Քաղաքական

30.12.2019 15:57


Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ի վերաբերյալ հայտարարությունը վկայում է, որ քաղաքական թիմն ունի որոշում՝ ցանկացած գնով ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից. Նաիրա Զոհրաբյան

Արարատ Միրզոյանի՝ ՍԴ-ի վերաբերյալ հայտարարությունը վկայում է, որ քաղաքական թիմն ունի որոշում՝ ցանկացած գնով ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից. Նաիրա Զոհրաբյան

Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական գործիքներով լուծելը բացարձակապես անթույլատրելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ ԱԺ նախագահի մակարդակով ՍԴ վերաբերյալ նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ քաղաքական թիմն ունի որոշում՝ ցանկացած գնով ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից:

«Դատական անկախ համակարգի հետ կապված ցանկացած խնդիր պետք է լուծվի բացառապես իրավական գործիքներով: Քաղաքական ցանկացած միջամտության ԲՀԿ-ն դեմ է եղել և լինելու է, անկախ նրանից՝ Հրայր Թովմասյանն է, թե այլ անձ: Անձերը մեզ չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մի բան, որ իշխանությունը չփորձի գնալ այն ճանապարհով, ինչով գնացել է նախկին իշխանությունը՝ պրեսսինգի տակ պահելով դատական իշխանությանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ խոսելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել էր. «Մենք մեզ չենք կարող թույլ տալ ունենալ հասարակության կողմից վստահություն չունեցող Սահմանադրական դատարան»:

Անդրադառնալով ՍԴ նկատմամբ վստահության վերաբերյալ հայտարարությանը՝ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց մայիսի 20-ին դատարանների մուտքերը և ելքերը արգելափակելու գործողությունը. «ՍԴ հանդեպ հանրային վստահության հարցը թույլ տանք որոշի հանրությունը: Երբ կոչ արվեց ՍԴ-ն շրջափակել, ամբողջ հանրապետությունով այդ կոչին արձագանքեց մոտ 1200 մարդ և դա արձանագրեց անձամբ Դանիել Իոաննիսյանը»:

ԱԺ-ն օրերս ընդունել էր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ թոշակի անցնելու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան կվճարի: Արարատ Միրզոյանը երեկ նաև չէր բացառել, որ իշխանությունը կգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, եթե ՍԴ դատավորները չօգտվեն «ընձեռնված հնարավորությունից»:

«Ավելի քան վստահ եմ, որ գնալու են Սահմանադրական փոփոխությունների: Արդեն կա որոշում, փետրվարին ստեղծվելու է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով և եթե այս իշխանությունը որոշել է, իսկ այս իշխանությունը որոշել է ազատվել ՍԴ այս կազմից, փետրվարին այս փոփոխություններով իրենք ազատվելու են: Եվ դա նորից կլինի քաղաքական գործընթաց, ոչ իրավական»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը