Կարծիք

21.01.2019 17:36


Զոհերի իրավահաջորդների վիշտը մանիպուլացվում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Զոհերի իրավահաջորդների վիշտը մանիպուլացվում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

ԱԱԾ ու ՀՔԾ պետերը կրկին գործուղել էին փաստաբան Վահե Գրիգորյանին «Ազատություն» ռադիոկայան, որ փորձագետի դիմակի տակ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման երկարացնելը արդարացնի։
Եվ ահա, Վահե Գրիգորյանն ուղղակի իր մասնագիտական դիրքերից նահանջում է՝ Քոչարյանին վերագրելով մի հանցանք՝ մարտի մեկի սպանութունները, որը նրա դեմ հարուցված մեղադրանքում չկա, ասելով, թե մարտի մեկի «Տուժողի իրավահաջորդների դիրքորոշումն այն է, որ նախաքննության սկզբնական շրջանում ամենաբարձր ազդեցությունը, ամենալուրջ ազդեցությունը մնացած գործի մասնակիցների նկատմամբ ունենալու պոտենցիալ ունեցող մասնակիցը՝ Ռոբերտ Քոչարյանը, պիտի կալանքի տակ գտնվի»։
Հայտնի է, որ Քոչարյանի դեմ որևէ գործ չկա մարտի 1֊ի զոհերի հետ կապված, ինչքան էլ զոհերի իրավահաջորդներն իրենց կորուստը կապեն օրվա իշխանության հետ, մանավանդ որ զոհերից շատերը ցուցարարների մեջ են եղել։ Եթե ամեն զոհի իրավահաջորդի զգացմունքները պետք է հաշվի առնվեն, ապա բազմաթիվ ընտանիքներ իրենց հարազատի մահը հաճախ կապում են այս կամ այն հանգամանքի, այս կամ այն մարդու հետ առնչության հետ, ու ձեռները տաս, կկալանավորեն, ավելին՝ ոմանք էլ կարող է սպանել ինչ–որ մեկին։ Հիշում եմ, 1995֊ականներին ծանոթներիցս մեկը Ռուսաստանից ապրանք բերելիս վթարի ենթարկվեց, մահացավ, նրա հայրը հայհոյում էր Տեր֊Պետրոսյանին, որ իր որդուն պանդուխտ դարձրեց։ Նրա ձեռքը լիներ, Տեր֊Պետրոսանին կնստացներ։ Ահա թե ինչ աբսուրդի կարող է հասցնել տուժողի իրավահաջորդի ցանկություններն օգտագործելը իրավական գործընթացներում։
Վահե Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների պահանջներն այս պահին պատահական չի խաղարկում. նա տեսնելով, թե ինչպես հասարակության վրա ազդեց ցմահ դատապարտված Մհեր Ենոքանի ներման հետ կապված տուժողի իրավահաջորդների՝ Աղաջանովների վիշտը, ինքն էլ իր խմբակային շահերից ելնելով՝ հասարակությունը մանիպուլացնում է Քոչարյանի դեմ՝ օգտագործելով մարտի մեկի տուժողների իրավահաջորդների վիշտը։
Բայց այստեղ նաև լրագրային էթիկայի հարց կա. «Ազատության» լրագրողը ոչ մի տեղ չի ասում, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ մի առնչություն չունի մարտի մեկի սպանությունների հետ, որ նա չի մեղադրվում այդ սպանությունների մեջ, հետևաբար նրա կալանքի հարցում տուժողի իրավահաջորդ մեջբերելն աբսուրդ է։
Լրագրղը նաև չի ասում, որ հայտնի գաղտնազերծված հեռախոսազրույցից պարզվում է, որ ՀՔԾ և ԱԱԾ պետերը Վահե Գրիգորյանին օգտագործում են, որ իրենց դիրքորոշումները տարածի փորձագետի անվան տակ։
Ահա այդ խոսակցությունը, ՀՔԾ֊ի պետ Սասուն Խաչատրյան. ««Ընկե՛ր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան: Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընկե՛ր, ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի»։ ԱԱԾ պետ Վանեցյանը պատասխանում է. «Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ»:
Թվում էր, թե գաղտնազերծված հեռախոսազրույցից հետո Վահե Գրիգորյանն արդեն «ծակվել է», և ԱԱԾ֊ն «Ազատությանը» պետք է պաս տար մեկ այլ իրավաբան, որ անկախ փորձագետի անվան տակ հարցազրույց տար։
Բայց չէ, հասարակությունը զգայուն չի այսպիսի հարցերի նկատմամբ, և «ծակված» փորձագետը կարող է կրկին օգտագործվել։
«Ազատությունը» Վահե Գրիգորյանին հրավիրել էր մի նպատակով՝ որ Քոչարյանի կալանավորումը արդարացնի «անկախ դիրքորոշման» տեսանկյունից։ Գաղտնալսված ձայնագրությունից իմացանք, որ Վահե Գրիգորյանն ԱԱԾ֊ի մարդն է, իսկ այն, որ «Ազատությունն» էլ ԱԱԾ֊ի խոսափողն է, գաղտնալսումի կարիք չկա, դա շատ ակնհայտ է։
«Ազատություն» ռադիոկայանը բարձր է գնահատում լրագրության անվան տակ այս կամ այն խմբակային շահերն առաջ տանելը. այդպես գնահատել է նաև այս հարցազրույցը վարող լրագրող Կառլեն Ասլանյանին՝ նրան շնորհելով «Ազատություն» ռադիոյի նախագահի մրցանակ։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը