Մեկնաբանություն

28.11.2018 00:22


Եթե մտահոգ ես, ապա ժամանակն է դուխով մերժել բոլորին

Եթե մտահոգ ես, ապա ժամանակն է դուխով մերժել բոլորին

Ժանրի կանոնների համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ընտրողին ներկայանում են ոչ միայն ճոռոմ ու անիրական ծրագրով, արհեստական գեղեցկությամբ աչքի ընկնող պաստառներով, անիմաստ բուկլետներով, անհեթեթ խոստումներով, այլ նաև՝ կարգախոսով:

Կարգախոսները լինում են հիշվող ու չհիշվող, կրեատիվ ու տափակ, բնական ու արհեստական, մարդկային ու բյուրոկրատական, հանճարեղ ու ախմախ:

Հայաստանում հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Բոլորը կամ գրեթե բոլորը հանրությանը ներկայացել են կարգախոսով:

Օրինակ՝ «Իմ քայլը» ուզում էր ընտրել «Նիկո՛լ՝ վարչապե՛տ» կարգախոսը, որը համարյա «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ի պես մի բան էր՝ դրա երկրորդ սերիան, բայց ֆեյսբուքյան մեկ-երկու հույ-բույից հետո հեղափոխականները հետ քաշվեցին ու ընտրեցին վարչաբյուրոկրատական չհիշվող մի կարգախոս, որը շատ նման է «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսին: Ինչքան շուտ ՔՊԿ-ն վերածվեց նոմենկլատուրային ուժի...

Ճիշտ են ասում էլի, ինչ հեղափոխություն անում ենք՝ վերջում բոլշևիկյան է ստացվում, ինչ կուսակցություն ստեղծում ենք՝ վերջում Կոմկուս է դառնում, ինչ ձևով էլ իշխանություն ենք ընտրում՝ վերջում ՀՀՇ է դառնում:

Դե քանի դեռ կարգախոսները տեղ չեն գտել բազմաչարչար ընտրողների ու հպարտ քաղաքացիների ուղեղներում, փորձենք ձևակերպել մասնակիցների կարգախոսներն ըստ իրենց բուն էության: Մի փոքր երկար կլինի, բայց տվյալ դեպքում մենք ոչ միայն կարգախոսը, այլ տվյալ ուժի գործունեության կոդն ենք ներկայացնելու:

Եվ այսպես՝

ՀՀԿ - Մենք վատն էինք, բայց տեսա՞ք, որ մեզանից վատն էլ է լինում: Ուստի՝ եթե մտահոգ ես, ապա վատի ու ավելի վատի միջև ընտրի՛ր վատը:

«Իմ քայլը» դաշինք - Ժողովու՛րդ ջան, հանկարծ խելքներիդ զոռ չտա՛ք: Միայն դուխով: Ամենակարևորը՝ դուխով: «Սուգուբը» դուխով: «Օնլի» դուխով: Ինչպես Հովիկ Արգամիչը կասեր՝ Նիկոլին ընտրելու համար շատ խելք պետք չէ:

ՕԵԿ – Արթուր Բաղդասարյանն իր տաքուկ տեղն ունեցել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք չի «կպնում»: Բա հալալ չէր Սերժին՝ առատաձեռն, ոչ հիշաչար, հոգատար, տիրություն անող ...

ՀՅԴ – Էս ջահելները տարիք հարգել չգիտեն: Հին ընկերները չեն դավաճանում, բայց «խուրդվում» են:

«Լուսավոր Հայաստան» - Նիկոլից մերժվածները:

«Մենք» դաշինք – Նիկոլից մերժվածները-2:

ԲՀԿ – Գագիկ Ծառուկյանն այլևս օլիգարխ չէ. Նիկոլին հարցրեք, կասի: Մեր խոսքը, այլևս ոչ թե գործ է, այլ գործաԳՈՐԾ կամ գործաԿԱՏԱՐ(ող):

«Սասնա ծռեր» - Ժամանակն է: Եկեք ծուռ նստենք, ծուռ խոսենք: Նիկոլը դեռ կփոշմանի, որ մեզ ազատ է արձակել:

Ընտրություններին մասնակցող մնացած 3 կուսակցությունների ընդհանուր կարգախոսն է՝ մենք չիմացանք, թե ինչու, դուք էլ չիմացաք, թե ինչպես մենք ... հայթայթեցինք պահանջվող ընտրարգրավի փողերը:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա մեծ մասը չի մասնակցելու այս ընտրություններին: «Բոլորին դեմ եմ» կուսակցության կարգախոսն է՝ «Եթե մտահոգ ես, ապա ժամանակն է դուխով մերժել բոլորին և խելքով ստեղծել նորը»:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը