Կարծիք

11.12.2019 08:50


Աղքատության պատկերը

Աղքատության պատկերը

Մեր տնտեսական իրավիճակն ունեցող երկրներում սոցիալ-տնտեսական իրավիճակը նկարագրող ամենազգացմունքային փաստաթղթերը, հարկավ, աղքատության պատկերը նկարագրող հաշվետվություններն են: Խոսքը միայն աղքատության նկարագիրն արձանագրող ակադեմիական տվյալներն ու տեղեկությունները չեն: Պարզ մարդուց մինչև հոգեբան ու վիճակագիր հավանաբար հեշտ է ընկալել «աղքատության խորություն» ու «աղքատության սրություն» տերմինների բովանդակությունը:

Խորություն ասածը հաշվարկում է, թե որքան է ցածր աղքատների միջին եկամուտը տվյալ ժամանակաշրջանի համար հաշվարկված աղքատության գծից: Իսկ «աղքատության սրություն» ասածն ավելի անողոք ցուցանիշ է, որ հաշվարկում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Որովհետև աղքատների միջև սպառման անհավասարությունը առաջին հերթին վերաբերում է նաև պարենային սպառմանը:

Հետևաբար կարելի է ենթադրել, որ այս վիճակագրություն-ուսումնասիրությունը ոչ թե ներկա ժամանակների մասին է, այլ` խոր միջնադարի: Նման ընկալումն ավելի կխորանա, եթե ուսումնասիրեք աղքատությունը ներկայացնող հաշվետվության «ոչ ակադեմիական» հատվածը: Այն անվանվում է «Աղքատության սուբյեկտիվ գնահատական»: Ասել է թե, ի՞նչ գնահատական է տալիս իր կենսապայմաններին բնակչության օրինակ այն հատվածը, որին պաշտոնական վիճակագրությունը համարում է աղքատ: Սա մի տեսակ հակասական, բայց մյուս կողմից մարդկային ու լուսավոր պատկեր է ստեղծում:

Օրինակ, մեր պաշտոնական վիճակագրության տվյալներով «ծայրահեղ աղքատ է համարվում» բնակչության 1 տոկոսը: Սա նաև «պարենային աղքատություն» անունով հաշվառվող խումբն է: Բայց հարցումների արդյունքում բնակչության միայն 0.9 տոկոսն է իրեն այդ խմբում պատկերացնում: Ավելին՝ վիճակագրությունը աղքատ համարում է բնակչության 23.5 տոկոսին: Մինչդեռ հարցման արդյունքում բնակչության միայն 9.4 տոկոսն է իրեն աղքատ համարում-գնահատում:

Այս տվյալներն են, որ աղքատությունն ուսումնասիրող ու նկարագրող հաշվետվությունները դարձնում են ավելի շուտ զգացմունքային, քան ակադեմիական: Որովհետև հարցումն արդեն հաջորդ իսկ տողով բնակչության լավատեսության հակասական կողմն է ի ցույց դնում:

Հարցումների արդյունքում 2018թ․-ին բնակչության 45.9 տոկոսը կարծում է, որ ապրում է միջինից ցածր կենսական պայմաններում: Միանգամից ընդգծենք, որ այս տվյալը 2018-ի քաղաքական գործընթացների արդյունքում չի փոփոխություն կրել: 2016թ․-ին ևս հարցվողների համարյա նույն քանակը` 45.8 տոկոսը, կարծում էր, որ իր կենսապայմանները միջինից ցածր են: Ավելին՝ 2017 հարցումներին բնակչության 41.8 տոկոսն էր կարծում, որ իր կենսապայմանները կարելի է գնահատել որպես «միջին»: 2018-ին այդ սուբյեկտիվ կարծիք կրողների քանակը պակասել է՝ կազմելով 40.6 տոկոս:

Հիմա անդրադառնանք աղքատության սուբյեկտիվ գնահատման ամենազգացմունքային հատվածին: Մեր երկրի բնակչության 9.1 տոկոսի համար առաջնայինը սննդի ապահովման խնդիրն է (հիշեցնենք՝ սրանք 16 տարեկանից բարձր մարդկանց կարծիքներ են): Իսկ աղքատության սուբյեկտիվ ընկալման ամենամեծ խումբը «ոչ պարենային առաջնային կարիքներ ունեցողներն» են` 29.7 տոկոս: 2018թ․ համեմատ այս խումբն աճել է 3.6 տոկոսով (հնարավոր է, որ սոցիալական ոլորտի ուսումնասիրողներն այս փաստը կբացատրեն 2018-ի ծնած ու չիրագործված սպասելիքներով):

Մյուս խոշոր խմբի համար կարևոր հիմնահարցը բնակարանի խնդիրն է: Ասենք, որ այս խումբը 2 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ: Ապա առողջապահական խնդիրներ ունեցողներն են` 7.7 տոկոս: Լրացուցիչ բացատրության կարիք ունի այն, որ «երեխաներին բավարար կրթություն ապահովելու խնդիրը» կարևորում է 2.9 տոկոսը։ Այս «ընկալումը» աղքատության սուբյեկտիվ ընկալման վերջին տեղում է։ Իսկ դա կարելի է բացատրել նաև նրանով, որ «աղքատ» որակվող շերտը միայն պաշտոնական վիճակագրության տեսանկյունից չէ, որ ապրում է աղքատ կենսապայմաններում:

2009-ից այս ուսումնասիրության արձանագրում է՝ մեր երկրում իրեն հարուստ ընկալում է բնակչության 0.1 տոկոսը: Այս թիվը վերջին տասնամյակում ընդամենը երկու անգամ է փոփոխվել: 2010թ․ իրեն հարուստ համարելու սուբյեկտիվ կարծիք է ունեցել բնակչության 0.4 տոկոսը: Իսկ 2015թ․-ին ոչ ոք իրեն հարուստ չի համարել: Ասեք, որ տխուր պատկեր է: Հատկապես, որ 11 տարի առաջ (2008-ին) իրեն հարուստ էր համարում բնակչության 0.2 տոկոսը:

Սա է այն պատկերը, որին վիճակագիրներն անվանում են «աղքատության սուբյեկտիվ գնահատական»: Իսկ քաղաքական շրջանակները գերադասում են օգտագործել «աղքատությունը ձեր գլխում» տերմինը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը