Կարծիք

06.04.2019 10:10


Սուտ լուրեր տարածելու դեմ պայքարելու պրակտիկան հատուկ է միայն բռնատիրություններին

Սուտ լուրեր տարածելու դեմ պայքարելու պրակտիկան հատուկ է միայն բռնատիրություններին

ՀՀ սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է խոսքի ազատության մասին, ու եթե որևէ իշխանություն ֆեյքերի ու սուտ լուրեր տարածողների դեմ պայքարի անվան տակ փորձի սահմանափակել խոսքի ազատությունը, ապա մի գեղեցիկ օր անպայման կկանգնի դատարանի առջև՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով (չէ՞ որ ոչ մեկի իշխանությունը հավերժ չի տևում):

Բանն այն է, որ սուտ լուրեր տարածելու դեմ պայքարելու պրակտիկան հատուկ է միայն բռնատիրություններին, այսինքն այն երկրներին, որոնց մոտ չկա խոսքի ազատություն: Փաշինյանը երբ ԱԱԾ-ի տնօրենին հանձնարարում է, որ վերջինս սկսի պայքարել ֆեյքերի ու սուտ լուրեր տարածողների դեմ, պիտի այս ամենը շատ լավ գիտակցի:

Ես ինքս տանել չեմ կարող ֆեյքերին (ի դեպ, դրանց բացարձակ մեծամասնությունը հենց իրենց՝ իշխանություններին են աջակցում), բայց սոցցանցերում ֆեյք էջ բացելը հանցագործություն չէ և յուրաքանչյուր ոք դրա իրավունքն ունի, սա մեկ, և երկրորդ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի տարածել ցանկացած լուր, լինի դա ճշմարիտ, թե սուտ: Մարդն ազատ է իր մտածածն ու ուրիշից լսածը բարձրաձայնելու մեջ՝ առանց ճշտելու դրանց իսկությունն ու ճշմարտացիությունը: Սա մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, և հանցագործ է այն իշխանությունը, որը կփորձի արգելել մարդկանց այս իրավունքը:

Միայն պեդոֆիլիայի, բռնության, այլատյացության ու սուիցիդի քարոզն է արգելման ենթակա, մնացած ամեն բան ազատորեն կարելի է ասել ու գրել, և ոչ ոք դրա համար մարդկանց ԱԱԾ-ով սպառնալու իրավունքը չունի:

Եթե որևէ մեկը սուտ լուր է տարածում, որը ինչ-որ կերպ զրպարտություն կամ այլ վտանգներ է պարունակում իր մեջ, ապա հերքեք այն, և վերջ: Եթե կարծում եք, որ մարդը այդ սուտը դիտավորյալ է տարածում ձեզ զրպարտելու համար կամ այլ վնասակար նպատակների համար, ապա ապացուցեք նրա դիտավորությունը դատարանում, և նա ինքը կհերքի իր տարածած սուտ լուրը, ներողություն կխնդրի, և նույնիսկ քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Այնպես որ, մարդկանց իրավունքները սահմանափակելու ձեր հանցագործ գործունեությանը վերջ տվեք քանի դեռ ուշ չէ, հարգելի՛ հեղափոխականներ, մարդիկ հիմար չեն, բոլորի համար էլ հասկանալի է, որ դուք ոչ թե ինչ-որ ֆեյքերի ու նրանց կողմից տարածվող սուտ լուրերի դեմ եք ուզում պայքարել, այլ դրա անվան տակ այլակարծությունն ու խոսքի ազատությունն եք ուզում արգելել, դուք ուղղակի ուզում եք լռեցնել ձեզ քննադատողներին ու ճշմարտության մասին բարձրաձայնողներին:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը