Կարծիք

04.03.2019 21:47


Որ երկրներից են ներդրումներ կատարվում Հայաստանում

Որ երկրներից են ներդրումներ կատարվում Հայաստանում

Աշխարհի բոլոր երկրների կառավարությունների քննարկման (ու նաև` խոստումների) ամենասիրելի թեման ներդրումներն են: Ամենազարգացած երկրներից մինչև զարգացողներինը:

Ներդրումները յուրատեսակ ցուցիչ են, որի աճի դեպքում բոլոր կառավարությունները նույնաբնույթ հայտարարություն են անում` «տեսե՛ք, տեսե՛ք՝ մեր երկիրը որքան լավն է, օրինապաշտ ու առողջ, որ միջազգային խոշոր ֆինանսական կառույցներն ու մեծահարուստները իրենց փողերը մեր տնտեսության մեջ են ներդնում»:

Մեր համարյա բոլոր կառավարություններն իրենց տնտեսական խոստումների մեջ էական տեղ են հատկացրել (և հատկացնում են) օտարերկրյա ներդրումների ծավալն ավելացնելուն: Երբեմն հաջողել են: Ավելի հաճախ` ոչ: Օրինակ՝ 2014 և 2015թթ. ներդրումների մեծ թվեր են արձանագրվել (167 441.9 և 118 409.3 մլն դրամ համապատասխանաբար): Հաջորդ երկու տարիներին ցուցանիշներն ավելի համեստ են եղել (նշենք, որ 2018-ի ներդրումների տվյալները դեռ հրապարակված չեն):

Պաշտոնական վիճակագրությունը երկու ցուցանիշով է հաշվարկում արտերկրից մտնող գումարները` անուղղակի և ուղղակի: Պաշտոնյաները ներդրումներից խոսելիս սովորաբար հրապարակում են անուղղակի թվերը: Որովհետև դրանք ավելի մեծ են, հետևաբար՝ ավելի ակնառու:

Նախորդ հինգ տարում Հայաստան ներդրումներ արվել են 94 ուղղություններով` հանքարդյունաբերությունից մինչև սպորտի, զվարճանքների և հանգստի կազմակերպման ոլորտներ: Բարդ չէ ենթադրելը, որ խոշոր ներդրումներ արվել են հիմնականում արդյունաբերության ոլորտում: Առաջին հերթին՝ հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի ու գազի ոլորտներում: Այսինքն, այդ «94 ուղղություն» ասվածը հետաքրքիր է միայն նեղ մասնագիտական տեսանկյունից: Բայց դա ինքնին արժեքավոր տեղեկատվություն է: Օրինակ՝ կարելի է արձանագրել, որ վերջին տարիներին մեր երկրի դեղագործության ոլորտում ներդրումներ չեն եղել: Չկան նաև էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրության ոլորտում: Եթե վերադառնանք խոշոր` հանքարդյունաբերության ներդրումների ոլորտ, ապա կարձանագրենք, որ այստեղ ներդրումների 97 տոկոսը կատարվել է Ջերսիի օֆշորային գոտուց:

Մեր երկրի ներդրումների մեջ իսկապես էական մասնաբաժին ունեն համարյա բոլոր համաշխարհային գոտիները (Վիրջինյան, Կայմանի կղզիներ, Ջերսի, Կիպրոս, Բելիզ, Սեյշելներ): Բայց սա համաշխարհային տնտեսությանը բնորոշ երևույթ է, և դա ամենևին էլ պետք չէ դիտարկել որպես մեր երկրի տնտեսության բացասական առանձնահատկություն: Միջազգային ֆինանսական կառույցներից միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է (ՎԶԵԲ) ուղղակի ներդրում կատարել մեր երկրում:

Հետաքրքիր է դիտարկել նաև ներդրող երկրների ցանկը: Մեր տնտեսությունը վերջին տարիներին հետաքրքրություն է առաջացրել մոտ 30 երկրում: Մեծածախ առևտրի ոլորտում, «բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից» (ինչպես նշվում է պաշտոնական հաշվետվություններում) պարբերաբար ներդրում գրանցվել է Հունգարիայի հետ: Հետաքրքիր փաստ է, եթե հաշվի առնենք, որ այդ երկրի հետ դիվանագիտական կապեր չունենք:

Ներդրումային հաշվառվող 94 ուղղություններում առավել հաճախ հանդիպող ընկերությունների ցանկն այսպիսին է՝ Գերմանիա և Շվեյցարիա. յուրաքանչուր երկրից ներդրում կատարվել է չորսական ուղղությամբ: Հաջորդը՝ վեց ուղղությամբ, Նիդեռլանդներն է և Ֆրանսիան: Մեր տնտեսության ինը ոլորտում ներդրումային մասնակցություն ունեն Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ–ը: Հետաքրքիր է, որ ԱՄՆ մասնակցության ոլորտները հիմնականում համընկնում են Ռուսաստանի տվյալների հետ:

Մեր տնտեսության մեջ ոլորտների բազմազանության և ծավալի առումով անհամեմատելի առաջատարը Ռուսաստանն է՝ 25 ուղղություն` տնտեսության հայտնի ոլորտներից մինչև շենքերի շինարարություն և մանրածախ առևտուր: Հնարավոր է, որ սա սպասելի ցուցանիշ է ու առանձնահատուկ վերլուծության կարիք չունի: Կարելի է նաև ենթադրել, որ 2018-ին էլ «ներդրող» երկրների ցանկում էական փոփոխություններ չեն եղել: Միակ ինտրիգ-սպասումը ներդրումների ֆիզիկական ծավալն է: Իսկ այն առայժմ պաշտոնապես հրապարակված չէ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը