Մեկնաբանություն

15.06.2019 17:40


«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

«Թավշյա» իշխանության սադիստական էությունը

Սիրո և հանդուրժողականության կարգախոսով իշխանության եկած «թավշյա» առաջնորդին կից կառույցները դարձել են պատժիչ գործիքներ։ Այդ գործիքները բավարարում են դրա տիրոջ սադիստական հակումները։

Օրենքի գերակայության ու ժողովրդավարության լոզունգների ներքո ձևավորված իշխանությանը կից իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական հետապնդումների ու մեկ մարդու անձնական հակումների սպասարկման կառույցի։

Սկզբում նշանակվում է մեղավոր, հետո նրա վրա սկսում են հոդված փնտրել և զուգահեռաբար՝ պատժել։ Մարդկանց զրկում են ազատությունից՝ այն հաշվարկով, որ կկարողանան իրենց ուզած ցուցմունքը կորզել։

Հայտնի գաղտնալսումը ասվածի վառ ապացույցն է։ ՀՔԾ տխրահռչակ ղեկավար Սասուն Խաչատրյանը Յուրի Խաչատուրովի կալանավորումը հիմնավորում էր այն հանգամանքով, որ դրանից հետո նա ցուցմունքներ կտա։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աչքի է ընկել նաև այն բանով, որ մարդկանց պատժում են առանց դատավճռի։ Տեխնոլոգիան հետևյալն է՝ չապացուցված մեղադրանքով կալանավորել մարդուն՝ շատ լավ իմանալով, որ առողջական խնդիրներ ունի։ Կալանավորել այն հաշվարկով, որ նա այնտեղ կավարտի իր կյանքը։ Կամ էլ լուռ հետևել, թե ինչպես է մարդն ինքն իր կյանքին վերջ տալիս։

Նկատենք, որ սա խոշտանգման ու սադիզմի յուրօրինակ դրսևորում է։ «Թավշյա» տեխնոլոգիայի առաջին զոհը Մհեր Եղիազարյանն էր։

51–ամյա Մհեր Եղիազարյանը «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատուն։ Նա «Նուբարաշենի» քրեակատարողականում իր հետ տեղի ունեցած անարդարության դեմ հացադուլ էր հայտարարել և մահացավ հացադուլի 44–րդ օրը։ Մահացավ իշխանությունների սադիստական հայացքի ներքո։

«Մհեր Եղիազարյանը հացադուլից հետո մահացել է կալանավայրում. մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը հանձնառու է խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելմանը և մարդու արժանապատվության պահպանմանը ցանկացած հանգամանքներում։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն և կձեռնարկի դրանից ելնող համապատասխան քայլեր»,-նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Մայա Կոսիանչիչը։

Կալանավորելու և ցանկալի ցուցմունք կորզելու իշխանական տեխնոլոգիայի զոհ դարձավ նաև առողջական խնդիրներ ունեցող գործարար Սամվել Մայրապետյանը։ Նա, բարեբախտաբար, խուսափեց վատագույն սցենարից, բայց միայն արտաքին ճնշումների արդյունքում։

Ըստ տարածված տեղեկությունների՝ նրան առաջարկում էին շարժվել «Փաշինյանի սրտի ուզած ցուցմունքը Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ ազատության դիմաց» տարբերակով։ Այդ տարբերակի մասին բացահայտ խոսեց և Մայրապետյանին հրապարակային գործարք առաջարկեց ՀՔԾ–ին կից արտահաստիքային «կաշառատու» Սիլվան։

Իշխանությունների հաշվարկը Մայրապետյանի պահով այն էր, որ նա առողջական խնդիրներ ունի և բանտում մնալով՝ կգերադասի Փաշինյանին անհրաժեշտ սուտ ցուցմունքը՝ սեփական կյանքը փրկելու համար։ Մայրապետյանն այդ քայլին չգնաց, ու միայն եվրոպական կառույցների միջամտությամբ նա հայտնվեց ազատության մեջ և հիմա բուժվում է արտերկրում։

Նույն սադիստական տեխնոլոգիան կիրառվում է նաև Մանվել Գրիգորյանի դեմ։ Նրան բանտում պահում են՝ շատ լավ իմանալով, որ բանտում նա կմահանա։ Գրիգորյանից Փաշինյանն իր անձնական մուռն է հանում այն բանի համար, որ 2008–ին գեներալը չէր միացել իրենց արկածախնդրությանն ու չէր աջակցել սահմանադրական կարգի տապալմանը։

Փաշինյանը Մանվել Գրիգորյանի պահով առաջնորդվում է «բանտում այնքան պահենք, մինչև մեռնի» բանաձևով։

Գրիգորյանին սպանելու մեկ այլ նպատակ էլ կա. նա 2008–ի մարտի 1–ի դեպքերի անցանկալի վկա է Լևոն Տեր–Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի համար։ Քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում Գրիգորյանն, իրոք, կարող է խոսել ու խոսել Փաշինյանենց համար շատ անցանկալի ձևով։ Գրիգորյանին փաստացի խոշտանգելով՝ փաշինյանական իշխանությունը փորձում է ազատվել իրենց համար վտանգավոր վկայից։

Սա՛ է «թավշյա» իշխանության իրական էությունը։ Սադիստական էությունը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը