խաղաղապահ զորքն օգտագործել: Զինծառայողները կտրականապես հրաժարվել էին դուրս գալ ժողովրդի դեմ ու բաց ձեռքերով միացել էին հեղափոխությանը:

Փաստորեն, նոր իշխանությունը աշխատանքային անտանելի պայմաններ ստեղծելով` գործազրկության դրդելով է շնորհակալ լինում զինծառայողներին: Հենց այսպիսին է մեր զրուցակից զինծառայողների համոզմունքը:

Մանրամասները՝ forrights.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը