Կարծիք

23.07.2019 14:35


Ինչպես առանց շախի մատ անել «բոլոր պոտենցիալ հակառակորդներին»

Ինչպես առանց շախի մատ անել «բոլոր պոտենցիալ հակառակորդներին»

Նիկոլին մերժողները շտապեցին կոնտեքստից հանել «իմաստուն» միտքը, թե «տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի» եւ զվարճալի վարիացիաներ անել այդ թեմայով։

Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե առանց շախ հայտարարելու՝ մատ չաներ ներքին թշնամուն` «բոլոր պոտենցիալ հակառակորդներին»՝ զարգացնելով «չինական զինվորական ռազմավարությունից» փոխառված ծրագրային թեզը. «Ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այսպիսի խաղաղություն է հարկավոր։ Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, մեզ հարկավոր է այնպիսի պետություն, մեզ հարկավոր է այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելը իմաստ չունի։ Որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը եւ հետեւանքը մեկն է. մեր բոլոր թշնամիների եւ հակառակորդների պարտությունը Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի եւ զինված ուժերի անվերապահ հաղթանակը»։

Փաստորեն, էն, որ երկիրը դարձրել է սեւերի եւ սպիտակների հակամարտության թատերաբեմ ու բոլորին կռվացնում է բոլորի դեմ` չխնայելով անգամ Արցախը, ստորացնում եւ հետապնդում պատերազմում հաղթած գեներալներին` Արցախի հերոսներին, շինծու մեղադրանքով «նստացնում» Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահին, հրապարակավ նսեմացնում Արցախի մյուս երկու նախագահներին ու «մանրից» կազմաքանդում համատարած «թավշայնացումից» մազապուրծ դատական իշխանությունը, մի բանի համար է. որ «մեր բոլոր թշնամիների եւ հակառակորդների» չոքերը թուլանան` տեսնելով, թե ոնց ենք մեր կոտրած ձեռքով քանդում մեր տունը։

Եվ հասկանան, որ «մեզ հետ կռվի բռնվելը իմաստ չունի». ինչո՞ւ նեղություն քաշել, անիմաստ զոհեր տալ, փոշիացնել սեփական ռազմական, ֆինանսական պոտենցիալը, եթե կարելի է ոչինչ չանել. պարզապես նստել թախտին եւ սպասել, թե երբ ենք առանց մի կրակոցի Արցախը դնում «խաղաղության» զոհասեղանին` կռելով «Հայաստանի հանրապետության, նրա ժողովրդի եւ զինված ուժերի անվերապահ հաղթանակը»։
Ինչն էլ, ի դեպ, արվում է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը