Քաղաքական

04.07.2019 14:35


«Սահմանին գազի գնի ձևավորման հարցը կարելի է կապել Պուտինի այցի հետ». Գարեգին Բաղրամյան

«Սահմանին գազի գնի ձևավորման հարցը կարելի է կապել Պուտինի այցի հետ». Գարեգին Բաղրամյան

«Գազպրոմ Արմենիային» տուգանելը սակագնի շուրջ բանակցությունների հետ կապ չունի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ պետք է պարզապես բացել փաստաթղթերն ու պարզել, թե ինչի համար է եղել տուգանքը:

«Մենք մեր գործը կատարում ենք ոչ միայն սակագին սահմանելով, այլ կան կանոններ, որոնք սահմանում են սպասարկման որակը: Այդ որակի ցուցանիշները մեր կողմից մոնիթորինգի են ենթարկվում և խախտումների դեպքում օրենսդրությունը տույժեր է նախատեսում: Դա պարբերական բնույթ է կրում: Դրանից 7-10 օր առաջ էլ եղել է նախազգուշացում, որը ևս տույժի տեսակ է»,-շեշտեց նա:

Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ գազի սակագնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ շարունակվում են, և այդ առումով որևէ նորություն դեռ չկա:

Դիտարկմանը՝ բանակցությունները բավական տևական ժամանակ է՝ շարունակվում են, կարծիք կա, որ սպասում եք Պուտինի Հայաստան այցին, և հենց այդ ժամանակ խնդիրը վերջնականապես կլուծվի, Բաղրամյանն արձագանքեց, որ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում:

«Ներքին շուկայի սակագների վերաբերյալ բանակցությունները որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ, բայց սահմանին գազի գնի ձևավորման հարցը կարելի է կապել նրա այցի հետ»,- նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ են ձգձգվում բանակցությունները կամ արդյո՞ք դրանից հետո կնվազի սակագինը, Բաղրամյանն ասաց.

«Չեմ կարող ասել՝ ինչ կլինի: Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իր համար ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար: Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ: Քանի որ որևէ կողմ չի ասել, որ բանակցություններն ավարտված են, մամուլը ընդամենը ենթադրություններ է անում սակագների վերաբերյալ: Այս պահին գնի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա կախված է բանակցություններից ու դրանց ավարտից»:

Գարեգին Բաղրամյանը հավաստիացրեց, որ «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ընթացքում չի դիմի իրենց հանձնաժողովին սակագնի վերանայման հարցով: Հարցին՝ որքա՞ն ժամանակ «Գազպրոմը» կկարողանա սուբսիդավորել սակագինը, ՀԾԿՀ նախագահն ասաց, որ «Գազպրոմը» չի սուբսիդավորում, ընդամենն իր խնայողությունների հաշվին է, որ չի դիմել հանձնաժողովին սակագին փոխելու հայտով. «2019 թվականին, կարծում եմ, չի դիմի, իսկ 2020 թվականի համար մենք նույնիսկ չունենք սահմանին գազի գնի մեծություն»:

Բաղրամյանը բանակցությունների ավարտի հարցում հորդորեց չշտապել, քանի որ բավականին բարդ ու ծավալուն թեմա է բանակցվում:

«Բանակցվում են և՛ ներդրումային ծրագրեր, և՛ սակագների ձևավորման ծախսային հոդվածներ: «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմալացման խնդիր կարող է լինել: «Գազպրոմի» ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսված են մինչև 2030 թվականը, նույնպես բերում են որոշակի արդյունքների: Դա մի կողմից բերելու է շահույթի մաշվածության ավելացման, մյուս կողմից կրճատելու է կորուստները, պահպանման ծախսերը»,-ասաց նա:

Նա շեշտեց, որ «Գազպրոմ Արմենիայի» հետ գործընկերային բանակցություններ են իրականացնում, իսկ սահմանին գնի շուրջ բանակցություններին ինքը չի մասնակցում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը