Մեկնաբանություն

01.03.2019 10:01


Մարտի 1–ի վարչապետը

Մարտի 1–ի վարչապետը

2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական զարգացումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը արդյունքի հասավ, քանզի առաջնորդվում էր ոչ թե հանրությունը բաժանելու, այլ միավորելու ճանապարհով։

Արդյունքի հասավ, քանզի առաջ էր քաշել սիրո և հանդուրժողականության սկզբունքը։ Պարզվում է, դա էլ էր հանրությանը խաբելու տեխնոլոգիա։ Ինչպես որ, օրինակ, արագաչափերն էր նա խոստանում վերացնել, բայց իշխանության գալով դրանք ավելացրեց, այնպես էլ սիրո և հանդուրժողականության սկզբունք էր քարոզում, որ հետո ճիշտ հակառակն անի։

Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը

Նիկոլ Փաշինյանն այժմ դարձել է հանրությունը պառակտելու խորհրդանիշ։ Նրա բոլոր ելույթները միասնության մասին գրոշի արժեք չունեն, քանզի գործնականում այլ բան է արվում։

Ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանը համազգային առաջնորդ դառնալու հայտ էր ներկայացրել, և կային բոլոր նախադրյալները, որպեսզի նա այդպիսին դառնար։ Սակայն հաշված ամիսների ընթացքում նա համազգային առաջնորդի կարգավիճակը փոխարինեց «Մարտի 1–ի վարչապետի» կարգավիճակով։

Փաշինյանը չհասկացավ, որ «Մարտի 1–ի վարչապետի» կարգավիճակն իրեն դարձնում է Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը։ Ընդ որում՝ անկախ իր կամքից, կամ Տեր–Պետրոսյանի ցանկությունից։

Արդեն իսկ ակնհայտ է, որ այսօրվա երթի, այսպես կոչված, գաղափարական մասն ապահովում է ՀԱԿ–ը, իսկ տեխնիկական մասը՝ «Իմ քայլը» (չհաշված լֆիկենց)։ Երթը գլխավորում է Տեր–Պետրոսյանը (ով, ամենայն հավանականությամբ, չի գա դեպքի վայր, ինչպես որ 2008–ին չեկավ), իսկ դիջեյությունը, մարդկանց գազազացնելը և ամբոխի տեղաշարժը կրկին Փաշինյանի վրա է (ինչպես 2008–ին)։ Միակ տարբերությունն այն է, որ այսօրվա գործողություններից հետո Փաշինյանը ոչ թե կփախչի ու կթաքնվի թերթի խմբագիրներից մեկի տանը (ում նա այսօր ուզում է զրկել գրասենյակից՝ թաքնվելով Հայկ Մարությանի հետևում), այլ կգնա կառավարական «դաչա» և կպատրաստվի Ալիևի հետ հանդիպմանը։

«Մարտի 1»–ի հոգեբանական կողմը

Տարածվող տեղեկությունների համաձայն՝ բոլոր վարչական ռեսուրսները գործի են դրվել «Մարտի 1»–ի երթի քանակային մասն ապահովելու համար։ Խոսվում է նաև, որ տարատեսակ մականունավորներ, որոնք «օլիգարխի» կարգավիճակը փոխարինել են «սեփականատիրոջ» կարգավիճակով, նույնպես լծված են «մասովկայի» ապահովման գործին։

Փաշինյանը «Մարտի 1»–ը փորձում է վերածել յուրօրինակ քաղաքական շոուի։ Շոուից բացի երթն ունենալու է նաև արտաքին լսարան. նա ուզում է դրսին ցույց տալ, որ «Մարտի 1»–ով քաղաքական հետապնդումներ է իրականացնում «հանրային պահանջով»։

Ի դեպ, 10 զոհերի հետ կապված որևէ քայլ չի արվել, որպեսզի բացահայտվեն հանգամանքները, թեև հայտարարվել էր, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտվել է։ Ցավալի իրականությունն այն է, որ զոհերն ու նրանց հարազատներն ընդամենը շահարկման ու մանիպուլյացիայի առարկա են դարձել, ոչ ավելին։

Այս ամենից զատ այսօրվա երթը նաև հոգեբանական կողմ ունի։

Քրեագիտությունից հայտնի է, որ հանցագործին միշտ ձգում է հանցանքի վայրը, և նա վերադառնում է այնտեղ, որտեղ տեղի է ունեցել գործողությունը։ Սա արդեն ենթագիտակցական ոլորտից է, որի դեմ անզոր է Նիկոլ Փաշինյանը։

Որքա՞ն կդիմանա նա «Մարտի 1–ի վարչապետի» կարգավիճակում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը