Մեկնաբանություն

26.06.2019 18:40


«Արդարադատության» անցումային «Կինդեռ սյուրպրիզը». Փաշինյանի սրտի նախարարը

«Արդարադատության» անցումային «Կինդեռ սյուրպրիզը». Փաշինյանի սրտի նախարարը

Ոմանց զարմացնում, իսկ ոմանց էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը: Նույնիսկ «ժողովրդի» վարչապետի երկրպագուներն են նշում, որ «Նիկոլը լավն է, իսկ թիմը՝ վատը»:

Հասկացողների համար, իհարկե, ամեն ինչ պարզ է: Պարզ է, որ չի կարող Նիկոլը լավը լինել, իսկ թիմը՝ վատը: Ճիշտ է, թիմն է ղեկավարին «սարքում», բայց չէ՞ որ թիմը հավաքում է ղեկավարը: Այնպես որ, «Նիկոլը լավն է, իսկ թիմը՝ վատը» հեքիաթը հին է ու ոչ կիրառելի: Ինչպիսին թիմն է, այնպիսին կամ գուցե ավելի վատը Նիկոլն է։

Ինչ մնում է Փաշինյանի կադրային քաղաքականության փիլիսոփայությանը, ապա այն, չնչին շեղումներով, տեղավորվում է «Մեզանից լինի, թեկուզ պոլի փայտ լինի» ՀՀՇ-ական բանաձևի մեջ: Այդ բանաձևին ավելացվել են Փաշինյանի բարդույթների հետևանք հանդիսացող պահանջները՝ սեփական «ես» ու կարծիք չունենալը, Նիկոլից տարիքով փոքր լինելը, քաղաքական մտածողություն և անցյալ չունենալը, չխոսկան լինելը, դեմքի անորոշ և անիմաստ արտահայտությունը, քաղաքականապես անմեղսունակ լինելը, սեփական կարիերային աճով բացառապես «վոժդին» պարտական լինելը և այլն:

Փաշինյանական կադրային քաղաքականության տիպիկ նմուշներից է արդարադատության նորանշանակ նախարարը՝ Ռուստամ Բադասյանը: Սա 27-ամյա երիտասարդ է: Չունի քաղաքական հետագիծ: Չունի քաղաքական ու մասնագիտական կենսագրություն, բայց արդեն նախարար է:

Բադասյանին ակնհայտորեն բերել են՝ նրա ձեռքերով կեղտոտ գործեր կատարելու նպատակով: Խոսքն ակնհայտորեն վերաբերում է անցումային կոչված արդարադատությանը և դատավորների վեթինգին:

27-ամյա այս անփորձ ու անդեմ երիտասարդը գտածո է Նիկոլի համար: Նա իր կարիերայի համար պարտական է բացառապես Նիկոլին ու շվոնդերական էնտուզիազմով կկատարի շեֆի բոլոր ասածները: Նրան կօգտագործեն որպես «Կինդեռ սյուրպրիզ»՝ բռնապետության օրենսդրական դաշտ ապահովելու համար: Իսկ Բադասյանը հաճույքով կօգտագործվի, քանզի կարիերային թռիչքը նրան գլխապտույտի մեջ է գցել:

Բադասյանների նմաններին սիրում էին բոլշևիկներն օգտագործել: Սրանք մարդիկ են, որոնք կամակատար են, քանզի չունեն «ողնաշար» (ի դեպ, Բադասյանն, ըստ հրապարակումների, բանակից ազատվել է ողնաշարի սկալիոզի պատճառով. հերթական դասալիքը Փաշինյանի թիմում) և աչքի են ընկնում մարտնչող տգիտությանը ներհատուկ համառությամբ:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի կադրային քաղաքականության մասին:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը