Կարծիք

23.04.2019 10:34


Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք

Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք

Երեւանի պետական համալսարանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծումը կառավարության խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է եւ բոլորով պետք է լուծենք այդ խնդիրը։

Բայց հայ ժողովուրդը արդեն լուծել է այդ խնդիրը՝ այն պատգամելով ձեզ աշխարհի ամենաժողովրդավարական ընտրություններով։ Ուրիշ դեպքերում նեղանում եք, ասում եք՝ էդ ո՞նց ես խոսում ժողովրդի կառավարության հետ։ Դե ուրեմն, ժողովրդի կառավարություն, գնա ու լուծի այդ խնդիրը, մեր վրա մի ցրի քո պատասխանատվությունը։

Թե՞ ձեզ թվում էր, որ մանդատը տրվել է զուտ Մանվելին նստացնելու ու Քաղաքացու օրը տոնելու համար։ Ո՛չ, առաջին հերթին տրվել է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Երբ պայքարում էիք մանդատի համար, շատ լավ էլ գիտեիք, որ կա բանակ չուղարկելու խնդիր, կա ՀԴՄ չխփելու խնդիր, կան տնտեսական խնդիրներ Ղարաբաղի հարցում, կան աշխարհքաղաքական խնդիրներ։ Դուք պահանջեցիք մեր քվեն, որպեսզի այդ ամենով հանդերձ լուծեք Ղարաբաղի հարցը։

Հետո դա ի՞նչ ճարպկամտություն է․ Երրորդ Հանրապետության ոչ մի իշխանություն չի եկել առանց Ղարաբաղի լուծման մասին պատկերացում ունենալու, այդ դո՛ւք եք, որ ասել եք, թողեք գանք իշխանության, այդ հարցի մասին հետո կխոսենք, դուք էիք, որ ամեն ինչ խառնեցիք իրար այնպես, որ այդ մասին իշխանության գալու ընթացքում չխոսվի։

Հիմա եկել եք իշխանության, ուրեմն գնացեք ու լուծեք։ Ձեր 70+ տոկոս քվեն վերցրել եք, որ էլ ի՞նչ անեք։ Ու ժողովրդին բավական է խառնեք այս հարցերին, ժողովուրդը մի անգամ իր խոսքն ասել է՝ ձեզ քվե տալով։ Հիմա ի՞նչ անի ժողովուրդը՝ հաստոցի մոտ աշխատի․ դաշտում քաղհան անի, տաքսի քշի, որ այդ փողերից հարկեր մուծի ու ձեզ աշխատավարձ տա, որ դուք գնաք այդ հարցը լուծեք, թե՞ մարշրուտկա քշելուն զուգահեռ մի հատ էլ Ալիեւի հետ բանակցի այդ հարցում։

Գնացեք ու լուծեք, եթե չեք կարողանում՝ խոստովանեք ու հեռացեք։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը