Կարծիք

23.03.2019 14:27


Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ, դիմում եմ ակնկալելով Ձեր անկողմնակալ միջամտությունը:

Հայտնում եմ, որ սույն դիմում-ահազանգով նպատակ ունեմ վերականգնելու մեր ընտանիքի կողմից կրած վնասները՝ հանցավոր համաձայնությամբ իրականացված ստորև նշված անձանց կողմից: Խնայելով Ձեր ժամանակը հակիրճ ներկայացնեմ եղելությունը:

2017 թ.-ին ՀՀ քաղաքացիներ Ռոբերտ Օրբելյանի (Ավտովեգ ԲԲԸ-ի տնօրեն, խոշոր բաժնետեր), Արմենակ Ադամյանի (սնանկացման գործով կառավարիչ) և Տավրոս Գևորգյանի (ընկերության գույքի գնորդ, 2012-2017թթ. ՀՀ ԴԱՀԿ ծառայության աճուրդների պետ, ՀՀԿ-կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու) կողմից հանցավոր համաձայնության արդյունքում ինձանից հափշտակվել է Երևանի Շիրակի 96 հասցեում գտնվող 1.000.000 ԱՄՆ դոլլար շուկայական արժեքով գնահատված 20.000 ք.մ տարածքը (հանդիսացել եմ տարացքի 50 % բաժնետերը): Ցանկանալով կատարվածի վերաբերյալ դիմել իրավապահ մարմիններին` 2017թ. նոյեմբեր ամսին ընկերոջս միջոցով ծանոթացել եմ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Եղիշե Պետրոսյանի հետ, որը ծանոթանալով կատարվածի հանգամանքներին, խոստացավ օրենքի սահմաններում զբաղվել այդ դեպքով, սակայն իմ դիմաց պայման դնելով, որ պետք է օգտվեմ իր կողմից մատնանշած փաստաբանի ծառայություններից` վճարելով 2 000 000 դրամ, հետագայում ևս 500,000 ՀՀ դրամ: Հետագայում իմացա, որ փաստաբան Ռոբերտ Դարբինյանը (ներկայումս հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա) երկար տարիների Ե.Պետրոսյանի մտերիմ ընկերն է:

Նշված դեպքի կապակցությամբ Շենգավիթի քննչական բաժնում 2017թ. դեկտեմբեր ամսին հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս ոչ մի լիարժեք միջոցառում չի իրականացվել, ավելին մտերիմներիս միջոցով ստացա տեղեկություն, որ դեռ 2018 թ. ապրիլյան հեղափոխությունից առաջ Տավրոս Գևորգյանը, օգտագործելով իր կուսակցական կապերը, գործի ընթացքը տարել է իրեն շահեկան ուղղությամբ և 25.02.2019թ անհիմն պատճառներով քննիչի որոշմամբ կարճվել է թիվ 58164617 քրեական գործը: Այս ընթացքում բազմիցս դիմել եմ թե՛ Ե.Պետրոսյանին, թե՛ քննչական բաժին, և թե՛ գործով փաստաբանին, սակայն միշտ ստացել եմ «լղոզված» պատասխաններ, թե իբր գործը ընթանում է իր բնականոն հունով: Հակառակը կարող եմ ասել, որ բազմիցս բանավոր հայտնել եմ քննիչին գործին վերաբերվող հստակ ապացույցներ, սակայն ոչ մի արձագանք չեղավ: 2018 թ. ընթացքում գործով փոխվել է մի քանի քննիչ, որոնք իրենց հերթին կրկին ոչ մի տեղաշարժ չեն արձանագրել: Գործով կան բազմապիսի մանրամասներ, կոռուպցիոն դրսեվորումներ, որոնց մասին կարող եմ հայտնել լրացուցիչ:

Պարոն վարչապետ, Ձեզ դիմելով հույս ունեմ, որ կհանձնարարեք համապատասխան հսկողություն իրականացնող մարմիններին, մանրամսն ծանոթանալու նշված գործի հանգամանքներին, և վստահեցնում եմ Ձեզ, որ օբյեկտիվ քննության դեպքում պարզվելու են շատ ու շատ անօրինական դրսեվորումներ, ինչպես նաև կապացուցվի իմ կողմից մատնանշած անձանց մեղքը:

Կանխավ շնորհակալ եմ:

Երևան քաղաքի բնակիչ

Հարություն Արշակի Քնարյան

Այս խորագրի վերջին նյութերը