Մեկնաբանություն

08.04.2019 10:15


Մանվելի փոխարեն Սասունը. «Ով էշ՝ ես փալան» (տեսանյութ)

Մանվելի փոխարեն Սասունը. «Ով էշ՝ ես փալան» (տեսանյութ)

Թեև Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ եթե իրեն խնդրեն ու աղաչեն, ապա ինքը, միևնույն է, Երկրապահ կամավորականների միության նախագահ չի դառնա, բայց դարձավ։

Սասունը նաև ասում էր, որ ԵԿՄ նախագահ դառնալն իր մտքով ոչ անցել է, ոչ էլ կանցնի։ Բայց անցավ։

Փաստորեն, մի բան ասելն ու ճիշտ հակառակ բանն անելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ընդունված խաղի կանոն է, և այդ կանոնին հետևում են ոչ միայն «ժողովրդի վարչապետ» դարձած Նիկոլ Փաշինյանը, այլ նաև Սասուն Միքայելյանն ու մյուսները։

Եվ այս մարդիկ իշխանության եկան, իբր, սուտն ու խոսքից հետ կանգնելը մերժելու կարգախոսներով։ Կյանքը ցույց է տալիս, որ նրանք մերժում էին ոչ թե սուտը, այլ պայքարում էին հանուն այն բանի, որ իրենք ստեն։

Ինչ մնում է ԵԿՄ–ն վերցնելուն, ապա Նիկոլ Փաշինյանը գնում է այն ճանապարհով, որը գցել էր Լևոն Տեր–Պետրոսյանը։

ԵԿՄ–ն 1–ին նախագահի կողմից ստեղծվեց որպես քաղաքական գործիք։ Այդ գործիքն օգտագործվեց 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ ու հետագայում դարձավ պատուհաս հայ ժողովրդի գլխին։ ԵԿՄ–ն դարձավ օրվա իշխանությանը կից «օրինականացված» բանդա։ Այդ բանդայի գլխավոր կարգախոսն էր «Ով էշ՝ ես փալան»–ը։ ԵԿՄ–ն երկու անգամ մի փոքր շեղվեց այդ կարգախոսից, բայց հետո շատ արագ շտկվեց ու շարունակեց իր «փալանությունը», այն է՝ օրվա իշխանության տակ «պառկելը»։

Հիմա ԵԿՄ–ն կցվել է պատերազմի հետ կապ չունեցող, մինչիշխանափոխական ժամանակահատվածում ԵԿՄ–ն քննադատած, տարիներ շարունակ քիրվայություն քարոզած, բանակում չծառայած ու վարչապետի կարգավիճակում Արցախի բանակցային գործընթացում պատասխանատվությունից փախչող Փաշինյանին։ Ասել է թե՝ բովանդակային առումով բան չի փոխվել։ Պատգամավոր ու իշխանությանը կից ԵԿՄ նախագահ աշխատող Մանվել Գրիգորյանին ԵԿՄ նախագահի դերում փոխարինել է պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Մանվելի տղային քաղաքապետի պաշտոնում փոխարինել է Սասունի տղան։ Տարբերությունն այն է, որ Մանվելի տղան Էջմիածնում էր, իսկ Սասունի տղան Հրազդանում է։

Տեղին է հիշեցնելը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական «պապան»՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ հույս ունեին, որ կիսառազմական այդ բանդան՝ ԵԿՄ–ն, կմիանա իրենց, ու իշխանությունը կվերցնեն։ Դրա համար ինքնամոռաց «Մա՛ն–վե՛լ» էին վանկարկում։ Մանվելը վերջին պահին վախեցավ ու չմիացավ։ Լևոնենք մանթրաժ ընկան։ Ու հիմա Նիկոլը 2008–ի մուռն է հանում Մանվելից, այլ ոչ թե օրինականություն է հաստատում։

Լրագրող ու ընդդիմություն աշխատող Նիկոլը ժամանակին ոչ թե դեմ էր իշխանություններին կցված կիսառազմական բանդայի գոյությանը ու դրա համար էր քննադատում ԵԿՄ–ին, այլ ուզում էր, որ այդ բանդան աշխատի իրենց օգտին։ Հիմա արդեն կաշխատի։ ԵԿՄ–ում, ինչպես միշտ, դեմ չեն օգտագործվելուն։ Գործարքը փոխշահավետ բնույթ է կրում։ Մանավանդ որ դա պետական բյուջեի հաշվին է միշտ լինում։ Հպարտ քաղաքացու վճարած հարկերից։

Գըմփ–գըմփ–հո՛ւ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը