Աշխարհ

19.11.2018 21:03


Թուրքիայում գտնվող անտիկ Պատարա քաղաքում վիկինգյան սուր է հայտնաբերվել

Թուրքիայում գտնվող անտիկ Պատարա քաղաքում վիկինգյան սուր է հայտնաբերվել

Անթալիայի Քաշ շրջանում գտնվող Պատարա անտիկ քաղաքի տարածքում պեղումների ընթացքում 9-10–րդ դարին վերագրվող վիկինգյան սուր է հայտնաբերվել։

Պատարան եղել է պատմական Լիկիա պետության մայրաքաղաքը և դեռևս միանշանակ հայտնի չէ, թե ինչպես է վիկինգյան սուրը հայտնվել փոքրասիական այդ տարածաշրջանում։ Ենթադրվում է, որ սուրը տվյալ վայրում կարող էր հայտնվել Կոստանդնուպոլսի համար մղված ռազմական գործողությունների ընթացքում։

Գտածոյի վերաբերյալ ուսումնասիրություն կատարած թուրք դասախոս Ֆեյզուլլահ Շահինը նշել է, որ ավելի վաղ տվյալ տարածաշրջանում վիկինգների հետքերի մասին վկայող ևս մեկ գտածո էր հայտնաբերվել։

2010թ․ Մերսինի Յումուքթեփե հնավայրում դարձյալ վիկինգյան սուր էր գտնվել։ Դա է պատճառը, որ այս գտածոյի՝ վիկինգներին պատկանելու հանգամանքը կասկած չի հարուցում։

Հայտնաբերված սուրը կոտրված է և զգալիորեն կորոզիայի ենթարկված։ Կոտրված վիճակում սրի երկարությունը 43․2 սանտիմետր է։ Դատելով դրա վրայի մնացորդներից՝ սուրը պահվել է փայտյա պատյանի մեջ։

Թուրք մասնագետների խոսքով՝ հնարավոր է, սուրը թաղվել է իր տիրոջ գերեզմանում, քանի որ հայտնի է, որ վիկինգների մոտ նման սովորույթ է եղել և մի շարք դեպքերում վիկինգների գերեզմաններում սրեր են հայտնաբերվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը