Կարծիք

28.06.2019 19:52


Սահմանադրական դատարանի թիրախավորումն առավել խորքային ու հեռահար նպատակներ է հետապնդում

Սահմանադրական դատարանի թիրախավորումն առավել խորքային ու հեռահար նպատակներ է հետապնդում

Օրվա իշխանության՝ Սահմանադրական դատարանի թիրախավորումը հետապնդում է մեկ ընդհանրական նպատակ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆակտորի չեզոքացումը, ինչպես նաև Արցախի խնդրի կարգավորման իրենց տեսլականի իրականացման ընթացքում հնարավոր բարդույթների կասեցումն ու դրանցից ապահովագրումը։

Այլ խոսքով՝ Նախագահ Քոչարյանի նկատմամբ վերջին մեկ տարում իրականացվող իրավաքաղաքական կոշտ հետապնդումը պայմանավորված է վերջինիս՝ ներկա իշխանությունների միակ ռեալ ու արմատական ընդդիմադիրը լինելու հանգամանքով, ում առանցքի շուրջն էլ հետևողականորեն պետք է ձևավորվի քաղաքական այն կոնսոլիդացիան, որն ըստ էության հանդիսանալու է իշխանության հակադիր բևեռը։ Եթե դիտարկենք Քոչարյանի անցած ուղին, ապա վստահաբար կարելի է ասել, որ և՛ հեռավոր 1997֊1998 թվականներին, և՛ 2008 թվականին նա էականորեն բեկել է Հայաստանի ու Արցախի կապակցությամբ աշխարհաքաղաքական որոշակի շրջանակների ծրագրերը և այժմ էլ վերջինս միակ ֆիգուրն է, ով ունակ է լրջագույն ուժ ձևավորելու ընդդեմ ոչ հայանպաստ աշխարհաքաղաքական լուծումների։

Այս համատեքստում էական ուշադրության է արժանի վարչապետ Փաշինյանի մի քանի անգամ արած հայտարարությունն այն մասին, որ թե անհրաժեշտ լինի, Արցախի խնդրի կարգավորման կապակցությամբ կարող է անց կացվել հանրաքվե։ Նշեմ, որ հանրաքվեի վիճարկման խնդիրն ընդդատյա է Սահմանադրական դատարանին, որն էլ ըստ էության իրավունքի մեկնաբանության առումով պետք է լուծի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործը և մեծ հաշվով այդ գործի ճակատագիրը կախված է նույն Սահամանադրական դատարանի որոշումից։

Այսպիսով՝ քաղաքական առումով Արցախի խնդրում աշխարհաքաղաքական կենտրոնների սպասարկու իշխանությունների դիմաց կանգնած է Նախագահ Քոչարյանն, իսկ իրավական առումով՝ Սահմանադրական դատարանը։

Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի թիրախավորումն առավել խորքային ու հեռահար նպատակներ է հետապնդում, քան միայն դատական իշխանության՝ որպես իշխանության առանձին ճյուղի ենթարկումն իշխանությանը։

Վահե Գրիգորյանի՝ երկրորդ փորձից կասկածելի գործուղումը Սահմանադրական դատարան, նրա՝ որպես Սահամանադրական դատարանի նախագահ ինքնահռչակումն, իշխանական և իշխանամերձ առանձին խմբերի այդ ինքահռչակմանը սատարելն անկասկած փորձեր են իրականացնելու համար վերոհիշյալ ձգտումները՝ հասնելով իրավաքաղաքական բացարձակ դոմինացիայի։

Այսօր Սահամանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ զերծ կմնան քաղաքական գնահատականներից, բայց փաստում են, որ Սահամանդրական դատարանը շարունակելու է աշխատել բնականոն հունով՝ ենթարկվելով Սահամանդրությանն ու ապահովելով Սահմանադրական գերակայությունը։

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը շարունակում է մնալ պետականության պահպանման իրավական հավանաբար վերջին ատյանը, քանի որ մնացյալ պետական մարմիններն աչք են փակել ու շարունակում են աչք փակել պետությանն ուղղված հանցանքների դեմ՝ ընդհուպ մինչև անգործություն են ցուցաբերում երկրում Սահմանադրական կարգի տապալման փաստի առջև, ուստի անհրաժեշտ է ամեն գնով թույլ չտալ իշխանություններին իրենց ենթարկեցնել Սահամանդրական դատարանի գործունեությունը, որն, ինչպես նշեցի հղի է բազմաթիվ հետևանքներով՝ Նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվող իրավաքաղաքական հետապնդման շարունակական լինելուց՝ շինծու, «ջուր գործի» ապօրինաբար հիմնավորումից մինչև Արցախի հարցում հնարավոր իրականացվելիք հանրաքվեի արդյունքների՝ իշխանությունների ցանկությանը հարմարացնելը։ Ավելորդ եմ համարում նշել, որ այս ապօրինի պրոցեսն էականորեն հարվածելու է պետականության ողնաշարին առհասարակ։

Հ.Գ. Թեկուզ սյուռեալիստական, իրավազուրկ ու անտրամաբանական մեկնաբանություններով ենթարկեցնելով Սահամանդրական դատարանը՝ իշխանությունները, փաստորեն, մեկ կրակոցով երկու թիրախ են որսում՝ հնարավորություն են ստանում ապօրինաբար անազատության մեջ հնարավորինս երկար պահել Նախագահ Քոչարյանին, ինչպես նաև վերահսկելի դարձնել ամեն հանրաքվե ու սահամանադրականության հետ կապված յուրաքանչյուր խնդիր։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը