Կարծիք

01.06.2019 12:50


Սուտ հայրենասերների վտանգավոր խաղերի մասին

Սուտ հայրենասերների վտանգավոր խաղերի մասին

Ադրբեջանը ամբողջ աշխարհին ուզում է համոզել, որ Հայաստանը բռնազավթել է (օկուպացրել է) իր տարածքի մի մասը, և որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ թե ազգի ինքնորոշման խնդիր է, այլ Հայաստանի կողմից իր տարածքի բռնազավթման խնդիր է: Եվ այս ֆոնի վրա, Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանցիների այդ թեզը հաստատվի. այդ մարդիկ, չգիտես թե ինչու, կոչ են անում, թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, Արցախը հայտարարել Հայաստանի մաս ու վերջ (միջազգային իրավունքի համար պետությունների սահմանների վերաձևումը ընդունելի է միայն ու միայն ազգերի ինքնորոշման դեպքում):

Սա, ես կարծում եմ, դիվերսիա է ուղղված մեր ժողովրդի դեմ, հարկավոր է անմիջապես վերջ տալ այս արկածախնդրությանը: Արցախը դե յուրե Հայաստանի մաս դառնալու համար, նախ պիտի աշխարհի կողմից (կամ գոնե աշխարհում մի քանի լուրջ պետությունների կողմից) ճանաչվի որպես անկախ պետություն, որից հետո նոր երկու հայկական պետությունները կկարողանան օրինական ճանապարհով միավորվել մեկ պետության մեջ: Իսկ հիմա քանի դեռ Արցախի անկախությունը ճանաչված չի, մենք պիտի բավարարվենք մեր փաստացի (դե ֆակտո) միությամբ, ու անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք պահել գոնե այս վիճակը:

Այնպես որ, սուտ հայրենասերներին ու նրանց կողմից խաբվածներին կոչ եմ անում դադարեցնել անեքսիայի պրոպագանդան, որովհետև դա հենց ադրբեջանցիների ուզածն է: Չիմացողների համար ասեմ, որ անեքսիան այն է, երբ քո վերահսկողության տակ գտնվող տարածքը հայտարարում ես քո պետության տարածք: Հիմա եթե Հայաստանը հայտարարի, որ Արցախը իր տարածքի մի մասն է, առանց աշխարհի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, իրեն շատ անհարմար դրության մեջ կդնի, քանի որ աշխարհը նրան կմեղադրի այդ տարածքը անեքսիայի ենթարկելու մեջ, ու բանակցություններին կնդունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, իսկ դա մեզ հարկավոր չի հաստատ, էլ չեմ ասում որ դա անհնար է մեր պետության կողմից կնքած մի շարք միջպետական պայմանագրերի գոյության պատճառով նաև:

Ու մի բան էլ, այն տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարում է, որ Արցախը պիտի անմիջապես դե յուրե միավորվի Հայաստանի հետ, Արցախի ղեկավարներն էլ չեն ցանկանում դա: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ավելի շուտ Արցախը Ադրբեջանի հետ միավորելու քայլեր կանի, քան թե Հայաստանի հետ միավորելու, այնպես որ, այդ մարդկանց հարկավոր է հորդորել, որ դադարեն անհեթեթություններ դուրս տալ, ու հանգիստ թողնեն Արցախի ղեկավարությանը: Իրենց թվում է, թե հայ ժողովուրդը այնքան հիմար է, որ չի հասկանում, թե ո՞ւմ հրահանգներով են իրենք աշխատում, բոլորին է հասկանալի է, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն են անում ամեն ինչ, որպեսզի Արցախը Հայաստանից օտարվի և հեռանա, և իրենք էլ լծվել են հենց այդ գործին ու, մարդկանց հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով, իրականոում ապահովում են մեր ապազգային կառավարության ծրագիրը, այն է՝ սեպ խրել մեր ժողովրդի երկու հատվածների միջև: Իսկ եթե դա այդպես չի, թող, անիմաստ ավտոերթեր կազմակերպելուց ու անիմաստ հայտարարություններ անելուց առաջ, բարի լինեն իրենց սիրելի Փաշինյանին հարցնել, թե ինչու՞ օրինակ Մայիսի 28-ի տոնակատարություններին Արցախի ղեկավարությանը չէր հրավիրել:

Ի դեպ շատ լավ է, որ այսօրվա դրությամբ Արցախի ղեկավարությունը անվերապահորեն չի ենթարկվում Երևանին, որովհետև եթե ենթարկվեր, ապա շատ ծանր դրության մեջ կհայտնվեր Արցախը, ու ընդհանրապես ամբողջ Հայաստան աշխարհը. առաջին հայացքից պարադոքսալ կարող է թվալ իմ այս հայտարարությունը, սակայն դա է, այսօրվա դրությամբ, դառը ճշմարտությունը:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը