Կարծիք

30.06.2019 11:50


Անգրագիտությո՞ւն, թե՞ դիտավորություն

Անգրագիտությո՞ւն, թե՞ դիտավորություն

Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները հետևանքներ են ունենալու։ Լո՛ւրջ հետևանքներ։

Արդեն դժվար է ասել, թե այս ամենը անգրագիտությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է։ Դա արդեն էական չէ։

Էականն այն է, որ

–պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը լարված հարաբերություններ ունեն,

–մեր հանրությունը պառակտում են մինչև վերջ, իսկ պառակտված ու թշնամացած մարդիկ կորցնում են արտաքին հակառակորդի դեմ դուրս գալու իմունիտետը,

–հայ–ռուսական հարաբերությունները թշնամական չեն, բայց բարեկամական էլ չեն. համենայնդեպս երբեք նման վատ պատկեր չի եղել ՌԴ–ի հետ հարաբերություններում,

–Դուշանբեում ձեռք բերված «վերելեկային» համաձայնություններից հետո Բաքուն շփման գծում ինժեներական աշխատանքներ է իրականացրել, իսկ Երևանում զբաղված են եղել ասֆալտին պառկեցնելով, դատարանների դռները փակելով, իշխանազավթումը շարունակելով և հայաստանցի–ղարաբաղցի հակադրության տեղեկատվական դիվերսիան խորացնելով,

–Հայաստանում ակտիվացել է թուրք–բոլթոնյան լոբբինգը, որը հանդես է գալիս արևմտամետի անվան տակ, բայց քերիր դրան ու տակից դուրս կգա թրքաբոլշևիկը։

Հայաստանում տիպիկ բոլշևիկյան քաղաքականություն է վարվում, ըստ որի՝ հանրությանը համոզում են, որ իր թշնամին ոչ թե մեր զինվորի վրա կրակող Ադրբեջանն է, այլ հայ ժողովրդի այն հատվածը, որը քայլարածների հետ չէ։

Բոլշևիկներն ասում էին՝ վերածենք իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի։ Մեր տնաբույծ նեոբոլշևիկներն էլ են նույն բանն ասում։ Առաջարկում են վերածել ազգային պայքարը քաղաքացիական բախումների։

Այս ամենը գին է ունենալու։ Ծա՛նր գին։ Վճարողը հաստատ քայլարածները չեն լինելու, թեկուզև հետագայում պատասխանատվության ենթարկվեն։ Վճարողը, մեծ հաշվով, լինելու է հայ ժողովուրդը։

Մեր խնդիրը պետք է լինի կատաստրոֆա թույլ չտալը և սրանց իրականացրած ավերածությունների գինը հնարավորինս իջեցնելը, իսկ եթե հնարավոր լինի՝ նույնիսկ գին վճարելուց խուսափելը։

Հ.Գ.։ Համանախագահները խոսում են բովանդակային բանակցություններից։ Երևանում շարունակում են ստել, թե, իբր, ոչ թե բանակցում են Բաքվի հետ, այլ՝ ընդամենը շփվում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը