Քաղաքական

23.03.2010 16:04


Արմեն Ռուստամյան. «Արտահերթ ընտրությունները միայն կսրբագրեն իշխանությունների սխալները»

Արմեն Ռուստամյան. «Արտահերթ ընտրությունները միայն կսրբագրեն իշխանությունների սխալները»

Արտահերթ ընտրությունների հավանականության և հնարավորության մասին խոսելիս «Ուրբաթ» մամուլի ակումբում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ արտահերթ կամ հերթական ընտրություններին Դաշնակցությունը մեծ կարևորություն չի տալիս, քանի որ իրենց համար շատ ավելի կարևոր է, թե քաղաքական ուժն ընդհանրապես ինչ ծրագրերով է ցանկանում իշխանության գալ։

Նա նշել է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ քաղաքական լուրջ ճգնաժամ է, և իրավիճակը շտկելու այլ հնարավորություն չկա։

-Մենք նման հեռանկար ևս չենք բացառում, դա շատ հնարավոր է, որովհետև քաղաքական ուժն ընդհանրապես պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ընտրություններին մասնակցել, եթե լուրջ քաղաքական ուժ է։ Մենք էլ այդ իմաստով պատրաստ ենք ցանկացած պահի, եթե իրադարձությունները կտանեն այդպիսի զարգացումների, և մեր մոտեցումները հստակ ունենք։ Սակայն հիմա չեմ կարող գնահատել, թե իրավիճակն իսկապես այնպիսին է, որ օր առաջ արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ,-ընդգծել է Ա. Ռուստամյանը։

Նա նշել է, որ ընտրություններին երկու տարի է մնացել, ինչը Հայաստանի համար շատ կարճ ժամանակ է։ Թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունները նույն տրամաբանության մեջ են տեղավորվելու, և նախընտրական մթնոլորտը Հայաստանում արդեն զգացվում է. «Արտահերթի ու հերթականի հարցը չէ այդքան կարևոր։ Կարևոր է բովանդակային առումով, թե ով ինչ լուծումներ ունի։ Եվ ամենակարևորը, որ մենք՝ քաղաքական ուժերով և հասարակությունով, պատրաստ լինենք նորմալ ընտրություններ անցկացնելու»։

Նա նշել է, որ եթե ընտրական համակարգը այս աստիճան արատավոր է, ընտրությունների արդյունքները միշտ էլ կասկած են առաջացնելու, և հետընտրական լարվածություն է լինելու. «Եթե այդպիսի ընտրություն պետք է լինի արտահերթի պարագայում, ես դեմ եմ։ Եթե մենք պատրաստ չենք ընտրական համակարգով նորմալ ընտրություններ անցկացնել, արտահերթ ընտրությունները միայն կսրբագրեն իշխանությունների սխալները»։

Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ ընտրություններն այնքան խեղաթյուրված են, որ հասարակության մոտեցումներն ու պահանջները դրանցով այսօր բացարձակապես չեն արտահայտվում։

-Առնվազն երկու տարին բավական ժամանակ է, որ կարողանանք ավելի պատրաստ լինել։ Եվ առնվազն խախտումներ, միևնույն է, լինելու են։ Բայց գոնե այդ խախտումների չափը կարողանանք սահմանափակել այնպես, որ 10-20% ձայն ստացածը հաղթող չճանաչվի,- նշել է նա։ 

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը