Քաղաքական

29.10.2019 20:32


Կարո՞ղ է պատգամավորից բացի ինչ-որ ուրիշ կարգավիճակ ունի Արման Բաբաջանյանն ու ինքն է որոշում՝ ում դատեն, ում ազատեն աշխատանքից. Իշխան Սաղաթելյան

Կարո՞ղ է պատգամավորից բացի ինչ-որ ուրիշ կարգավիճակ ունի Արման Բաբաջանյանն ու ինքն է որոշում՝ ում դատեն, ում ազատեն աշխատանքից. Իշխան Սաղաթելյան

«Նախ պետք է հասկանալ, թե Արման Բաբաջանյանն ընդհանրապես ինչ կարգավիճակ ունի, այսինքն` պատգամավորից բացի կարո՞ղ է հատուկ ինչ-որ կարգավիճակ ունի, որի մասին տեղյակ չենք։ Օրինակ` ինքն է որոշում ում ազատեն, երբ ազատեն, ում դատեն, երբ դատեն, ինչքան ժամանակով դատեն։ Սա ի՞նչ նոր կարգավիճակ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանի վարչապետին ներկայացրած դիմումին, ըստ որի՝ պահանջում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անել։

Սաղաթելյանն ասաց, որ իր համար պարզ է, թե Հայաստանի քաղաքական դաշտում ինչ է կատարվում, ապա ավելացրեց, որ իշխանությունը գործիքներ ունի, որոնց միջոցով պարբերաբար, ամեն օր մի կեղծ, շինծու, բանսարկու օրակարգ է առաջ քաշում, հետո թեման հասունացնում, դարձնում շրջանառության առարկա ու վերածում գործողությունների.

«Դրանից բացի այս իշխանություններն ուրիշ զբաղմունք չունեն»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Հարցին՝ Արման Բաբաջանյանին նույնպես դիտարկում եք, որպես այդ գործիքներից մեկը, Սաղաթելյանը պատասխանեց. «Միայն Արման Բաբաջանյանը չէ, իր նման շատերը կան, բայց այս պահին ակտիվներից մեկն ինքն է»։

Մեկ այլ հարցադրմանը, այդ դեպքում ինչու է հիմա հենց Վազգեն Մանուկյանի վրա շեշտադրում դրվել, Սաղաթելյանը պատասխանեց. «Անցյալ, հեղինակություն ունեցող մարդ պետք է չլինի, սա է քաղաքականությունը։ Սա հետևողական գործընթաց է, այսինքն ո՞վ է Արման Բաբաջանյանը, որ պետք է որոշի կամ առաջարկի։ Սա պրոցես է, որը խրախուսվում է իշխանության կողմից, իսկ այդ գործիքներն էլ իրենց դերի մեջ են։ Այս է այսօրվա իրավիճակը, ուրիշ զբաղմունք չկա։ Երկիրը կանգնած է բազում մարտահրավերների առաջ, ունենք բազում խնդիրներ ու անելիքներ, բայց զբաղված ենք այս հարցերով»։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ Արման Բաբաջանյանի դիմումը վարչապետի աշխատակազմն ստացել է եւ ուսումնասիրման փուլում է։

Այս խորագրի վերջին նյութերը