Կարծիք

09.08.2019 11:57


Արցախցիներին խաբելը շատ ավելի դժվար կլինի

Արցախցիներին խաբելը շատ ավելի դժվար կլինի

Ես բազմիցս նշել եմ, որ Արցախի խնդրի հետ կապված բանակցությունների սեղանի շուրջ կնստեն արցախցիների այն ներկայացուցիչները (այն էլ Հայաստանի պատվիրակության կազմում), որոնք համաձայն կլինեն Արցախը որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում նորից ընդգրկվելու գաղափարին, իսկ ադրբեջանական պատվիրակության կազմում, որպես նրանց հակակշիռ ու հավասար իրավասություններ ունեցող կողմ, կներկայանան, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Ալիևը հիմա կտրականապես դեմ է Արցախի այսօրվա իշխանությունների հետ բանակցային նույն սեղանի շուրջ նստելուն, քանի որ այս մարդիկ նախ պնդելու են Արցախի անկախության վրա, և երկրորդ՝ ադրբեջանցիների համար ցանկացած արցախցի, որը ժամանակին ինչ-որ կերպ մասնակցություն է ունեցել արցախյան ազատամարտին, օրենքից դուրս է:

Ելնելով այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանի գերխնդիրը այսօրվա դրությամբ Արցախում այնպիսի մարդկանց իշխանության բերելն է, որոնք նախ կապ չեն ունեցել արցախյան ազատամարտի հետ, և երկրորդ՝ որոնք չեն պնդի Արցախի անկախության վրա, ու կհամաձայնեն Ադրբեջանի հետ բանակցել՝ Արցախը ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում ընդգրկվելու շուրջ:

Ահա սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն օրերս գերպոպուլիստական ելույթ ունեցավ Արցախում, որի նպատակն էր նախ և առաջ շահել արցախցիների վստահությունը, բայց Փաշինյանը մի բան հաշվի չի առնում, դա այն է, որ, ի տարբերություն հայաստանցիների, արցախցիները շատ ավելի պատրաստված և քաղաքականապես հասուն են, ու նրանց խաբելը շատ ավելի դժվար կլինի: Արցախցիները շատ լավ հասկանում են, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կամ «Միացում» վանկարկությունները ներքին լսարանին (և՛ արցախցիներին, և՛ հայաստանցիներին) ուղղված մանիպուլյացիաներ են՝ նրանց վստահությունը ժամանակավորապես շահելու և նրանց աչալրջությունը թուլացնելու համար միայն, և որ նա Ալիևի հետ իրականում բոլորովին այլ տրամաբանության մեջ է բանակցում:

Ինչևէ, մյուս կողմից, այս իրավիճակը դրական կարելի է բնորշել այն առումով, որ Ալիևը ստիպված է ևս մի տարի սպասել, մինչև Արցախում նախագահական ընտրությունները կայանան, քանի որ, կարծում եմ, Փաշինյանը նրան խոստացած կլինի, որ այդ ընտրություններին Արցախում իշխանության կբերի իրենց համար ձեռնտու մեկին:

Թորոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը