Կարծիք

28.01.2019 09:42


Սաակաշվիլիի ֆաների իշխանության մտցրած տաբուն՝ «Կյանք և ազատություն»

Սաակաշվիլիի ֆաների իշխանության մտցրած տաբուն՝ «Կյանք և ազատություն»

Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը աղմուկ է բարձրացրել՝ ոնց թե, ինչպես են համարձակվել այդ գրքի շնորհանդեսը անցկացնել, կատաղել են, որ ձեռները չի հասնում տապալել, հահոյում ու վարկաբեկում են, կյանքներն ուտում են նրանց, ովքեր համարձակվել են գնալ շնորհանդեսին։

Պարզ է, որ շնորհանդեսը Երևանում անցկացնելն անհնար է, հունվեյբիյների ամբոխը, ոստիկանության լուռ աջակցությամբ, կներխուժեր՝ «Ռոբերտ մարդասպան» վանկարկումներով, ու կտապալեր այն, գրքերն էլ կհափշտակեին ու կվառեին, իսկ հետո ժողովրդի վարչապետը մեղմ ժպիտով լայվ կմտներ՝ հեղափոխականներին ողջույնի խոսք ասելու։

Այդ գրքի համար ազատության մի կղզյակ մնացել է, այն էլ ուզում են ոչնչացնել։ Գիտեն, որ կարող են, ժողովրդի վարչապետը Արցախին մի անգամ ասել է՝ Յա, էս ինչի՞ եք ակտիվացել, ձեր գործով զբաղվեք։

Պահն է հիշելու, որ երբ մի տարի առաջ Երևանում երկու հաստատություն հրաժարվեցին Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսի համար տարածք տրամադրել, ի՜նչ աղմուկ բարձրացավ՝ վայ, վայ, ճնշվում է խոսքի ազատությունը, «խոսքի ազատության» ջատագովները պնդում էին, թե պետք է հնարավորություն տրվի յուրաքանչյուր գրքի շնորհանդեսն անցկացնելու համար՝ անկախ նրանից, թե ով է հեղինակը։ Այն ժամանակ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը հրավիրում էր ազգային ժողով իր կաբինետում անցկացնել շնորհանդեսը, բայց Յանկի փաբը առաջ ընկավ նրանից՝ շնորհանդեսը արեց։ Այսօր Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի նախագահն է։ Հարգելի՛ Միրզոյան, կապահովե՞ք Ազգային ժողովում Քոչարյանի գրքի շնորհանդեսը։ Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը կազմակերպողներից մեկն էլ Թագուհի Ղազարյանն էր, ով այսօր ԱԺ պատգամավոր է։ Հարգելի՛ Թագուհի, կարո՞ղ եք ապահովել Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսի անվտանգությունը Երևանում։ Մի չարչարվեք պատասխանել, սա հռետորական հարց է, գիտեմ՝ և՛ չեք ուզում, և՛ չեք կարող։

Դեռ օգոստոսին «սիրո ու հանդուրժողականության» հունվեյբիները Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալեցին՝ «Ռոբերտ մարդասպան» գոռալով։ Ասեցիք արյունարբու է, երկիրը թալանել է, միլիարդներ է կերել, անպատասխանատու ելույթներ, միայն մի նպատակով, որ ժողովրդի վարչապետի ու առաջին նախագահի քենը հանեն, ո՜նց կլինի ԼՏՊ֊ին գցել է գահից, հերիք չի, բացել են ՀՀՇ֊ի վերնախավի պատվիրած սպանությունների գործերը, սա էլ հերիք չի, բարելավել է երկրի տնտեսական վիճակը՝ ակամա ցույց տալով, որ ապաշնորհ են եղել նախկին կառավարիչները։ ԼՏՊ֊ն սանրել է սիրամարգի իր փետուրները, կախարդական ափսեն ձեռն է առել ու հարցրել՝ ո՞վ է ամենալավ ղեկավարը, ու այ քեզ անամոթություն, հայելին ուրիշի նկար է բերել, ո՜նց թե, սա էլ հերիք չի, չի թողել ԼՏՊ֊ի թայֆեն կրկին գահին վերադառնա, էն էլ որ թայֆեն, էն թայֆեն, որի մեջ ժողովրիդի վարչապետն էր, դե հիմա դու կտեսնես՝ խառնամբոխս էնպես կաշխատեցնեմ քո դեմ, էնպես, որ երկրում ինչքան դիակ կա, քո վրա կգրվի, ինչքան հանք կա քո վրա կգրվի, էնպես՝ որ ստվերդ էլ չկարողանա հայտնվել Երևանում։

Քանի՜ ամիս է Քոչարյանի դեմ քրեական գործ է հարուցված, երկրորդ ամիսն է նա բանտում է, բայց ոչ մի սպանության, ոչ մի թալանի մեղադրանք չկա։ Միայն մի փուչ գործ, որ մոգոնվել էր տարիներ առաջ ՀԱԿ֊ի գլխամասում ու այժմ տեղափոխվել իրավապահ մարմիններ դրան իրավական տարազ հագցնելու համար, բայց էնքան փուչ է, որ ամենավարպետ իրավաբան դերձակները՝ Լոնդոնում կրթված, չեն կարողանում տարազը կարել, չի ստացվում, տակից ԼՏՊ֊ական «կորսված գարունն» է դուրս պրծնում։

Ասում են, իշխանությունը գրաված մեկը, որ պարզել է Քոչարյանը հանք չունի, կատաղած կաբինետում գոռացել է՝ ո՞նց թե, Քաջարանը Քոչարյանինը չի՞, ո՞նց թե, ո՞նց թե...։

Խնդրեմ, այնպիսի Հայաստան ստեղծեցին Վրաստանում իրենց ազգակիցներին բռնաճնշողի գրքի պրոպագանդիստները, ուր անհնար է շնորհանդեսն անել մի գրքի, որի հեղինակը բանտում նստած է, և ով Արցախի բնակչությունը ադրբեջանական զորքի երախից փրկողներից մեկն է եղել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը