Մեկնաբանություն

30.01.2019 09:25


Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին (տեսանյութ)

Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին (տեսանյութ)

Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցին հիմա նշանակել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, իսկ նախարարությունը որոշել են լուծարել։ Երևի առաջնորդվել են «Կա Մակունց, կա Մշակույթի նախարարություն, չկա Մակունց, չկա նախարարություն» սկզբունքով։

Մակունցի՝ պատգամավոր դառնալուց հետո կառավարությունում ամուսնական կրքեր են հասունանում։

Ինչպես հայտնի է, Մշակույթի նախարարությունը ներառում են Կրթության և գիտության նախարարության կազմ։ Երբ նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվել են, թե երբ է տեղի ունենալու նախարարությունների միավորումը, նա պատկերավոր պատասխանել է. «Խոսք ուզելը տեղի է ունեցել, հիմա մենք օժիտն ենք քննարկում, հետո կանցնենք արդեն ամուսնական գործողություններին»։

Թե ինչ նկատի ունի նախարարի պաշտոնակատարը «ամուսնական գործողություններ» ասելով, թողնենք հանրության երևակայությանը։

Եթե նախարարությունների միավորումն ամուսնական հարթություն է տեղափոխվել, ապա պետք է պարզել, թե ով է հարսը, իսկ ով՝ փեսան։ Այստեղ մի քանի տարբերակ է հնարավոր։

Տարբերակ 1–ին

Եթե առաջնորդվենք մեր ավանդական տարբերակով, ու եթե հաշվի առնենք, որ Մշակնախն է գնում Կրթության նախարարության «տուն», ապա ստացվում է, որ հարսը Մշակույթի նախարարությունն է։

Փաստորեն, պարզվում է, որ Մշակույթի նախարարությունը իգական սեռի մարմին է, որը մի քանի տասնամյակ «տանն» է մնացած եղել, և ահա թավշյա ու դեռ մի բան էլ ոչ բռնի հեղափոխությունը հնարավորություն է տվել այդ նախարարությանը «մարդի» գնալ։ Կամ էլ այդ նախարարությունն այնքան «փչացած» է եղել, որ որևէ մեկը չի ուզեցել դրա հետ ամուսնանալ, բայց քանի որ հիմա իրավիճակ է փոխվել, ուստի փեսացու գտնվել է։

Տարբերակ 2–րդ

Մշակույթի նախարարությունը արական սեռի մարմին է։ Այդ դեպքում ստացվում է, որ այն տնփեսա է գնում Արայիկ Հարությունյանի «կանտոռա»։

Կա նաև այլ տարբերակ, ըստ որի՝ այս երկու կառույցներն էլ նույն սեռի են, բայց եկեք չխորանանք ...

Հիմա շատ կարևոր է, որ այս երկու կառույցները միմյանցից գլուխ հանեն ու ճանաչեն իրար։ Այլապես կստացվի այնպես, ինչպես հայտնի ֆիլմում, երբ փեսան ոչ մի կերպ չէր կարողանում հարսնացուին տեղը բերել։

Կարևոր է նաև, որ այս երկուսի ամուսնական գործողությունների պտուղը բարի լինի, և արանքում ուրիշ բան չհայտնվի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը