Կարծիք

13.05.2019 09:44


«Քաղաքացիական» կոռուպցիա (տեսանյութ)

«Քաղաքացիական» կոռուպցիա (տեսանյութ)

Հանրային գիտակցության մեջ կոռուպցիոները փողկապավոր ու հաստափոր, միջինից բարձր տարիքի պաշտոնյան է կամ մականունավոր պատգամավորը։ Սրանք «դասական» կոռուպցիոներներն են։ Բայց կան նաև ոչ դասականները՝ ժամանակակիցները և «առաջադեմները»։

Ժամանակակիցները ջինսերով են, ուսապարկով ու ջահել։ Սրանք հանդես են գալիս երիտասարդ «պայքարիստի» պիտակի տակ ու բոցաշունչ ճառեր արտասանում մաքուր հայրենիք ունենալու թեմայով, բայց ոչ մի կապ չունեն Հայաստանի իրական շահերի հետ. սնվում են կասկածելի ֆինանսական աղբյուրներից ու ծառայում չբացահայտված նպատակների։

Ժամանակակից կոռուպցիոներները հաշվետու չեն հանրությանը։ Նրանք ներկայանում են որպես բնապահպաններ, քաղաքի տեսքի համար պայքարողներ, հանքատյացներ և այլն։

Ժամանակակիցները «քաղաքացիական» կոռուպցիոներներ են։ Սրանք գործում են ահաբեկիչների պես, այսինքն՝ փոքր խմբերով բարձրացնում են մեծ աղմուկ։ Այդ աղմուկի տարածմանը նպաստում են համապատասխան լրատվամիջոցները, որոնք նույն կոռուպցիոն սխեմաների մեջ են մտած։

Բերեմ մեկ օրինակ, մնացածն ինքներդ կարող եք թվարկել։

Վարդանյանների ընտանիքի կողմից մայրաքաղաքին նվիրած Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին բացվելուն պես մարդաշատ է դարձել։ Այսինքն՝ սիրվել է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կողմից։ Բայց նույն այդ մարդիկ պետք է հետ նայեն ու որոշ հարցեր տան իրենք իրենց։

Բանն այն է, որ այգին այդ ևս մեկ անգամ բացահայտեց, որ մեզ մոտ կա կոռուպցիայի ուշագրավ տարատեսակ՝ «քաղաքացիական» կոռուպցիա։

Եթե հիշում եք, այգու շինարարության ընթացքում «քաղաքացիական ակտիվիստ» ներկայացողները կոկորդ ու մարմնի այլ մասեր էին պատռում, թե բա՝ հարա՜յ, հասե՜ք, քաղաքն ավերում են, թույլ չենք տա դա, և այլն։ Դա արվում էր հետհեղափոխական շրջանում, երբ խնդիր էր դրվել նախորդ քաղաքապետին փոխարինել հեղափոխական քաղաքապետով։

Կոկորդ և մարմնի այլ մասեր պատռողները «Իմ քայլից» են կամ քայլարածամերձ շրջանակներն են ներկայացնում։

Հիմա որևէ մեկը նրանցից կամ նրանց առաջնորդից չի՞ ուզում պատասխան պահանջել այն վայրենության համար, որ տեղի ունեցավ շինարարության փուլում։

Երբ որ հպարտ ու դուխով մասնակցում են այգու բացմանը, չե՞ն ուզում անդրադառնալ «քաղաքացիական» կոռուպցիոներներին ու գնահատական տալ այդ «քաղաքացիական ահակբեկիչներին»։

Թե՞ կասկածելի ֆինանսավորմամբ գործողների համար կարևորը տվյալ պահին շինարարական տարածքը փակող պաստառները պոկելն ու առաջադրանքը կատարելն էր։

Հ.Գ.։ Մեր օրերի խաչիկստամբուլցյանները դեռ շատ ավերածություններ են գործելու։ Հեղափոխական իշխանության բարձր հովանու ներքո, բնականաբար։ Կամ էլ՝ հեղափոխական իշխանության անգործության պայմաններում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը