Կարծիք

31.07.2019 20:55


Անասնաֆերմայում էլ է բոլոլա եղել. անասուններին թվացել է՝ իրենց երևակայության արդյունքն է, լավ չեն հիշում, երազ են տեսել...

Անասնաֆերմայում էլ է բոլոլա եղել. անասուններին թվացել է՝ իրենց երևակայության արդյունքն է, լավ չեն հիշում, երազ են տեսել...

Ամբողջ տարին անասուններն աշխատում էին ստրուկի պես: Բայց նրանք երջանիկ էին, ջանք ու եռանդ չէին խնայում, քանի որ գիտեին, որ այդ աշխատանքի պտուղներն իրենց և իրենց նմանների սերունդների համար են և ոչ թե անբան ավազակների՝ մարդկային ոհմակի:
...Հողմաղացի շինարարությունն անսպասելի դժվարությունների հանգեց: ...Աշխատանքը դանդաղ ու ծանր էր ընթանում: Հաճախ մի ամբողջ օրվա ուժասպառ ջանքեր էին պահանջվում ընդամենը մեկ ապառաժ վեր հանելու համար, իսկ ցած գցելուց այն երբեմն չէր փշրվում: Առանց Դմբուզի ոչ մի բան գլուխ չէր գա. նրա ուժը գրեթե հավասար էր մնացած անասունների գումարված զորությանը:
Ամենքը լցվում էին հիացմունքով՝ տեսնելով, թե ինչպես նա, կողերը քրտնաթաթախ, սմբակները հողին մխրճելով, հևալով, քայլ առ քայլ ընթանում էր վեր: Երեքնուկը նրան բազմիցս զգուշացրել էր, որ խուսափի ուժերի գերլարումից, բայց Դմբուզը նրան ականջ չէր դնում: Նրա համար իր երկու կարգախոսները՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» և «Նապոլեոնը միշտ ճիշտ է», բավարար պատասխան էին թվում բոլոր հարցերին:
...Չնայած աշխատանքի ծանրությանը՝ անասուններն այդ ամառն այնքան էլ վատ չանցկացրեցին: Եթե նրանց ստացած կերը Ջոնզի օրերից շատ չէր, համենայնդեպս, պակաս էլ չէր:
...Չնայած այդ ամենին՝ աշնան գալուստի հետ սկսեցին նկատվել մի շարք չնախատեսված պակասություններ:
...Հերթական կիրակի առավոտյան, երբ անասունները հավաքվել էին հրահանգներ ստանալու, Նապոլեոնը ազդարարեց նոր քաղաքականության սկիզբը: Այսուհետև Անասնաֆերման առևտուր էր անելու հարևան ֆերմաների հետ. անշուշտ, ոչ թե շահադիտական նկատառումներով, այլ պարզապես հրատապ անհրաժեշտություն կազմող որոշ նյութեր ձեռք բերելու համար: Հողմաղացի կարիքները պետք է գերիշխեն մնացած ամեն ինչի վրա, ասաց նա:
...Անասուններին այս անգամ էլ ինչ-որ անորոշ անհանգստություն համակեց: Երբեք գործ չբռնել մարդկանց հետ, երբեք առևտուր չանել, փողի հետ չշփվել՝ արդյոք Ջոնզին վռնդելուց հետո կայացած ցնծագին միտինգում նման որոշումներ չէի՞ն ընդունվել: Բոլոր անասունները հիշում էին, որ ընդունվել են, համենայնդեպս, նրանց թվում էր, թե հիշում էին: Չորս երիտասարդ գոճիները, որոնք բողոքել էին Նապոլեոնի կողմից միտինգների վերացման դեմ, փորձեցին երկչոտ առարկել, բայց շների սարսռուն գռմռոցը նրանց լռեցրեց: Ապա, ինչպես միշտ, ոչխարները սկսեցին՝ «Չորս ոտք՝ լավ, երկու ոտք՝ վատ», և փոքրիկ թյուրիմացությունը հարթվեց:
...Ավելի ուշ Զռանը ֆերմայով մեկ պտույտ գործեց՝ փարատելով անասունների կասկածները: Նա հավաստիացրեց, որ առևտրի և դրամի դեմ որոշում երբեք չի ընդունվել կամ անգամ առաջարկվել: Այն մաքուր երևակայության արդյունք է, որի հետքերը, թերևս, հասնում են Ձնագնդու տարածած հերյուրանքներին: Անասուններից ոմանք դեռևս երկմտում էին, բայց Զռանը նրանց կտրուկ հարցրեց՝ «Դուք վստա՞հ եք, ընկերնե՛ր, որ այդ ամենը երազում չեք տեսել: Որտե՞ղ է հիշատակվում նման որոշումը: Որտե՞ղ է այն արձանագրված»: Եվ քանի որ միանգամայն ակնհայտ էր, որ նման բան ոչ մի տեղ արձանագրված չէ, անասունները ստիպված էին ընդունել, որ սխալվել են:

Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա»

Հ.Գ. Փաստորեն, Անասնաֆերմայում էլ է բոլոլա եղել, ստել, կեղծել, ֆռցնել, վախեցնել...Դե, իհարկե, անասուններին թվացել է՝ նրանց երևակայության արդյունքն է, լավ չեն հիշում, երազ են տեսել...Մի խոսքով, անասուն են՝ հաճույքով խաբվող, ամեն ինչի հետ հաշտվող և ուրախացող, երբ խոսքը վերաբերում է երկոտանիներին պատժելուն՝ ոգևորվող ու հիացող...
«Չորս ոտք՝ լավ, երկու ոտք՝ վատ», ԳԸՄՓ ԳԸՄՓ ՀՈՒ...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը