Կարծիք

31.07.2019 14:30


Բաց նամակ Զարեհ Սինանյանին–2

Բաց նամակ Զարեհ Սինանյանին–2

Հարգելի՛ պարոն Սինանյան,
Օրեր առաջ Ձեզ ուղղված բաց նամակս այդպես էլ մնաց անպատասխան, ինչի համար շատ զարմացած եմ: Վերջերս ռուսաստանահայ որոշ ձախողակ շրջանակների հետ հանդիպմանը Դուք շատ վստահ էիք, պարզապես փայլում էիք որպես հռետոր՝ ի ցույց դնելով հոլիվուդյան ժեստիկուլյացիա, ձեռքերը գրպանում պահելով՝ որպես մի իսկական սուպերմեն, այժմ ինչո՞ւ որևէ պատասխան չեք կարողանում տալ իմ նամակին:
Չէ՞ որ ես շատ պարզ և կոնկրետ հարցադրումներ եմ արել նամակում, և համոզված եմ, որ շատ մատչելի ու հասկանալի տեսքտ եմ գրել: Բայց այդպես էլ մնացի պատասխանի սպասելով, ուստի կրկնում եմ ինձ և բազմաթիվ հայրենակիցներին հուզող հարցը՝ ի՞նչ գիտեք Դուք մեր ապրած վերջին 25 տարիների մասին: Դուք, որ հրապարակայնորեն քննադատում եք այդ ժամանակաշրջանը, ասեք, խնդրում եմ, ի՞նչ հիմքեր ունեք նրա վրա խաչ քաշելու կամ որպես վատը հայտարարելու: Դուք, որ ԱՄՆ-ի լուսավոր հեռուներից եք նայել այս երկրին, եղել եք անհաղորդ նրա հոգս ու ցավին, եղել եք անմասն նրա խնդիրներին ու տառապանքին, որ վայելել եք կյանքը ու կարիերա կառուցել, հիմա եկել եք ու հայրենասեր եք խաղում, Դուք, պարո՛ն Սինանյան, ի՞նչ գիտեք Հայաստանի մասին, նրա անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
Եթե Դուք ինչ-որ մեկին ինչ-որ բանում կոնկրետ մեղադրում եք, բարի եղեք փաստեր նշել, այլ ոչ թե դեմագոգիայով զբաղվելով՝ քաղաքական միավորներ հավաքել: Եվ եթե Դուք համոզված եք Ձեր իրավացիության մեջ, հստակ պատասխանեք իմ հարցերին, այլ ոչ թե խուսափեք:
Հատկանշական է, որ սկզբում «Ֆեյսբուք» սոցիակալան ցանցում տեսնելով Ձեր անունը՝ ինձնից նշում խնդրեցիք, երևի ուրախացաք, որ Ձեր անունն է հիշատակվել, բայց այնուհետև հանեցիք այդ նշումը: Ի՞նչ է՝ Դուք մայրենի լեզու չգիտե՞ք, որ որևէ հոդաբաշխ պատասխան տաք, թե՞ հեղափոխության գաղջ սկզբունքներից ելնելով՝ Դուք ուղղակի փախչում եք պատասխանատվությունից:
Հայրենասիրությունը միայն գեղեցիկ խոսքեր չեն, երիտասարդ, հայրենասիրությունը համարձակ, շիտակ, գիտակցված արարքներն են, որոնց այդպես էլ հայ հանրությունը կարոտ մնաց «համաժողովրդական» հորջորջված այս հեղափոխությունից հետո:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը