Կարծիք

05.07.2019 20:48


Պարոնա՛յք, ազնիվ գտնվեիք և հայտարարեիք՝ Սահմանադրություն ձեզ համար չկա

Պարոնա՛յք, ազնիվ գտնվեիք և հայտարարեիք՝ Սահմանադրություն ձեզ համար չկա

Բացեցի ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնական կայքերը՝ մեծապես հույս ունենալով, որ այդքան անպատկառություն չեն ունենա օրվա խորհրդի կապակցությամբ ուղերձներ հղելու։

Հույսերս չարդարացան։

Երկու պաշտոնյաների պաշտոնական կայքերում էլ մեծահառաչ տեքստեր կային երկրի մայր օրենքի կիրառելիության, անշեղորեն կատարման և հստակորեն պահպանման կոչերով։

Նախագահի պաշտոնի քողի տակ երկրում պարբերաբար չլինելը լեգիտիմացնող Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում մի զավեշտալի հատված կար, մեջբերում եմ․ «Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:»

Սա հրապարակել է երկրի նախագահը, ով առնվազն երեք անգամ որևէ քայլ չձեռնարկեց Սահմանադրության կոպիտ ոտնահարման, իրավական պետության արժեզրկման և քաղաքացիների իրավուքների պաշտպանության իր հիմնական պարտականությունները կատարելու գործում։

Նիկոլ Փաշինյանը ուղերձը, որն ինչպես միշտ քայլատոնի պրոպագանդման և ազդանշանների փառատոնի գովազդման է պարունակում, այս անգամ մի քիչ տարբերվող է, զավեշտի նմանվող տարբերվող։ Երկրի գլխավոր քայլապետը նշում է․ «Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը»։

Ուշադիր եղեք վերջին հինգ բառերին։ Սա նշում է մի մարդ, ով դատարանների դռները փակելու հրապարակային կոչ է անում և իրեն չենթարկվող դատավորներին ցորեն գողացող մուկ անվանում։ Ով սեփական ամբիցիաների և պոպուլիստական համբավի համար իրավական համակարգում տուն տունիկ է խաղում։

Պարոնայք բարձրաստիճաններ․․․ ավելի ազնիվ կլիներ լռեիք, չշնորհավորեիք, չանդրադառնայիք, կամ էլ ավելի ազնիվ գտնվեիք, և հայտարարեիք, որ Սահմանադրություն ձեզ համար չկա, չի եղել և հնարավոր է չլինի։
#տոնդ_շնորհավոր_ճնշված_Սահմանադրություն
#տոնդ_շնորհավոր_հպաաարտ_անուղեղ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը