Լրահոս

29.11.2018 08:23


Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Զուրաբիշվիլին

Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Զուրաբիշվիլին

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները:

1181 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 262 հազար 826 ձայն (57%), միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 195 հազար 305 ձայն (43%):

aliq.ge-ն հայտնում է, որ ԿԸՀ-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% (1 975 845 ընտրող):

Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Քեդայում՝ 72.72%, ամենացածրը՝ Ծալկայում՝ 43.12%: Թբիլիսիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների 55.9%-ը:

Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ակտիվությունը կազմել էր 46.74 տոկոս (1 637 956 ընտրող):

ԿԸՀ-ն հայտարարում է, որ ընտրություններն անց են կացվել առանց լուրջ խախտումների:

«Վաղը առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողությունները ենք սկսում»,- մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»:

«Կոչ եմ անում Վրաստանի փրկության պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա: Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք ու մտածենք, որ այս օրերին Վրաստանի ճակատագիրն է որոշվում: Միասնության կոչ եմ անում»,-ասել է Սահակաշվիլին:

Նշենք, որ Սահակաշվիլին էքզիթփոլլերի հարցումների տվյալները հրապարակվելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:

Այս խորագրի վերջին նյութերը