Մեկնաբանություն

27.04.2019 18:05


Նիկոլի խորովածն ու քաղաքացու օրը

Նիկոլի խորովածն ու քաղաքացու օրը

Նիկոլ Փաշինյանը մի քիչ համեստություն է արել։ Նա իրականում կուզենար ոչ թե օրենսդրորեն «քաղաքացու օր» սահմանել, այլ «Նիկոլի օր», բայց քանի որ դեռ որոշակի կաշկանդվածություն կա, քայլարածների ղեկավարը բավարարվել է «քաղաքացու օր» հայտարարելով։

Եթե նա կարողանա երկար մնալ իշխանության (շատ բարդ խնդիր քայլարածների առաջնորդի համար), ապա հաստատ «Նիկոլի օր» կսահմանի, քանզի նրա համար իր կյանքը, ավելի ճիշտ՝ հայ ժողովրդի կյանքը, հազարամյա պատմությունը և ընդհանրապես մարդկության անցած ուղին բաժանվում են մինչև Նիկոլի իշխանության գալու ժամանակահատվածի և Նիկոլի իշխանության գալուց հետոյի։

Ըստ քայլարածների առաջնորդի՝ մարդկությունը մինչև հիմա ապրել ու վերջապես հասել է Նիկոլի թվին։ Այդպես է լինում, երբ հաճախորդը դառնում է կուռք, իսկ մերժող ժողովուրդը՝ կռապաշտ ամբոխ։

«Քաղաքացու օրը» Նիկոլենց համար, իրոք, ամեն ինչից ու հատկապես Արցախյան ազատամարտից ավելի կարևոր է, քանզի ազատամարտը իրենց նմաններին իջեցրել էր ջրի հատակը, իսկ ահա «թավշյա» ալիքը հնարավորություն է տվել ջրի տակի կեղտին բարձրանալ վերև ու փրփուրի հետ խառնվելով՝ «գըմփ–գըմփ–հո՛ւ» անել։

Ինչ տեսք ու հոտ ունի «թավշա» խորհրդանիշը

«Թավշա հեղափոխությունը» բազմաթիվ խորհրդանիշներ ունի՝ «դուխով» գրությամբ գլխարկը, թմբուկը, Չալո անունով շունը, «Աշոտի տատիկը», իսկական տատիկը, բարձրախոսը, Նիկոլի քրտնած ու օրերով չփոխած շապիկը, Նիկոլի՝ վաղուց լավացած, բայց այդպես էլ վիրակապից չազատված ձեռքը (հնդկական սերիալի սիրահարների թույլ սրտերի համար նախատեսված), թրաշը, ուսապարկը, սելֆիի ձողիկը, Նիկոլի հետհեղափոխական հազը, Զարուհու ձեռքից խլվող բարձրախոսը...

Խորհրդանիշներից են նաև փակ փողոցն ու փողոցում արվող խորովածը։

Իշխանափոխությունից հետո այսօր նշվում է «քաղաքացու օրը»։ Օրն, ի վերջո, վերածվեց «գեղցիների» խորոված անելուն ու «դուռում» ուտելուն։ Սա էլ է շատ խորհրդանշական։

Նախորդ իշխանություններին խորոված ու քյաբաբ ուտելու մեջ մեղադրող Նիկոլն ու պլեբսը խորովածի հետ են ասոցացնում «քաղաքացու օրը»։ Սա ենթագիտակցական մակարդակի վրա է։

Նախկիններին խորոված ու քյաբաբ ուտող ներկայացնելը բացասական իմաստով էր արվում։ Խորոված ուտող իշխանավորն ասոցացվում էր կոռումպացվածի, թալանչու և հոգևոր արժեքներից զուրկի հետ։ Հիմա պարզ դարձավ, որ նախկիններին պատկերավոր ձևով խորոված ուտելու մեջ մեղադրողները ոչ թե նյութականն էին մերժում ու հակադրում դրան հոգևորը, այլ իրենք էին ուզում խորոված ուտել, ընդ որում՝ բառիս բուն իմաստով։

Նախկինում, ի դեպ, կոռուպցիան էլ էին սրանք քննադատում։ Հետո պարզ դարձավ, որ քննադատում էին, քանզի... իրենք չէին ներգրավված կոռուպցիայի մեջ, իսկ հենց ձեռքները պաշտոն ընկավ, սկսեցին թալանը։ Կոռուպցիա քննադատողներն են այժմ կոռուպցիայի մեջ թաթախված ու նախկիններին այդ առումով գերազանցում ու գերազանցելու են բազմապատիկ ձևով։

Վերադառնալով Երևանի կենտրոնը խորովածանոցի վերածելու այսօրվա «ֆլեշմոբին»՝ ասենք, որ խորովածը կուշտ կյանքի հետ է ասոցացվում բոմժերի, պլեբեյների ու մյուսների համար։ Փողոցում եփվող խորովածով Նիկոլն ուզում է նաև առատության ու կշտանալու պատրանք ապահովել՝ ձեռքի հետ հաղթահարելով սեփական սովածությունը ենթագիտակցական մակարդակով։

Խորոված անելը և փողոցում ցուցադրաբար ուտելը սեփական ուղեղում և հոգում աղքատությունը հաղթահարելու վարժություն են։ Ծիսակատարություն։

Խորովածը հայկական քյարթիզմի ու ախպերիզմի միասնության խորհրդանիշն է։ «Քաղաքացու օրը» փողոցում խորոված ուտելու հետ նույնացնելը քյարթիզմի ու ախպերիզմի ինտեգրմանը միտված քայլ է։

Նիկոլն ուզում է ուրախության ու քեֆի պատկեր ստանալ, բայց վերադառնում է իր՝ խոզ քերթելու «վաղնջական» ժամանակներին։

Հեղափոխությունը բուրում է խոզի յուղի վառվող հոտով։ Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը յուղ է վառում։ Թեև պետք է դմակի հոտ գար այս ամենից, քանզի «հպարտ» քաղաքացուն հիմնականում կենտրոնացրել են ոչխար պահելու ուղղությամբ։

Ինչպես ստացվեց «թավշյա հեղափոխությունը»

Նիկոլը «քցել» է «թավշյա հեղափոխության» առաջին օրերի վկաներին։ Ավելի ճիշտ՝ ոչ թե «քցել» է, այլ նրանց է նվիրում տարվա մյուս օրերը, իսկ ահա «քաղաքացու օրը» խորովածինն է։

«Թավշա հեղափոխության» առաջին օրերին Նիկոլին միացան պոչիկով մազերով փափկասուն տղաներն ու բրուտալ աղջիկները, ուսապարկով «ջակիջուկիները» և լեզբիները, հոմոսեքսուալներն ու բիսեքսուալները։ Ժողովուրդը ուշադիր հետևում էր ու պատրաստ էր կռիվ տալուն։ Մի քիչ թերահավատ էր մերժելուն պատրաստ ժողովուրդը, քանզի գիտեր կամ զգում էր, որ գործ ունի հաճախորդի հետ։

Ապրիլի սկզբում փողոցում հնչում էր հիմնականում ռոք ու փոփ երաժշտություն։ Հետո եկան ՀՀԿ–ական ճամբարափոխ «տասովշիկները», քուչի տղերքը, ռաբիս լսողներն, ու փակված փողոցում տարածվեց խորովածի հոտը։

«Թավշյա հեղափոխությունը» ստացվեց, քանզի լեզբուհիները միացան քյարթերին։ Կամ հակառակը։ Ժողովուրդը հայտնվեց սրանց արանքում՝ չզգալով, որ մերժողից վերածվում է կռապաշտի։ Հավաքվածներին այլ բան ցույց տվեցին ու այլ գաղափարով հանեցին մարտի, բայց վերջում «դայաղ» արեցին Նիկոլին։ Թեման պրծավ, բայց շոուն մինչև հիմա շարունակվում է։

Ծիածանագույն դրոշը համախմբվեց «ծիծակ» կոշիկի հետ, և արդյունքում Նիկոլը դարձավ «ժողովրդի վարչապետ», քանզի ավելի լայն համախմբում դժվար էր պատկերացնել։ Հիմա բնական է, որ Նիկոլենք պետք է նշեն այդ ամենը։ Նշում են բյուջեի հաշվին, նշում են խորովածով, քանզի այլ երևակայություն չկա, համ էլ խորովածի վրա փող դուրս գրելը հեշտ է։

Առանց քաղաքացու «քաղաքացու օր» նշելը նույնն է, ինչ առանց հարսի ու փեսայի հարսանիք անելը։

Նախորդ տարվա ապրիլը սպասված էր, բայց այն խեղաթյուրվեց, սեփականաշնորհվեց ու դարձավ մեկ մարդու տոնակատարություն։ Քաղաքացին պարտվեց։ Հաղթեց հակահեղափոխությունը։ Եվ ուրեմն, փրկենք հեղափոխությունը հեղափոխականներից, որպեսզի քաղաքացին իրոք հաղթանակ տանի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը