Կարծիք

07.05.2019 18:40


Արթուր Դավթյանն անգրագիտությա՞ն, թե՞ խաբեության արանքում

Արթուր Դավթյանն անգրագիտությա՞ն, թե՞ խաբեության արանքում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Նամակում մասնավորապես ասված է․ «Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։Ղարաբաղի գործող և նախկին նախագահները դիմումում հույս են հայտնում, որ Հայաստանի գլխավոր դատախազն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:

Ակնհայտ է, որ սա ոչ միայն Արցախի երկու նախագահների անձնական տեսակետ-խնդրանքն է, այլ ամբողջ ժողովրդի։

Գլխավոր դատախազությունը քիչ առաջ արձագանքել է նախագահների դիմումին, որից դատելով կարող ենք ասել, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջին վիճակագրական անգրագետ է, կամ էլ իր վրայից պատասխանատվությունը ցրելով` մի ոչ իրավաբանական լոլո է կարդացել։

Դատախազությունից տարածել են հետեւյալ հաղորդագրությունը․ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաեւ Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

Մինչդեռ քանի դատարանը գործը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, գործը դատարանի վարույթում չէ, նշանակում է, որ դատարանը չի կարող այս պահին որոշում կայացնել խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։ Իսկ քանի որ գործը դեռ դատարանի վարույթում չէ, հետեւաբար այն գտնվում է նախաքննության մարմնի՝ դատախազի տիրույթում։ Հետեւաբար համարել սա անգրագիտություն, թե մանր սրիկայություն, արդեն ընթերցողի գործն է։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի քննությունը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Նա այն չորս դատավորներից մեկն է, ովքեր ավելի վաղ հրաժարվել էին քննել Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը:

Անի Սահակյան

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը