Մեկնաբանություն

21.01.2019 11:20


Փաշինյանի սուպերվարչապետական գայթակղությունը (տեսանյութ)

Փաշինյանի սուպերվարչապետական գայթակղությունը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը սովորեցրեց, թե ինչպես պետք է իշխանությունից հեռացնել իր խոսքի տերը չեղած մարդուն, բայց մեր հանրությունը չսովորեց, թե ինչպես պետք է անել, որ նոր իշխանությունը չհամարձակվի կրկնել նախորդին, և ինչպես անել, որ բանը փողոց դուրս գալուն չհասնի:

Եթե դու մարդուն տալիս ես անսահմանափակ լիազորություններով պաշտոն (նախկինում դա նախագահի պաշտոնն էր, իսկ հիմա՝ վարչապետինը), ապա բնական է, որ այն կայլասերի իշխանավորին, իսկ բացարձակ այլասերված համակարգը կայլասերի իշխանավորին բացարձակ ձևով:

Խնդիրն, ըստ այդմ, անձերի մեջ չէ: Խնդիրը հասարակական հարաբերությունների ցածր որակի և պետական կառավարման, քաղաքական, տնտեսական համակարգերի անկատարության մեջ է: Պետք է, ուրեմն, պատճառը վերացնել, այլ ոչ թե հետևանքի դեմ կռիվ տալ:

Քա՛յլ արա, մերժի՛ր ստին

Հեծանիվ պետք չէ հորինել: Առաջադեմ աշխարհը ձևը գտել է: Դա զսպումների ու հակակշիռների ինստիտուցիոնալ մեխանիզմն է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև:

Լիազորությունները և պատասխանատվությունը պետք է հավասարակշռված լինեն:

Հասարակությունն իշխանություն ձևավորելու հաջորդ օրը պետք է, պատկերավոր ասած, մահակը ձեռքը վերցնի ու դառնա պահանջատեր, այլ ոչ թե հույս ունենա, որ իշխանավորը լավն է, ու իրենց լավ կնայի:

Աշխարհի ոչ մի իշխանություն և, առավել ևս, Նիկոլ Փաշինյանինը, հակված չէ իրապես հաշվետու լինելու հասարակությանը և չգայթակղվելու իշխանության հնարավորություններով, եթե չկան զսպող մեխանիզմ ու սթափ հասարակություն: Հաշվետու իշխանությունը միայն ինստիտուցիոնալ մեխանիզմների ու կայացած քաղաքացիական հասարակության դեպքում է լինում:

Մենք հիմա տեսնում ենք, որ մեր հանրության ճնշող մեծամասնությունն իր «ես»-ը հանձնել է մեկ մարդու և նրանից ունի մեծ ակնկալիք, սակայն դա բերելու է մեծ հիասթափության, քանզի Նիկոլ Փաշինյանին չեն զրկել իշխանությամբ չգայթակղվելու հնարավորությունից, կամ գոնե չեն նվազեցրել այդ գայթակղություններին տրվելու մարդկային հակվածությունը:

Փաշինյանն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, հիմա անում է այն, ինչ նախկինում քննադատում էր, և չի անում այն, ինչ նախկինում պարտադրում էր անել ՀՀԿ-ականներին:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սուպերվարչապետական համակարգին:

Մերժվել է Սերժը, բայց ոչ սերժիզմը

Նախորդ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական բուռն իրադարձությունները, որոնք փաշինյանենք կոչում են «թավշյա հեղափոխություն», «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսի ներքո էին:

Այդ «մերժումը» անձնավորված էր, բայց պարզ էր, որ խոսքն ավելի լայն կոնտեքստի մասին է: Մերժվում էին միահեծան համակարգը, իշխանության ճյուղերի միանձնյա կառավարումը, հանրային վերահսկողության մեխանիզմների բացակայությունը, լճացումը և այլն:

Նիկոլ Փաշինյանն ու մյուսները քննադատում էին Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ նա իր վրայով նոր Սահմանադրություն և օրենսդրություն է կարել: Բայց հենց վարչապետ դարձավ Փաշինյանը, նրան սկսեց դուր գալ ուրիշի հագով կարված կոստյումը: Ավելին՝ նա հիմա նոր լիազորություններ է պահանջում էյֆորիայի մեջ գտնվող հանրությունից:

Փաշինյանի ու մյուսների քննադատությունն առ Սերժ Սարգսյան նաև այն պատճառով էր, որ վերջինս սուպերվարչապետական լիազորություններով է ինքն իրեն օժտում ու հատկապես ուժային կառույցները պահում անձամբ իր ձեռքում, մինչդեռ ճիշտ կլիներ, որ ուժայիններն անցնեին կոլեգիալ կառույցների՝ Կառավարության ու խորհրդարանի վերահսկողության տակ:

Ինչպես դժվար չէ գլխի ընկնել, հանրային պահանջատիրության բացակայության պայմաններում Փաշինյանն ու իր թիմակիցները հիմա ատամներով են պաշտպանում Սերժ Սարգսյանի համար նախատեսված սուպերվարչապետական լիազորությունները և կարծում են, որ ուժայինները պետք է ենթարկվեն վարչապետին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլենք մերժել են Սերժին, բայց ոչ սերժիզմը, քանզի իրենք են հիմա սերժիզմից օգտվողը:

132 պատգամավորից 131-ի քվեն ստացած Արարատ Միրզոյանն, օրինակ, կարծում է, որ նախորդ իշխանությունները եթե մի լավ բան են արել մեր երկրի համար, ապա դա այն է, որ ուժային կառույցները նախարարություններից դարձրել են գործադիր իշխանության ղեկավարին կից կառույցներ: Նա դա բացատրում է, իբր, այդ կառույցների ապաքաղաքականացմամբ, բայց դա դեմագոգիա է:

Դե պատկերացրեք, թե ինչպիսի հյուսիսկորեական քաղաքական խաղի կանոններ են ներդրվում մեզ մոտ, որ 100 տոկոս ձայնով ԱԺ խոսնակ դարձած մարդը հայտարարում է, թե չի ուզում խորհրդարանական վերահսկողության տակ առնել ուժային կառույցներին, և ճիշտ է համարում դրանք մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին ենթարկեցնելը: Եվ սրանք խոսում են ժողովրդավարությունից ու մարդու իրավունքների պաշտպանությունից:

Նորմալ պայմաններում ԱԺ նախագահ դարձած Միրզոյանը պետք է շահագրգռված լիներ, որ ուժայինները խորհրդարանին հաշվետու լինեին, բայց քանի որ մենք այժմ օրենսդիր մարմնում ունենք տարբեր անունների տակ հանդես եկող 132 Նիկոլ Փաշինյան, ու ԱԺ խոսնակի 100 տոկոս քվեն փաստացի ստացել է ոչ թե Միրզոյանը, այլ Փաշինյանը, ուստի Փաշինյանը չի կարող կողմ լինել, որպեսզի իր սուպերլիազորությունները պակասեցվեն:

Եթե մեր հանրությունը թույլ է տալիս, որ իրեն խաբեն, ապա ցանկացած իշխանավոր, հայտնի հերոս Զիմզիմովի պես, կստի ու իր խոսքի տերը չի դառնա՝ համարվելով «ղոչաղ»: Ու կապ չունի, որ իշխանության է եկել «Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա» ասելով:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը