Լրահոս

13.03.2010 10:47


Վրացական իշխանությունները նոր մեղադրանքներ են առաջադրել Վահագն Չախալյանի դեմ

Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ 2005թ. հուլիսին Ջավախքի Սամսար գյուղի հայ եկեղեցու վրացականացման ձախողված փորձի և նույն թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի Ժդանովական-Բավրա անցակետի մոտ տեղի ունեցած ջավախքահայության բողոքի ցույցի առնչությամբ: Դրա մասին Վահագն Չախալյանին և նրա փաստաբաններին ս.թ. մարտի 11-ին տեղեկացրեցին ջավախքահայ քաղաքական գործչին հարցաքննելու նպատակով Ռուսթավիի խիստ ռեժիմի գաղութ ժամանած Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ոստիկանության քննիչներ Սպարտակ Խեչոյանը և Գևորգ Քսպեյանը: 

Որպես հիմք քրեական գործի հարուցման համար քննիչները մատնանշեցին Վահագն Չախալյանի վերջերս լույս տեսած «Բանտային-քաղաքական գրառումներ» գրքույկը: Այդ գրքույկում Ախալքալաքի ոստիկանությանն, իբր, հաջողվել է «հայտնաբերել» այնպիսի ապացույցներ, որոնք թույլ են տալիս 2005թ. հարուցված քրեական գործերով հինգ տարի անց՝ 2010թ., նոր մեղադրանքներ առաջադրել արդեն իսկ 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ:

«Երկիր» միությունը խստիվ դատապարտում է վրաց իշխանությունների կողմից իրենց մանկլավիկ՝ Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի միջոցով Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հալածանքի այս նոր դրսևորումը: Սրանով վրացական իշխանությունները հերթական անգամ մերկացնում են այն դրդապատճառները, որոնք ընկած են Վահագն Չախալյանի դեմ ընթացող խայտառակ դատավարության հիմքում: Ակնհայտ է, որ ջավախքահայ քաղաքական գործչի դեմ ուղղված այս նոր գործողությունը  Վրաստանում մայիսի 30-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրյակին ջավախքահայության ահաբեկման շղթայի օղակներից մեկն է:

,Երկիրե միությունը, ավելի քան երբեք մտահոգ լինելով ընտրություններին նախորդող այս ժամանակահատվածում Ջավախքում ընթացող գործընթացներով, հայտարարում է, որ հետևողականորեն շարունակելու է իր պայքարը ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատությանը և ջավախքահայության իրավունքների իրացմանը հասնելու համար:

«Երկիր» միություն

Այս խորագրի վերջին նյութերը