Լրահոս

23.10.2018 14:54


Գիտության զարգացում՝ համակարգչային տեխնոլոգիաներով (լուսանկար)

Գիտության զարգացում՝ համակարգչային տեխնոլոգիաներով (լուսանկար)

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը գիտության ու տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների ստեղծման ու ներդրման մեծ ներուժ ունի: Իրականացված աշխատանքները և ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն է ներկայացնում ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը:

44617441_357139215026612_1471015600116465664_n

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը կազմավորվեց որպես ԳԱԱ հաշվիչ կենտրոն՝ Սերգեյ Մերգելյանի ակտիվ մասնակցությամբ: Նա էլ առաջինը ղեկավարեց կենտրոնը: Որոշ ընդհատումներով Ս. Մերգելյանը 14 տարի եղավ հաշվիչ կենտրոնի տնօրեն և որոշեց նրա զարգացման հիմնական ուղղությունները՝ մաթեմատիկական տրամաբանություն, դիսկրետ մաթեմատիկա, ավտոմատացման համակարգեր ու ծրագրավորում, հիմնեց հզոր տեխնիկական բազա, որի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել տարբեր ոլորտների համար կիրառական համակարգեր: Այստեղ Թեոդոր Տեր-Միքայելյանի ղեկավարությամբ Հայաստանում ծրագրավորման առաջին գիրքը գրվեց: Ընդհանրապես, Հաշվիչ կենտրոնում միատեղվեցին ոլորտի լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանը դարձնելով հաշվողական տեխնոլոգիաներ ստեղծող առաջատար երկիր ԽՍՀՄ-ում: Կոմպյուտերագիտության մեջ համաշխարհային ճանաչում ունեցող այդ մասնագետներից են ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանում մաթեմատիկական տրամաբանության հիմնադիրներից Իգոր Զասլավսկին, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մարանջյանը, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինֆորմացիայի տեսության մասնագետ Եվգենի Հարությունյանը, ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ով 1986-2006թթ. եղել է ԻԱՊԻ-ի տնօրենը և ղեկավարել 90–ական տարիներին մի շարք կարևոր նախագծեր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Նանասյանը, ով ստեղծել ու սպասարկել է տարբեր կոմպյուտերային համակարգեր, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանը, ով զբաղվում է արհեստական ինտելեկտի խնդիրներով, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Ասլանյանը՝ դիսկրետ մաթեմատիկայի մասնագետ և ուրիշներ:

44530561_247388622600680_6771681468801351680_n

Սակայն կենտրոնի բեղմնավոր գործունեությունը կաթվածահար եղավ Խորհրդային Միության անկումից հետո: Տեխնիկական բազան վերացավ, մասնագետները մնացին առանց աշխատանքային գործիքների: Ճգնաժամից դուրս գալու համար Հաշվիչ կենտրոնը 1992 թ. վերակազմավորվեց որպես Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ: ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը ինստիտուտի համար ձեռք բերեց նոր համակարգիչներ և առաջարկեց ստեղծել ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց՝ դեպի ինտերնետ ելքով: Առաջին ցանցը միավորեց 4 գիտակրթական կենտրոն՝ ԳԱԱ նախագահությունը, ԻԱՊԻ-ն, Ֆիզիկայի ինստիտուտը և Ռաֆիոչափումների գիտահետազոտական ինստիտուտը, կես տարի անց՝ նաև Բյուրականի աստղադիտարանը: Ֆիզիկայի ինստիտուտում տեղադրված արբանյակային ալեհավաքի միջոցով, որը ձեռք էր բերվել «Հայաստան» հիմնադրամի օգնությամբ, ցանցը միացավ ինտերնետին: ԻԱՊԻ-ի տնօրեն Վլադիմիր Սահակյանը հիշում է. «1994 թ. ապրիլի 21-ին ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ԳԱԱ-ում միջոցառման էր մասնակցում: Այդ օրն էլ նրան ներկայացրինք մեր ցանցի հնարավորությունները, նրա ներկայությամբ մուտք գործեցինք համացանց, մտանք ԱՄՆ կոնգրեսի գրադարան, որոնում տվեցինք, մի քանի գիրք բացեցինք: Այդ օրն էլ համարում ենք մեր ցանցի կայացման օրը»: Աստիճանաբար ԻԱՊԻ-ին ընդլայնեց այդ ցանցը՝ ընդգրկելով նոր գիտակրթական կենտրոններ: Այսօր արդեն ցանցի անդամ են 65 գիտական, հետազոտական, կրթական, մշակութային կազմակերպություններ ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրիից, Աշտարակից, Բյուրականից, Ստեփանակերտից: Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային այս ցանցը կամ ASNET-AM-ը առանձնացված գեգաբիթանոց կապուղով միացած է համաեվրոպական գիտահետազոտական և կրթական GEANT ցանցին որպես Հայաստանի ազգային գիտակրթական ցանց:

44597640_194633728081480_5399641762228600832_n

Ինստիտուտն ASNET–AM ցանցում ստեղծել է ծառայություններ, որպիսիք չունի ոչ մի հայկական ինտերնետ-մատակարար: Օրինակ՝ GEANT ցանցում գործող eduroam ծառայությունը: Eduroam-ը գործում է Եվրոպայի բոլոր գիտակրթական կազմակերպություններում, հասել է արդեն Ավստրալիա, Ամերիկա և Ասիա, գործում է անգամ որոշ օդանավակայաններում: Բավական է մտնել որևէ վայր, որտեղ կա eduroam ծառայությունը, և սմարթֆոնն անմիջապես միանում է ցանցին՝ հնարավորություն տալով անվճար հեռախոսային զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ՝ այսինքն հեռախոսահամարն առանձին ռոումինգ անելու անհրաժեշտություն չի լինում: ASNET–AM-ում գործում է նաև File sender ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լինում մեծ չափսերի ֆայլեր ուղարկել և ստանալ: Ստեղծվել է նաև «ամպային» հաշվարկների աշխատանքային միջավայր, որի շնորհիվ գիտաշխատողը կարող է ունենալ իր վիրտուալ համակարգիչը՝ ավելի մեծ հնարավորություններով, որին կարող է միանալ ու աշխատել ցանկացած վայրից: EduGain ծառայությունը պաշտպանում է էլեկտրոնային Ձեր միջավայր մուտք գործելու ապահովությունն ու գաղտնիությունը՝ Ձեր նույնականացման հաստատմամբ: Ցանցում կան հարյուրից ավելի վեբ-սերվերներ, որոնք անվտագ տեղադրված են ամպային միջավայրում:

44705167_504937316651095_5759210909511712768_n

«Մենք աշխատում, ստեղծում և կիրառում ենք: Այս 24 տարիների ընթացքում մենք ընդլայնել ենք մեր ծառայությունների ցանցը, հայ գիտնականների համար ստեղծել ժամանակակից աշխատանքային հարմար վիրտուալ միջավայր: Դա նաև հանգեցնում է համակարգչային ռեսուրսների տնտեսման, պետք չէ ունենալ հզոր պրոցեսորով համակարգիչ, պետք չէ ունենալ մեծ հիշողություն, որովհետև կարող ենք նույնը հատկացնել վիրտուալ միջավայրում և, որ ամենակարևորն է, ունեք անկախություն, կախված չեք որևէ վայրից ու կոնկրետ համակարգչից»,-ասում է ինստիտուտի տնօրենը:

44645710_2231546350503474_5421756475821260800_n

ASNET.AM ցանցի ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ ինստիտուտը սկսեց աշխատել միջազգային կապերի զարգացման ուղղությամբ: 1997 թվականից Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT) գիտաժողովը : «Մեր գիտնականները այդ տարիներին արտերկրյա գիտաժողովներին մասնակցելու հնարավորություն չունեին, մենք էլ որոշեցինք ինքներս կազմակերպել միջազգային այնպիսի գիտաժողով, որը մեր երկիր կբերի ոլորտի լավագույն մասնագետներին: Անցյալ տարի կայացավ 11-րդ գիտաժողովը: Այդ գիտաժողովների ընթացքում ստեղծված կապերի շնորհիվ մեր գիտնականները սկսեցին ընդգրկվել եվրոպական, Սևծովյա համագործակցության տարբեր նախագծերում»: Համագործակցություն ստեղծվեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ (ՄԳՏԿ), որի աջակցությամբ 2004թ. ինստիտուտը Յու. Շուքուրյանի ղեկավարությամբ ստեղծեց առաջին՝ 128 պրոցեսորանոց սուպերկոմպյուտերային հաշվողական կլաստերը, որն անվանեցին «Արմկլաստեր»: «Այդ աշխատանքի համար ինստիտուտի աշխատողները արժանացան ՀՀ նախագահի մրցանակին: Ստեղծեցինք ևս երեք կլաստերներ ԵՊՀ-ում, Պոլիտեխնիկում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում: Հետո կլաստեր ստեղծելու առաջարկ ստացանք Թբիլիսիի պետական համալսարանից: Համատեղ ստեղծեցինք երկու կլաստեր. մեկը մեր ֆիզիկայի ինստիտուտի, մյուսը իրենց համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի համար: Այդ վեց կլաստերների հիման վրա էլ որոշեցինք ստեղծել գրիդ համակարգ, այսինքն՝ կլաստերները ընդգրկել մեկ ցանցում և նրան դիմել որպես մեկ համակարգի: Այն անվանեցինք «Արմգրիդ» և միացանք հարավ-եվրոպական Գրիդ միջավայրին: Այսուհետ գրիդ միջավայրում գրանցվելուց հետո համակարգին ուղարկելով աշխատանքի համար անհրաժեշտ պարամետրերը՝ պրոցեսորի հզորությունը, հիշողության ծավալը, ծրագիրը և այլն, որոշվում է, թե կոնկրետ որ հաշվողական ռեսուրսի վրա հնարավոր կլինի այդ աշխատանքն իրականացնել: Ծառայության միջոցով հնարավոր է կատարել գիտական հետազոտություններ, որոնց անհրաժեշտ են լայնամասշտաբ հաշվարկներ, մինչդեռ սովորական համակարգչով կատարելու դեպքում այդ հաշվարկները ամիսներ կպահանջեինն»:

ԻԱՊԻ-ի կիրառական հարուստ փորձը այսօր ներդրվում է հանրապետական նշանակության տարբեր խնդիրների լուծման մեջ: ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունում ինստիտուտը ներդրել է նոր՝ ավելի հզոր հաշվողական համակարգ, նախատեսվում է ստեղծել ցանց Հայաստանի բոլոր 47 կայաններից տվյալների ավտոմատ հաղորդումն ապահովելու համար:

44587758_2162656397306526_4295731619790061568_n

Ինստիտուտը ակտիվորեն համագործակցում է նաև բնապահպանության նախարարության հետ: «Ընդհանրապես, ցանկացած ոլորտի համար կարող ենք ստեղծել համապատասխան էլեկտրոնային աշխատանքային միջավայր,-ասում է ԻԱՊԻ-ի տնօրենը,-Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գործող սուպերհամակարգչային կենտրոնը որոշել է մեզ հանձնել որոշ սարքավորումներ: Դրանք Հայաստան տեղափոխելով՝ մենք կունենանք համակարգչային ամենահզոր կենտրոններից մեկը տարածաշրջանում: Այդ կենտրոնը մեզ տարբեր ՏՏ մոդելներ մշակելու և իրականացնելու հնարավորություններ կընձեռի: Հնարավորություն կունենանք իրականացնել Հայաստանի տարածքի համար կարևոր մշտադիտարկումներ, արբանյակային նկարներով բազմասպեկտրալ վերլուծություններ, Սևանի ավազանի, ջրային տարածքների, անտառների, սահմանամերձ տարածքների մոնիթորինգներ կատարել: Գերհզոր հաշվողական կենտրոն ունենալու դեպքում կկարողանանք մոդելավորել կառավարական կարևոր նախագծերը, փորձարկել դրանց արդյունավետությունը տարբեր ազդեցությունների դեպքում, դա հատկապես ռազմավարական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտում»: Բայց ինստիտուտը կանգնել է այդ սարքավորումները Հայաստան տեղափոխելու և դրանց տեղադրման ծախսերը հոգալու խնդրի առաջ: Առայժմ չկան համապատասխան ֆինանսական միջոցներ: Սուպերհամակարգչային կենտրոնի հիմնումով կլուծվի նաև երիտասարդ գիտնականների զբաղվածության հարցը: 2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով: 2017-2018 ուստարում ինստիտուտն ունեցել է ավելի քան վաթսուն մագիստրոս: Երիտասարդների հետաքրքրությունն այս ոլորտով հեշտ բացատրելի է. ՏՏ ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում է համարվում ամենահեռանկարայինը, մյուս կողմից ինստիտուտը ութ մագիստրոսների և չորս ասպիրանտների «Էրազմուս+» ծրագրով Ֆրանսիայում ուսումնառության կուրս անցնելու հնարավորություն է տալիս:

44650934_311677926097551_2934986096657825792_n

«Սակայն մեր ուսանողները ասպիրանտուրան ավարտելուց հետո հեռանում են ինստիտուտից, աշխատանք գտնում ՏՏ ոլորտի տեղական ու միջազգային կազմակերպություններում կամ արտասահմանում: Ոչ ոք գիտական գործունեությամբ զբաղվել չի ցանկանում: Ու եթե այսպես շարունակվի՝ երիտասարդ գիտնականներին առանձին թոշակ չհատկացվի, չավելանա գիտության ֆինանսավորումը, մոտ ժամանակներս մենք կադրային լուրջ խնդրի առաջ կկանգնենք: Իսկ գիտությանը պետք են երիտասարդ կադրեր՝ նոր մտածողությամբ, նոր դարի շունչը զգացող, ովքեր պատրաստ են թռիչքների, փորձարկումների ու նվաճումների»,-ասում է Վլադիմիր Սահակյանը:

44689981_252723818734322_2364189667483451392_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը