Լրահոս

18.12.2019 16:36


Ձերբակալվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը

Ձերբակալվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը

Հրապարակը գրում է․ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱԱԾ-ն բացահայտել էր օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները, խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում, որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց՝ որպես կաշառք, գումար ստանալուց։

Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից։ Այնուհետեւ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր ՀՀ Քննչական կոմիտե:

Այս խորագրի վերջին նյութերը