Լրահոս

01.04.2010 16:53


Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շուրջ. կարծիքներ Գյումրիից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին խոսակցությունը Գյումրու հասարակության տարբեր խավերում լայն քննարկման թեմա է դարձել: Իսկ կուսակցությունների մարզային ներկայացուցիչները խիստ զգուշավորությամբ են արտահայտվում այդ թեմայով՝ երևի առաջնորդվելով «Շառից, փորձանքից հեռու» տրամաբանությամբ: Առավել քան զգուշավորություն են ցուցաբերում հանրապետականները:

«7օր»-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին, ՀՀԿ Գյումրիի 3 տարածքային կազմակերպության ղեկավար Բորիս Ալեքսանովը պատասխանել է. «Գիտե՞ք՝ երևի թե ոչ մեկին իրավունք վերապահված չէ դրական կամ բացասական որոկավորում տալ. ինքն է որոշում իր անելիքը»:

«Իսկ Հանրապետական կուսակցությունը կցանկանա՞ր Ռ. Քոչարյանին մեծ քաղաքականության մեջ տեսնել» հարցին Բ. Ալեքսանովի պատասխանը կրկին զգուշություն էր պարունակում. «Ես միայն իմ անունից կարող եմ ասել. իր վերադարձով Հանրապետականի համար դրական կամ բացասական բան չի կարող լինել: Պարզապես եթե ինքն իր մեջ ուժ է գտնում մեծ քաղաքականություն վերադառնալ և իր ռեսուրսներով Հայաստանի քաղաքական դաշտում եղանակ ստեղծել, իր գործն է: Քաղաքականության մեջ հենց այնպես չեն մտնում»,-ասել է Բորիս Ալեքսանովը:

Նույն հարցի կապակցությամբ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը պատասխանել է. «Ինչպե՞ս կարելի է հնարավոր համարել մի մարդու վերադարձը քաղաքականություն, ով 10 տարվա ընթացքում հաջողացրել է երկրի տնտեսությունը հասցնել գահավիժման, քաղաքական դաշտը՝ ամայացման, ժողովրդին՝ բարոյալքման ու ծայրահեղ չքավորության, երկիրը՝ դատարկման, սոցիալական բևեռացվածությունը՝ 0-ից 4 միլիարդի, կլանային համակարգի արմատավորման ու կոռուպցիայի ծաղկման և, վերջին հաշվով, այն արժեհամակարգի պղծման, որը մեր ժողովուրդը վերագտել էր համազգային զարթոնքի շնորհիվ»:

Հարցին՝ եթե Քոչարյանը վերադառնա, ՀԱԿ-ը ո՞ւմ դեմ է պայքարելու՝ Ռ. Քոչարյանի՞, թե՞ Ս. Սարգսյանի, Մ. Գրիգորյանը խուսափել է ըստ էության պատասխանելուց:

«Սարգսյանի և Քոչարյանի միջև կոնֆլիկտին չեմ հավատում. վերջին մի քանի տարիներին նման բլեֆների շատ ենք ականատես եղել, երբ դրածո ընդդիմություն էին պահում: Ես՝ որպես քաղաքական գործիչ, իմ պայքարի գերնպատակն եմ համարում Հայաստանը Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տեսակից ազատելը, այնպես որ Քոչարյանի վերադարձը հնարավոր եմ համարում միայն Հաագայի դատարանի հարցերին պատասխանելուց հետո, դրանից հետո նա կարող է հավակնել նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պոստին. ՀՀ վարչապետի աթոռը նրան քիչ կլինի»:

Իսկ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի կարծիքով Դաշնակցության համար Ռ. Քոչարյանի վերադարձով իրենց համար քիչ բան է փոխվելու.

«Ենթադրում եմ, որ մեզ համար շատ բան չի փոխվելու, որովհետև այդ վերադարձը կնշանակի համակարգի ներսում վերադասավորումներ, ինչի մասին մենք ժամանակին շատ ենք ասել: Եթե Քոչարյանի վերադարձը կենթադրի համակարգային փոփոխություններ, ինչը մենք ենք ուզում, այդ փոփոխությունների համատեքստում ցանկացած մեկի վերադարձ մեզ համար ընդունելի է»:

Հարցին, թե հավատո՞ւմ է, որ Ռ. Քոչարյանի վերադարձով հնարավոր կլինի նշված փոփոխություններն անել, Արտակ Ավետիսյանը պատասխանել է. «Մասնակի փոփոխություններ հավատում եմ, որ կարող է Քոչարյանն անել, բայց գլոբալ համակարգային փոփոխություններ չենք սպասում: Քոչարյանի անցյալը նկատի ունենալով՝ մասնավորապես կենթադրվի, որ փոփոխություններ ակնկալեք ԼՂՀ-ի հարցում և հայ-թուրքական հարաբերություններում: Բայց որ ենթադրենք, թե տնտեսական հրաշք տեղի կունենա, և օլիգարխիկ կլանային տնտեսությունը կվերանա, անհնար է: Քանի որ ոչ թե Քոչարյանն է ուզում վերադառնալ, այլ կլանային օլիգարխիկ այդ համակարգն է ուզում Քոչարյանի վերադարձը, որովհետև Քոչարյանի ժամանակ ամեն ինչ իրենց համար ավելի կայուն ու ստատիկ էր, քան հիմա»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը