Քաղաքական

08.07.2019 16:00


Քաղաքապետարանի դիմաց աղբ տարած քաղաքացիների դեմ քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Քաղաքապետարանի դիմաց աղբ տարած քաղաքացիների դեմ քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու մյուս բերման ենթարկած 7 անձինք դուրս եկան Կենտրոնի ոստիկանության բաժնից: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Արշակունյաց 52/3 հասցեից աղբ էին տարել քաղաքապետարանի մոտ:

Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ոստիկանության կողմից իրենց բերման ենթարկելն ապօրինի էր:

Նա նշեց, որ իրենք միշտ զգուշացրել են աղբահանության խնդրի մասին և հորդորել են, որ պետք է կատարվի պատշաճ աղբահանություն:

«21-րդ օրն էր, որ տվյալ աղբավայրից չէին հեռացնում աղբը: Քաղաքացիների խնդրանքով էինք արել դա: Հաջորդ անգամ ուրիշ համայնքից աղբը կբերենք»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ են կրկնել ակցիան, Աղեկյանը դրական պատասխան տվեց: «Այո՛, այս ակցիան շարունակելու ենք, դա օրենքի սահմաններում է»,-նշեց նա:

Ըստ ավագանու նախկին անդամի՝ բերման ենթարկելիս իր ձեռքն են վնասել: «Ոստիկանության՝ Կենտրոնի բաժնի միլպետը գոռում ու բղավում էր իմ ընկերների վրա, իսկ թե ինձ հետ ինչպես էր խոսում, կտեղեկացնեմ մամուլի ասուլիսին: Այստեղ մեզ բերել են խուլիգանության կասկածանքով, հստակ հասկանալի է, որ իրական խուլիգանները, որոնք թալանել են, կողոպտել են, ազատության մեջ են»,-ասաց նա և հավելեց, որ պայքարելու են բոլորի իրավունքների համար:

Սամվել Մովսիսյանն էլ, ով ակցիայի մասնակիցներից էր և նույնպես բերման էր ենթարկվել, տեղեկացրեց, որ ոչ թե իրենց ազատ են արձակել, այլ խափանման միջոցն է փոխվել, քրեական գործ հարուցվել է:

Սոնա Աղեկյանը ևս մեկ անգամ նշեց, որ այսօր կամ վաղը ասուլիսով հանդես կգան և հավելեց, որ բերման ենթարկելուց ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը