Կարծիք

14.03.2019 11:15


Եթե անգամ դառնում են գործազուրկ, դրանից շահում է հայոց պետականությունը

Եթե անգամ դառնում են գործազուրկ, դրանից շահում է հայոց պետականությունը

Առաջիկայում Հայաստանում սպասվում է շուրջ տասը հազար քաղաքացու կրճատում: Քաղաքացիների, որոնք «Հավելյալ արժեք» չեն ստեղծում: Այսպիսի ձևակերպում էր արված փոխվարչապետի և ֆինանսների նախարարի միջև եղած գրագրությունում: Եթե անգամ տուժում են հավելյալ արժեք չստեղծող ՀՀ տասը հազար քաղաքացի, այսինքն` օպտիմալացման արդյունքում զրկվում են աշխատանքից, և դառնում են գործազուրկ, դրանից շահում է հայոց պետականությունը։

Օպտիմալացման քաղաքականությունը ինքնին բացասական երևույթ չէ: Զարգացած եվրոպական երկրներում նույնպես կարելի է հանդիպել օպտիմալացման, բայց վերջիններս դա անում են հաշվարկված՝ հաշվի առնելով Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջները՝ խորհրդակցել դրանց հետևանքները մեղմացնելու ուղիների և միջոցների վերաբերյալ, օրինակ` անդրադառնալով հարակից սոցիալական միջոցառումներին, որոնք, մասնավորապես, նպատակ ունեն օգնելու տվյալ աշխատողներին այլ աշխատանքում տեղավորմանը կամ վերուսուցմանը:

Ցավալի է, որ օպտիմալացման գաղափարը կառույցի օպտիմալացումից տեղափոխվեց անձնական դաշտ՝ աստիճանաբար վերածվեց մարդու աշխատանքային և անձնական որակներին գնահատականներ տալուն՝ «նման պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»:

Այստեղ խոսքը գնում է տասը հազար ՀՀ քաղաքացու մասին: Քաղաքացու, որ պետության և պետականության մի մասն են կազմում: Քաղաքացու, ում հանդեպ իշխանությունները ստանձնել են պարտավորություններ, հատկապես, երբ նրան հավաստիացրեցին, որ նա է այս երկրի տերը: Քաղաքացու, ում մասին պետք է հիշել ոչ միայն ընտրության ժամանակ քվե ակնկալելիս: Նրանց կյանքի որակի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է վաստակել այդ քվեին արժանանալու իրավունքը: Ի վերջո, իշխանությունները միայն սեփական թիմի և մերձավորների համար չեն, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

Եկեք արձանագրենք մի փաստ, խոսքը միայն տասը հազար մարդու մասին չէ, այլ տասը հազար ընտանիքի: Եվ այս ամենը ամենևին պոպուլիստական հայտարարություն չէ: Աղքատության հաղթահարման համար հռչակված՝ «Նպաստից դեպի աշխատանք և աշխատավարձ» սկզբունքի փոխարեն այս մոտեցման արդյունքում իրականում գործելու է ուղիղ հակառակ՝ «Աշխատանքից դեպի նպաստ, գործազրկություն» սկզբունքը:

Հանրության տեսանկյունից այս ամենը կարող է հասկանալի և դուրեկան լինել, իսկ իշխանության համար, քաղաքական առումով, շահեկան:

Բայց դա միայն առաջին հայացքից է և թվացյալ:

Ոչ ճիշտ հաշվարկված քայլերը կարող են բերել սոցիալական լարվածության խորացմանն ու գործազրկության աճին, ինչն էլ կնպաստի պետության սոցիալական դրական պարտավորությունների կրճատմանը և դրանց կատարման արդյունավետության ռիսկերի ավելացմանը:
Պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո, հաստիքների կրճատումը, պետք է իրականացվի խորքային վերլուծությունների, հաշվարկների ու կանխատեսումների արդյունքում: Այդ հաշվարկները չպետք է պայմանավորված լինեն անհատական հատկանիշներով, այլ պետք է բխեն ոլորտի կարգավորման արդյունավետությունից:

Եվ եթե նույնիսկ կոնկրետ աշխատատեղի կրճատումը խիստ հիմնավոր է տնտեսական արդյունավետության տեսանկյունից և անխուսափելի, ապա դա պետք է հաջորդի աշխատատեղեր ստեղծելուն ուղղված պետության հստակ և հավակնոտ տնտեսական քաղաքականությունը կյանքի կոչելուն:

Եվ հիմնավորումներից մեկը, որ այդ մարդկանց մի մասը իրավաբաններ և հաշվապահներ են և «էդ մարդիկ անգործ չեն մնա» կամ միգուցե ավելի լավ գործ գտնեն, խոսում է այն մասին, որ պետությունն իրեն ազատում է այս մարդկանց հանդեպ սոցիալական դրական պարտավորություններից: Իսկ ի՞նչ է արվել նրանց համար աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության իրագործման ուղղությամբ: Եթե ստեղծվեր այդպիսի հնարավարություն, այդ մարդիկ իրենք դուրս կգային պետական համակարգից: Ոչ ոք չի երազել հանրային ծառայողի ցածր աշխատավարձով աշխատանքի մասին, ինչ է՝ անունը չինովնիկ է: Բայց այս պահին այդ մարդիկ չունեն այլընտրանք, որովհետև չեն ստեղծվել անհրաժեշտ պայմաններ:

Եվ ուրեմն, տնտեսական արդյունավետության գնահատման հետ մեկտեղ՝ լավ կլինի գնահատել այդ մարդկանց համար այլընտրանք ստեղծելու ուղղությամբ արված աշխատանքը: Ի վերջո, խոսելուց բացի՝ գործի անցնել է պետք:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը