Քաղաքական

09.09.2019 22:49


«Քոչարյանի գործը Դատախազության ցանկությունների տիրույթից արդեն դուրս է, այն դատարանի վարույթում է». փաստաբան

«Քոչարյանի գործը Դատախազության ցանկությունների տիրույթից արդեն դուրս է, այն դատարանի վարույթում է». փաստաբան

Արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան։

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել՝ որպես վերջինիս կարգավիճակից բխող»,- պարզաբանել է դատախազությունը։

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանն անդրադառնալով դատախազության արձագանքին՝ նշեց, որ դատախազության ցանկությունների տիրույթից արդեն դուրս են եկել, այսինքն՝ այս պահին Քոչարյանի գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար՝ դատարանը պետք է քննարկի և որոշի ՍԴ-ի ընդունած որոշումը։

«Դատախազությունն, ըստ էության, ծաղկաքաղ է արել որոշակի հատվածներ՝ բաց թողնելով դրանց հաջորդող՝ սակայն, այնուամենայնիվ և նման բառերով սկսվող պարամետրերը։ Ամենակարևորն այն է, որ ՍԴ-ն արձանագրել է, որ օրենքի բացի արդյունքում խախտվել է Ռոբերտ Քոչարյանի մի շարք, ներառյալ՝ 27-րդ հոդվածով նախատեսված իրավունքը, այսինքն՝ անձնական ազատության իրավունքը։ ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է, որ 35-րդ հոդվածում և ընդհանրապես օրենսդրական բացի արդյունքում առաջացել է 27-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտում։ Այստեղ այլ մեկնաբանություն չի կարող լինել»,-ասաց Արամ Օրբելյանը։

Նա հույս հայտնեց, որ դատարանը սեղմ ժամկետներում նիստ կհրավիրի՝ չսպասելով սեպտեմբերի 12-ին, և համապատասխանաբար արագ կարձագանքի Ռոբերտ Քոչարյանին։

Հարցին՝ Գլխավոր դատախազության արձագանքը, հնարավո՞ր է, ճնշում լինի դատարանի վրա, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ այս ամենը դիրքորոշման ներկայացում է։

«Չէի ցանկանա սա գնահատել ճնշում կամ հակառակը, որովհետև հակառակ կողմից իրենք էլ կասեն, թե՝ տեսեք, պաշտպանները դիրքորոշումը գնահատում են ճնշում։ Ժամանակը ցույց կտա ամեն ինչ, երբ ամեն ինչ ամբողջական փաթեթով նայենք, այն ժամանակ էլ կարող ենք գնահատել»,-շեշտեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը