Մեկնաբանություն

06.07.2019 13:30


Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է Քոչարյանի դեմ պայքարում

Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է Քոչարյանի դեմ պայքարում

Եթե հետհեղափոխական փուլի սկզբի մասում Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ հարուցելն առավելապես տեղավորվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական վրեժխնդրության գնալու տրամաբանության մեջ, ապա շատ չանցած՝ նրա մոտիվացիան փոխվեց։

Հիմա Քոչարյանը հետապնդվում է ոչ այնքան, ավելի ճիշտ՝ ոչ թե անձնական վրեժխնդրության շրջանակներում, այլ լրիվ այլ։

«Ժողովրդի» վարչապետի «արցախյան» սկզբունքները

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես Արցախի հարցում որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝

–ամեն կերպ խուսափել սեփական տեսակետը հրապարակավ հայտնելուց և պատասխանատվությունը բարդել այլոց՝ ղարաբաղցիների, ՀՀ հպարտ քաղաքացիների, միջնորդների վրա,

–հայտարարել, որ Արցախի անունից բանակցելու լիազորություն չունես, բայց իրականում շատ ինտենսիվորեն բանակցել այդ հարցով Ալիևի հետ, այն էլ՝ Բոլթոնի հովանու ներքո,

–հայտարարել, որ ամեն ինչ անում ես, որպեսզի Արցախը հայտնվի բանակցային սեղանի շուրջ, սակայն գործնականում զրոյացնել Արցախի սուբյեկտայնությունը՝ ներքին գործերին կոպտորեն միջամտելով,

–խորացնել հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան,

–քարոզչական դաշտում առաջ մղել այն թեզը, որ Լևոն Տեր–Պետրոսյանի մոտեցումները ճիշտ էին, քանզի «մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի», բայց Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց կյանքի կոչել այդ թեզը, և ուրեմն, նա մեղավոր է։

Այս վերջին կետն արժե առանձին դիտարկել։

Փաշինյանը դատապարտում է 1998–ի իշխանափոխությունը

1998–ի իշխանափոխությունը տեղի ունեցավ Արցախի հարցում Ստեփանակերտի, ինչպես նաև Հայաստանի իշխանության մի մասի տարաձայնության պատճառով։

Տեր–Պետրոսյանի հեռացմամբ հնարավոր եղավ նախ հետ պտտեցնել տխրահռչակ «փուլային» տարբերակը, ինչպես նաև վերականգնել 1996–ից տապալված սահմանադրական կարգը։

Նիկոլ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը», այսօր անդրադառնալով Արցախի խնդրին՝ ուշագրավ գնահատականներ է տվել 1998–ի իշխանափոխությանը, Տեր–Պետրոսյանի տեսակետներին, Սերժ Սարգսյանի մոտեցումներին ու Քոչարյանի վարքագծին։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեր հասարակության համար ամենազգայուն թեման է, եւ ինչ-որ տեղ հասկանալի է, որ ցանկացած ընդդիմություն իր նպատակներին հասնելու համար առաջին հերթին հենց այդ հարցն է շահարկում։

Առավել ցայտուն ձեւով դա երեւաց հատկապես 1998-ին, երբ «Ղարաբաղը ծախելու» մեղադրանքների ծխածածկույթի տակ տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, եւ իշխանության եկան նրանք, ովքեր դեմ էին հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջին նախագահի պատկերացումներին։ Հետագա իրադարձություններն այնքան բուռն էին, որ հասարակությունը մի տեսակ չնկատեց էլ, որ առաջին նախագահի պատկերացումները մերժողներն իրենց պատկերացումները չներկայացրեցին։

Քոչարյանը կեսբերան հայտարարեց, թե «մենք Ղարաբաղի հարցը լուծել-պրծել ենք», եւ վերջ, բայց մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար է դա գնահատել որպես կարգավորման վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում, որովհետև, եթե մեզ համար այդ հարցը գոյություն չունի, դա դեռ չի նշանակում, թե հարց գոյություն չունի ընդհանրապես։

Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ հետագայում նույն Քոչարյանը տասը տարի շարունակ բանակցություններ էր վարում «գոյություն չունեցող» հարցի շուրջ։ Խնդիրն այն է, որ նրա նպատակը ժամանակ ձգելն էր, այսինքն՝ նա իր առջեւ խնդիր էր դրել ոչ թե կարգավորել, այլ չկարգավորել խնդիրը»,– մասնավորապես նշված է թերթի խմբագրականում։

Փաստորեն, Փաշինյանը Քոչարյանին մեղադրում է Տեր–Պետրոսյանի պաշտպանած «փուլային» տարբերակը կամ, այլ կերպ ասած, «սերգոջանային» ծրագիրը վիժեցնելու համար։ Սա արդեն սենսացիոն կարելի է համարել «նոր» Հայաստանի պայմաններում, քանզի մինչև վերջերս քարոզվում էր, թե, իբր, սա լևոնանիկոլական իշխանություն չէ, հնագույն Հայաստանի ռեինկարնացիան չէ և քիրավայականության ռևանշը չէ։

Փաշինյանն այնքան հեռու է գնում Քոչարյանին Արցախի հարցում Տեր–Պետրոսյանին խանգարելու և նախագահ դառնալուց հետո ստատուս–քվոն պահելու ծրագիր իրականացնելու մեջ մեղադրելու հարցում, որ անգամ պաշտպանում է Սերժ Սարգսյանին՝ վերջինիս ներկայացնելով որպես 2–րդ նախագահի զոհ։

«Հետագայում Սերժ Սարգսյանն, իհարկե, հասկացավ, թե ինչի մեջ է ներքաշվել, եւ փորձեց հստակեցնել կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը»,– գրում է Փաշինյանը՝ զարգացնելով այն միտքը, որ Քոչարյանը ստատուս–քվոն պահելով՝ ըստ այդմ՝ վատ ժառանգություն է թողել Սարգսյանին։

Անառակ որդու վերադարձը

Թեև մարդկայնորեն միմյանցից զզվում են Փաշինյանն ու Տեր–Պետրոսյանը, բայց, միևնույն է, իրենք մեկ միասնական թիմ են ներկայացնում և գտնվում են նույն նավակի մեջ։ Դա նույն տեսակն է։ Քիրվայական տեսակը։

Առնվազն քիրվայական գաղափարախոսության շրջանակներում ու կադրային քաղաքականության հարցերում Փաշինյանը 1–ին նախագահի գծի մեջ է։ Ճիշտ է, նա մեծ աղմուկով հեռացել էր ՀԱԿ–ից, անձնական վիրավորանքներ հասցրել 1–ին նախագահին ու նրան մեղադրել հողերը հանձնելու գաղտնի պլանին մասնակից լինելու համար, բայց հիմա անառակ որդու պես վերադարձել է իր «հոգևոր» հոր տիրույթ։

Ու եթե այս ամենը դիտարկում ենք Բոլթոնի պլանի շրջանակներում, ապա պարզ է դառնում, թե Արցախի հարցում որ ուղղությամբ է գնում Փաշինյանը, ինչո՞ւ են ամերիկյան ֆինանսավորմամբ «Ազատություն» ռադիոկայանը և «արևմտամետի» քողի տակ գործող թուրք–ադրբեջանական լոբբինգով զբաղվող 5–րդ շարասյունը պաշտպանում Փաշինյանին, ինչո՞ւ են լևոնական կադրերը վխտում քայլարածների ճամբարում և ինչո՞ւ են ամեն գնով ուզում քաղաքական դաշտից ֆիզիկապես մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին ու նրա վրա գործ «կարել»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը