Կարծիք

12.06.2019 08:30


Թոշակառու տարածաշրջան

Թոշակառու տարածաշրջան

Տարածաշրջանում կուտակային թոշակների համակարգը, բնականաբար, առաջինը մեր երկրում է կիրառվել։ Պարտադիր իմաստով, իհարկե։ Իսկ հիմա Վրաստանի կենսաթոշակային համակարգում են հետաքրքիր գործընթացներ սկսվել։ Հարևան երկրում այն գործարկվել է այս տարվանից։ Այս շաբաթ հայտարարվեց, որ հիմնադրամում արդեն կուտակվել է 88 մլն դոլարին համարժեք գումար։

Վրաստանում (ինչպես նաև Ադրբեջանում) կենսաթոշակային տարիքը կանանց համար 60 տարեկանն է, տղամարդկանցը՝ 65 (Հայաստանում սեռային տարբերություն չկա՝ 63 տարեկան)։ Սակայն Վրաստանում մինչև օրենքի՝ ուժի մեջ մտնելը այն «վերամշակվեց»։ Եթե հիշում եք, մեր նոր իշխանությունները նախկինում քննադատում էին այս համակարգը, բայց էական փոփոխության ենթարկեցին։ Վրաստանում պատկերն այլ էր։ Օրենքով այս տարվա ապրիլ ամսից պարտադիր տարիքային համակարգում ընդգրկվածներին թույլատրվեց դուրս գալ համակարգից։ Խոսքը մինչև 2018թ. օգոստոսի 6-ը 40 տարին լրացած անձանց մասին է։

Երկու ամսվա ընթացքում (ապրիլ-մայիս) համակարգը լքել է ընդհանուրի 10 տոկոսը։ Պաշտոնապես զբաղվածների քանակը մոտ 805 հազար մարդ է՝ առանց ինքնազբաղվածների։ Հայաստանում պարտադիր կենսաթոշակը 5+5 չափաբաժնով էր՝ 5 տոկոսը աշխատողն էր մուծում, 5-ը՝ պետությունը (ընդհանուր՝ 10 տոկոս)։ Վրաց օրենքն ավելի բաշխված է՝ 2 տոկոսը մուծում է աշխատողը, 2-ը՝ գործատուն, 2-ը՝ պետությունը (ընդհանուր՝ 6 տոկոս)։ Իսկ հարուստներին՝ այն մարդկանց, ում տարեկանը գերազանցում է 23 հազար դոլարը, պետությունը մուծում է 1 տոկոս։

Վրացական օրենքը պահանջում է հիմնադրամում կուտակված միջոցների 80 տոկոսը ներդնել երկրի տնտեսության մեջ։ Իսկ իշխանությունները երազում էին երկու տարում հիմնադրամում հավաքագրել մոտ 550 մլն դոլար, 2025-ին էլ այդ եկամուտը հասցնել 5 մլրդ դոլարի։ Հիմա այս տեսլականը կասկածելի է թվում։ Նաև այն պատճառով, որ Վրաստանը տարածաշրջանի «ամենաթոշակառու» երկիրն է։ Բոլոր տեսակի թոշակներ ու նպաստներ ստացողները կազմում են բնակչության 20 տոկոսը։ Հայաստանում այս ցուցանիշը մոտ 15 տոկոս է։ Ադրբեջանում՝ 13-ից մի փոքր ավելի։

Երկրների թոշակառուների բացարձակ քանակն այս է՝ Հայաստան՝ մոտ 446 հազար թոշակառու (ընդ որում՝ թիվը նվազման միտում ունի՝ 2010-ականների կեսերին այն գերազանցում էր 500 հազարը)։ Վրաստանում կա 721 հազարից ավելի թոշակառու։ Ադրբեջանում թոշակառուների ամենամեծ քանակն է մոտ 1․3 մլն։ Սա բոլոր տեսակի թոշակ - նպաստառուների թիվն է։ Վրաստանում միջին թոշակը հրապարակված է 75 դոլարի չափով։ Հայաստանում միջին թոշակը պաշտոնապես մոտ 83 դոլար է։ Իսկ Ադրբեջանում՝ մոտ 133 դոլար։

Ինչպես տնտեսական մյուս ցուցանիշների պարագայում, այս դեպքում էլ ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը պակաս վստահելի է։ Այս երկիրը տարիներ շարունակ հպարտանում է, որ իր կենսաթոշակային համակարգը լավագույններից է ոչ թե տարածաշրջանում, այլ աշխարհում։ Գործող համակարգը ներդրվել է 2006 թվականին։ Միակ իրական առավելությունն այն է, որ համապատասխան տարիքի հասնելու դեպքում թոշակն ինքնաբերաբար նշանակվում է, առանց դիմումի։ Իսկ աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար մինչև 2006թ.–ն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ է պետք։

Այս խնդիրները «վստահված» են սոցիալական պաշտպանության, բնականաբար, պետական հիմնադրամին։ Այս երկրում սեփական կենսաթոշակային համակարգը գովերգելուն զուգահեռ՝ քննարկում են մի կողմից կենսաթոշակային տարիքն ավելացնելու, մյուս կողմից՝ կուտակային համակարգի ներդրման հարցերը։ Ադրբեջանում մինչև 2027թ. աստիճանաբար կաճի կանանց թոշակի անցնելու տարիքը՝ դառնալով 65 տարեկան։ Իսկ տղամարդկանց պարագայում այս ցուցանիշն «ապահովվելու» է մինչև 2021թ։ Իսկ հիմա գործում է կուտակայինի անցնելու կամավոր համակարգ։

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանի երկրները համաշխարհային գործընթացներին համահունչ են անցնում կենսաթոշակների կուտակային հիմնադրամների։ Հայաստանի և Վրաստանի պարագայում հիմնադրամները գործելու են պետական վերահսկողության տակ։ Իսկ Ադրբեջանում այն, հավանաբար, պետական է լինելու։ Չնայած որ ժողովրդագրության տեսանկյունից կենսաթոշակային տարիքի անձանց տեսակարար կշռի իմաստով ամենանպաստավոր իրավիճակն այս երկրում է։

Դժվար է պնդելը, որ մեր իշխանությունները «կհանդգնեն» կենսաթոշակային տարիքը դարձնել 65 տարեկանը։ Փոխարենը՝ կարելի է և՛ կանխատեսել, և՛ սպասել, որ մոտ ապագայում նոր իշխանությունները «կվերախաղարկեն» իրենց իսկ մտցրած 2․5+7․5 չափաբաժինը՝ վերադառնալով նախկինների 5+5 համամասնությանը։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը