Կարծիք

29.04.2019 10:25


Ասել, որ երկրում համակարգված կոռուպցիա չկա, առնվազն անհեթեթություն է

Ասել, որ երկրում համակարգված կոռուպցիա չկա, առնվազն անհեթեթություն է

Կաշառակերությունը կոռուպցիայի դրսևորումներից մեկն է ընդամենը, կոռուպցիան շատ ավելի լայնընդգրկուն երևույթ է, օրինակ երբ մասնագիտական հմտություններ ու աշխատանքային փորձ չունեցող, բայց քայլող ջահելներին բարձր պաշտոններ են շնորհում, դա նույնպես կոռուպցիա է, քանի որ մարդը պաշտոն է ստանում ոչ թե իր մասնագիտական կարողությունների ու աշխատանքային վաստակի, այլ ընդամենը ակտիվիստ լինելու շնորհիվ: Սա ցույց է տալիս, որ կառավարությունը շահագրգռված է ոչ թե էֆեկտիվ աշխատելու, այլ ամեն գնով իշխանություն պահելու հարցում (ակտիվիստները այդ իմաստով արհեստավարժ, բայց չքաղաքականացված մարդկանցից շատ ավելի հուսալի են):

Օրինակ, նախկինները տարբեր ոլորտների ու համայնքների ղեկավարներին գնահատում էին՝ ելնելով ոչ թե նրանից, թե ինչ են արել այդ ընկերները իրենց վստահված ոլորտը կամ համայնքը զարգացնելու համար, այլ թե ինչքան ձայն են բերել նրանք ընտրությունների ժամանակ: Հիմա նույնն է լինելու, քանի որ նորերին նույնպես հետաքրքրում է միայն և միայն իրենց իշխանությունը ամեն գնով պահելը, այլ ոչ թե երկիրը զարգացնելը:

Կամ միամիտ այն մարդիկ, որոնք հավատացել են, թե այլևս կոռուպցիա չկա երկրում, չե՞ն մտածել գոնե մեկ անգամ, թե ինչո՞ւ հանկարծ բոլոր խոշոր (և ոչ միայն) տնտեսվարողները տիկին Աննա Հակոբյանի բարեգործական հիմնադրամի հաշվին հանգանակություններ արեցին, չէ՞ որ եթե տիկին Հակոբյանը այդ հիմնադրամը բացեր մինչև իր ամուսնու վարչապետ դառնալը, այդ տնտեսվարողներից և ոչ մեկը անգամ մեկ դրամ չէր նվիրաբերի նրա հիմնադրամին: Իսկ հիմա նվիրաբերում են, որովհետև հասկանում են, որ եթե չանեն դա, ապա իշխանությունը կսկսի ռեպրեսիվ մեթոդներով խոչընդոտել իրենց բիզնեսների գործունեությունը: Հիմա սա կոռուպցիա՞ է, թե ոչ:

Ու ընդհանրապես արդեն մի քանի անգամ գրել եմ, հիմա նորից կրկնվեմ, ստվերը կոռուպցիայի ուղիղ ցուցիչն է, եթե տնտեսության մեջ կա ավելի քան 35% ստվեր, ապա ասել որ երկրում համակարգված կոռուպցիա չկա, առնվազն անհեթեթություն է: Առևտրային ցանցերում ու փոքր խանութներում ՀԴՄ կտրոն պահանջելով կարելի է այդ հսկայական ստվերի մի աննշան մասը վերացնել միայն, կամ ասենք ինքնազբաղվածներին հարկային դաշտ բերելով ևս մի շատ չնչին տոկոսով կարելի կլինի այդ ցուցանիշը բարելավել, սակայն մեր երկրում ստվերի հիմնական մասը ոչ թե հետևանք է վատ հարկահանության կամ վարչարարության, այլ հետևանք է համակարգային կոռուպցիայի, ու պետք չէ մարդկանց մոտ կեղծ կարծրատիպ ձևավորել, որ մեր երկրում այլևս չկա այդ կոռուպցիան, այն կա ու նրա մասին խոսելը արգելելով մեր նոր կառավարությունը ոչնչի չի հասնի:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը