Կարծիք

29.07.2019 01:52


Օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների վերին օղակներում ճնշող մեծամասնությունը խոսող գործիքներ են

Օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների վերին օղակներում ճնշող մեծամասնությունը խոսող գործիքներ են

Այսօր հերթական իրավախայտառակ ապօրինության արդյունքում կասեցվեցին Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, և այս ամենը խոսող գործիքի վերածված ԲԴԽ անգործության պայմաններում. առհասարակ սոսկալի է, որ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների վերին օղակներում ճնշող մեծամասնությունը խոսող գործիքներ են՝ գերագույն գլխավոր խոսող գործիքի գլխավորությամբ։

Արիստոտելը ստրուկներին խոսող գործիք էր անվանում...

***

Մեկ տարի է անցել այն օրից, երբ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ Նախագահ Քոչարյանն ինքնակամ ներկայացավ նիկոլյան արդարադատության տրամաբանությամբ գործող սասունխաչատրյանական ՀՔԾ՝ վկայի կարգավիճակում հարցաքննվելու, մինչդեռ անմիջապես ու ապօրինաբար նրան շնորհվեց մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ու «ուզես, թե չուզես, կալանքը պետք ա տաս» հրահանգը ստացած դատավորի թեթև ձեռամբ վերջինս կալանավորվեց։ Փաստորեն, հենց այս իրավախայտառակությունն էլ հիմք դրեց քաղաքական բիրտ հետապնդմանը, որը շարունակվում է մի ամբողջ տարի։

Կոչել արդարադատություն իրավազուրկ այս պրոցեսն իրապես խելամիտ չէ, այնուամենայնիվ գտնվեցին դատավորներ, ովքեր չտրվեցին քայլիշխանական քմահաճույքներին, փորձեցին չդավաճանել իրենց բարձր կոչմանը, միաժամանակ տեսանք նաև դիլետանտ ու բարոյազուրկ դեմքերի, որոնք ընկրկեցին ու դարձան պարզապես խոսող գործիք...

Ինչևէ, քրեական գործը վաղուց արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իրավական աղբ է ու ոչ ավելին՝ սա փաստ է, ուշագրավ է նաև, որ Նախագահ Քոչարյանն այս մեկ տարվա ընթացքում երեք անգամ հայտնվեց ազատության մեջ, բայց ի հեճուկս կամակատար դատախազների սին դատողությունների՝ ո՛չ խուսափեց քննությունից, ո՛չ խոչընդոտեց քննությանն, ավելին՝ հրապարակավ հայտնեց, որ իր թիկունքը չի տեսել թշնամին, ուր մնաց տեսնեն իրենք... Այս ամենն անկասկած խոսում է Քոչարյանի մարդկայիկ բարձր որակների մասին, ընդգծում նրա կամքն ու պատրաստակամությունը չնահանջելու իր՝ հավանաբար մեծագույն առաքելությունից՝ պայքարելու համար հանուն պետության։

Երբ մեկ տարի առաջ՝ այս օրն ասացի, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվողը միայն ուղի է բացելու իր՝ մեծ քաղաքականություն վերադարձի համար, շատերը պարզապես ծիծաղեցին՝ լինելով արբած հեղափոխականության էյֆորիայով, այժմ՝ մեկ տարի անց, վերահաստատում եմ դիրքորոշումս, որն արդեն իսկ փաստ է դարձել. Քոչարյանն արդեն իսկ քաղաքականության մեջ է, ավելին՝ աշխարհաքաղաքական մակարդակի այս գործիչն այսօր իշխանությունների միակ հակակշիռն է, ներհայաստանյան քաղաքական֊քաղաքացիական շրջանակների կոնսոլիդացիոն առանցքն, ու հենց այս կանխատեսմամբ էլ վախեցած էին հավանաբար դըմփամիտ կառավարիչները, որ գալով իշխանության, անմիջապես ձեռնամուխ եղան Քոչարյանի մեկուսացման բարոյազուրկ ու իրավազուրկ գործընթացին՝ գործի դնելով պետական մեքենայի բոլոր լծակները, գնալով ցածրորակ ու անբարո ամեն գործողության, ի վերջո հենց Քոչարյանն է մշտապես վիժեցրել պետականադավությունը երեսնամյա մեր պետականության կյանքում, և այժմյան պետականախույսերը դա հրաշալի են գիտակցում. մեկուսացնել Քոչարյանին, ասել է, թե չունենալ խոչընդոտ՝ իրականացնելու հակապետական ամեն ծրագիր ու նկրտում։

Մեկ տարվա ընթացքում հավանաբար չի եղել օր, որ չբարձրաձայնեմ այս խնդիրն, իհարկե, չափազանց ծանր ու բարդ էր խոսել, երբ շուրջդ խուլ են, բայց վստահ էի՝ լինելով քոչարյանական դիրքերում, գտնվում եմ պետականամետության ու գաղափարականության դիրքերում, խոսում եմ ոչ թե դեմ, այլ հանուն, պայքարում եմ ի դեմս Քոչարյանի՝ պետության համար, այո՛, ու թող ամպագորգոռ չհնչի, ոչ էլ ձոնի նմանվի՝ կռապաշտությունից զերծ եմ, բայց այսօր Քոչարյանին տապալելու փորձերը հավասարեցված են պետության տապալմանը՝ նա գործել ու գործում է բացառապես հանուն պետության, իսկ իրեն հնարավոր ամեն եղանակով փորձում են տապալել՝ եզարհանգումները թողնում եմ Ձեզ...

Վերջապես այսօր՝ մեկ տարի անց, կրկին ասում եմ նույնը՝ մնալով հավատարիմ սկզբունքային այս պայքարին, հետայսու գործելու եմ կրկնակի եռանդով՝ հանուն ի դեմս Նախագահ Քոչարյանի գործի՝ արդարադատության ու ի դեմս քոչարյանական գաղափարների՝ հանուն պետականության։

Կարելի է փորձել պարտության մատնել, բայց միայն փորձել, և ուրեմն, պարոնայք քայլիշխանականնե՛ր, փորձեք ևս մի փոքր՝ ինքներդ եք զգում մոտալուտ վախճանն անփառունակ ձեր իշխանության՝ դուք չէի՞ք ասում մեկ տարի առաջ՝ Քոչարյանն աջակից չունի, հետո այդ նույն աջակիցներին անվանեցիք ընտանիքի մի քանի անդամ, հետո՝ բարեկամներ, ծանոթներ, վաճառվածներ, ստրուկներ, իսկ այսօր մեծաքանակ այդ աջակիցներն իրենց իսկ պայքարի վճռականությամբ ձեզ չեն թողնում այլընտրանք, քան համակերպվելու պարզ մի ճշմարտության հետ՝ ծախվածներ չկան, կան մարդիկ, ում հիշողությունը չի ջնջվել, սթափ դատողությունը չի վերացել, իրենք էլ լի են ուժով, կորովով...

Քոչարյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է, Քոչարյանը՝ քաղբանտարկյալ, ու սա փաստ է ամենքի համար՝ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։

Հ.Գ. Մղձավանջային դարձած արդարադատազուրկ իրականությունն ու պետականաքանդ այս քաղաքականությունը սպառել է իրեն, իսկ ճշմարտության հաղթանակը մոտ է ավելի, քան երբևէ...

67259766_863875397345443_1084383898260996096_n

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը