Աշխարհ

15.12.2018 13:00


Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթում հայազգի Իսկուհի Համբարձումյանն արժանացել է ոսկե մեդալի

Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթում հայազգի Իսկուհի Համբարձումյանն արժանացել է ոսկե մեդալի

Հրուշակագործ Իսկուհի Համբարձումյանը երկար տարիներ բնակվում է Բելառուսում: Հայաստանից այնտեղ տեղափոխվել է 90-ական թվականներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսկուհի Համբարձումյանը պատմում է, որ խոհարարության նկատմամբ սերն իր մոտ արտահայտվել է դեռ վաղ տարիքում:

«Բոլոր հայ կանայք այս կամ այն չափով ունենում են խոհարարական հմտություններ: Ես դեռ դպրոցահասակ տարիքից էի սիրում խոհանոցը, խմորեղեններ պատրաստելը: Երբ տանն առիթ էր լինում կամ հյուր էինք գնում, իմ ձեռքի պատրաստած խմորեղենով, տորթերով փորձում էի ուրախացնել, հաճելին պարգևել մտերիմներիս: Այդ աշխարհն ինձ շատ հոգեհարազատ էր»,-ասաց Իսկուհի համբարձումյանը:

Նա ամուսնացել է երիտասարդ տարիքում, ունեցել է երեք երեխա, այդ շրջանում գրեթե ժամանակ չի ունեցել խոհարարական հմտությունները զարգացնելու, դրանք մասնագիտական հիմքի վրա դնելու համար: Ամեն դեպքում, միշտ շարունակել է թխել, ինքնուրույն այդ գործում նորույթներ սովորել, իր աշխատանքը նորովի ներկայացնել: Նրա աշխատանքը գնահատողներն իր ընտանիքն էր, հարազատներն ու ընկերները: Մի անգամ, ընկերներից մեկի առաջարկը խթան է հանդիսանում կյանքում կտրուկ փոփոխություններ անելու համար: Տարիներ առաջ իր ընկերներից մեկը, ով աշխատում էր Բելառուսի առողջարաններից մեկում, առաջարկում է մասնակցել խոհարարների մրցույթի՝ ներկայացնելով տորթեր:

«Սկզբում անակնկալի եկա, որովհետև ես երբևէ մրցույթի չէի մասնակցել, իմ աշխատանքները պրոֆեսիոնալները չէին գնահատել: Ամեն դեպքում որոշեցի ներկայանալ այդ մրցույթին, որին մասնակցում էին խոհարարներ 16 առողջարաններից: Ես անակնկալի եկա, շատ շոյվածի էի, երբ իմ աշխատանքն արժանացավ մրցանակի»,-ասաց նա:

Այս մրցույթը հետագայում խթան հանդիսացավ սիրողական զբաղմունքը պրոֆեսիոնալ հիմքի վրա դնելու համար: Իսկուհի Համբարձումյանն իր կրթությունը շարունակել է Բելառուսում, Ռուսաստանում, կարճ ժամանակ անց արդեն ոչ միայն սկսեց այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատել, այլև նույնիսկ վարպետության դասեր էր տալիս տարբեր տեղերում: Նա կապը չի կորցրել Հայրենիքի հետ և պարբերաբար գալիս է Հայաստան, որտեղ իր հմտություններն է փոխանցում տեղացի գործընկերներին: Հրուշակագործ Իսկուհի Համբարձումյանը պարզապես խմորեղեններ չի պատրաստում, նա դրանց տալիս է կերպարային լուծումներ:

«Ես ամեն մի գործը պետք է սիրեմ: Եթե ինչ-որ բան պետք է պատրաստեմ, ապա որոշ ժամանակ դրա հետ կապված գաղափարը, միտքը վերլուծում եմ, որպեսզի վերջնական հասկանամ, թե ինչ եմ ուզում ստանալ: Իմ աշխատանքը մեծ սիրով եմ անում՝ գործի մեջ վարպետությունից բացի դնելով ջերմություն»,-ասաց նա:

Իսկուհի Համբարձումյանը մասնակցել է մի շարք խոհարարական մրցույթների Բելառուսում, Ռուսաստանում, Եվրոպայի խոհարարական առաջնություններում դարձել է բազմակի հաղթող: Նոյեմբերի վերջ նա իր հետաքրքիր աշխատանքով՝ թռչուն-տորթով, որը ներկայացվել է «անմիացիոն տորթ» ժանրի ներքո, մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթին և արժանացել ոսկե մեդալի:

«Իմ աշխատանքը շատերի ուշադրության կենտրոնում էր: Ինչպես ես այդ կերպարը պատկերացրել էի, այնպես էլ ներկայացրել էի ժյուրիի դատին: Ի դեպ, շատ չէր խրախուսվում փայլի օգտագործումը, նույնիսկ կողքից ասում էին, որ ես դրա համար կստանամ բրոնզե մեդալ, բայց դա ինձ չէր մտահոգում: Ես իմ ամբողջական գործն այդպես էի պատկերացնում, ինձ համար կարևորն այն է, որ ես իմ աշխատանքը գրագետ ավարտել եմ ու ներկայացրել: Եվ շատ հաճելի էր ու ոգևորող, երբ արժանացա ոսկե մեդալի: Ինձ համար մեծ պատիվ է, ի վերջո աշխատանքդ գնահատվում է: Դրանից բացի, աշխարհի լավագույն վարպետների կողքին եմ եղել, նրանց յուրաքանչյուր գործից ինձ համար ինչ-որ բան եմ վերցրել: Գործը գրագետ կատարելը բավարար չէ, պետք է կարողանաս հոգի դնել, այն պիտի խոսի, կանչի»,-ավելացրեց Իսկուհի Համբարձումյանը: Մրցույթին մասնակցում էին 75 երկրից շուրջ 2 հազար խոհարար:

Իսկուհի Համբարձումյանի հետաքրքիր գործերից են Ձմեռ պապը, հրեշտակի տեսքով տիկնիկը, ծաղիկների կոմպոզիցիաները և այլն: Հետաքրքիրն այն է, որ քաղցրի մշակույթի վարպետը քաղցրի սիրահար չէ:

«Ճիշտն ասած, ես շաքարային դիաբետ ունեմ, հետևաբար քաղցր չեմ ուտում, բայց այդպես սիրահար էլ չեմ: Ինչ վերաբերում է իմ գործերը համտեսելուն, ապա ես դրանք չեմ փորձում: Այնքան հստակ գիտեմ բաղադրությունը, որ նույնիսկ չեմ փորձում իմ պատրաստածը»-ավելացրեց նա:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը