Կարծիք

14.03.2019 16:51


Փողոցը փակած սրճարանների աշխատակիցների ձայնը լսելով

Փողոցը փակած սրճարանների աշխատակիցների ձայնը լսելով

Մաշտոցի փողոցում նստած սրճարանի աշխատակիցը ջղային ասում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին.
–Վաղը դո՛ւք էլ եք կորցնելու ձեր գործը։
Տղան ի՞նչ իմանա, որ եթե Հայաստանում համատարած գործազրկություն էլ լինի, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցը գործը չի կորցնելու, ու էդպես էլ չի հասկանալու, որ եթե սրճարանը քանդեն, ինչ դժվար է լինելու նրա համար։

Ժամանակին մեծ բողոքներ կային գազոնների վրա սրճարաններ կառուցելու դեմ։ Եվ ոչ միայն սրճարաններ, նաև խանութներ, նայեք Շինարաների փողոցը՝ գազոնների վրա ամբողջ խանութներ են կառուցված։ Շատերը բոյկոտում էին գազոնների վրայի սրճարանները։ Սակայն ժամանակի ընթացքում դժգոհությունը մարեց, և այժմ դժվար է գտնել մեկին, ով հավատարիմ է մնացել իր բոյկոտին։

Օպերայի շրջակայքում գազոնների վրա կառուցված Կետիկնոց, «Մեղեդի» սրճարանները բազմաթիվ մտերիմներիս սիրած տեղերն են։ Ինչո՞ւ էս երկուսը, քանի որ նաև շատ էժան են, ու նաև մինչև ուշ գիշեր՝ 2-3֊ը, երբեմն՝ մինչև 4֊ը բաց են։
Արդեն 15 տարի է անցել, Օպերայի շուրջ սրճարանային կյանքի մի մշակույթ է ձևավորվել, ուր սիրում են այցելել զբոսաշրջիկները։ Սրճարաններն ու նաև խանութները վերակառուցվել են, տնտեսություններ ու աշխատատեղեր են գոյացել, և հիմա անարդար է առանց մարդկանց աշխատանքի հարցը լուծելու՝ վերականգնել նախկին գազոնները, ինչ է թե ճարտարապետական տեսքն ավելի կարևոր է։
Խնդրեմ, նախագիծը կարող են իրականացնել դանդաղորեն՝ ինչ–որ կոմպրոմիսային լուծումներ գտնելով, գազոն ու սրճարան համադրելով կամ այլ կերպ։ Թե՞ վախենում են չհասցնեն, բայց ինչո՞ւ պիտի չհասցնեն, հաջորդ ընտրություններին ինչքա՞ն մնաց։

Նվազող ու աղքատ Հայաստանի համար շռայլություն է առանց մարդկանց գործով ապահովելու, հանուն գազոնների՝ սրճարանները քանդելը։ Եթե քանդում էին, գոնե էն 200 հազար դոլարանոց տոնածառն առնելու տեղն էդ փողով սրճարանների աշխատողների պարապուրդը վճարեին։ Ուրեմն, կարծես պարզ է, որ աղքատ ու արտագաղթող երկրում առաջնայինը սոցիալական հարցերն են և ոչ թե դիզայնը։

Ի դեպ, Կինոմոսկվայի ամառային կինոթատրոնն էլ էին ուզում քանդել, որ վերկանգնեն ինչ–որ ժամանակ այդտեղ եղած եկեղեցին։ Բայց մարդիկ պայքարեցին, քանի որ շենքն ու նոր մշակույթն ավելի կարևոր էր, քան պատմաճարտարապետական արդարությունը։ Ի դեպ, պայքարողների մեջ կար նաև ճարտարապետ, ով այսօր «Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու անդամ է՝ Արսեն Կարապետյանը։

Սակայն Աբովյան֊Սայաթ Նովա խաչմերուկի Ակադեմիայի շենքը քանդեցին, որ, իբր, վերականգնեն նախկինում դրա տեղը եղած եկեղեցին։ Այն, ինչ կառուցեցին, հաստատ նախկին եկեղեցու հետ կապ չուներ։ Իսկ ակադեմիայի ինստիտուտներն էլ ծվարեցին ինչ–որ ուրիշ շենքերի սենյակներում։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը