Լրահոս

02.03.2011 14:37


Ռաֆիկ Պետրոսյանը խրատեց ՄԻՊ-ին, Վահան Հովհաննիսյանը տխրեց, ՀՅԴ-ն դեմ կքվերակի…

Ռաֆիկ Պետրոսյանը խրատեց ՄԻՊ-ին, Վահան Հովհաննիսյանը տխրեց, ՀՅԴ-ն դեմ կքվերակի…

ՄԻՊ թեկնածու Կարեն Անդրեասյանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին, ինչից հետո ելույթների համար հերթագրված ՀՀԿ-ական պատգամավորներից Ռաֆիկ Պետրոսյանը, անդրադառնալով ՄԻՊ թեկնածու Կարեն Անդրեասյանի մասնագիտական և մարդկային արժանիքներին,  նշել է, որ Հայաստանում կիրառվում է մասնագիտական արժանիքներով մարդուն թեկնածու նշանակելու սկզբունքը, ինչին, Ռ.Պետրասյանի խոսքերով, Կ. Անդրեսայանը բավարարում է: Ինչ վերաբերում է երկրորդ սկզբունքին` հասարակության շրջանում հեղինակություն վայելելուն, Ռ. Պետրոսյանը նշել է, որ չնայած  իրենք են օրենքում ամրագրել այդ դրույթը, սակայն դա վիճելի է, քանի որ մի հատվածի համար նա կարող է  հեղինակություն վայելել, մյուիսի համար` ոչ: Այդ դրույթը, նրա խոսքերով, դեռ չի մարսվել Հայաստանում:

Այնուհետև Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ պատասխանելով «Քվեն ուժ է» շարժմանը միանալու վերաբերյալ ՀՅԴ պատգամավոր Ա.Մինասյանի հարցին, ՄԻՊ թեկնածուն թույլ տվեց վրիպակ, նշելով որ կհանդիպի շարժման ներկայացուցիչների հետ, այնուհետև կորոշի միանալու է, թե՞ ոչ:

-Այս առումով, լինելով երկու տարվա նրա դասախոսը ես խրատում եմ նրան,- ասել է Ռաֆիկ Պետրոսյանն ու ընդգծել, որ ՄԻՊ-ը պետք է կարողանա պահել իր չեզոքությունը ու չմիանա որևէ շարժման, դրանով իսկ գործելով ինչ-ինչ ուժերի դեմ:

Պետք է կարողանալ պահպանել չեզոքությունը,- ասել է Ռ. Պետրոսյանը:

-Չեզոքությունը լավ բան չէ պարոն Պետրոսյան` արդարությունն է լավ բան, ազնվությունը, հավասարակշռված մոտեցումները,- Ռ. Պետրոսյանի ելույթից հետո ավելացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության  ղեկավար Վահան Հովհաննիսյանը և նշեց, որ չի փորձելու, ինչպես ուրիշները ներկայացնել ՄԻՊ թեկնածուին և անհատական քննարկմանը կողմ չէ:

Նա ընդգծել է, որ ցանկանում է խոսել ՄԻՊ թեկնածուի առաջադրման ձևի մասին և ավելացրել է, որ ՄԻՊ թեկնածու Կարեն Անդրեասյանը բավարարել է իրեն և ՀՅԴ խմբակցությանը, պատասխաններով իրենց հնչեցրած հարցերին, ինչը սակայն, ըստ Վ. Հովհաննիսյանի, անմիջապես մտահոգել է որոշ պատգամավորներին:

-Քանի որ ելույթ ունեցողներից միայն մեկ հանրապետական կար, հենց նա էլ արտահայտեց այդ մտավախությունը, անմիջապես անվանելով իր ելույթը խրատ և սկսեց խրատել դեռ չընտրված օմբուդսմենին, որ նա չպետք է ոչ մի շարժման միանա, ներողություն` ձեր ի՞նչ գործ, իմ կարծիքով, օմբուդսմենը պետք է անգամ ղեկավարի նման շարժումները Հայաստանում, հանկարծ իշխանությանը քննադատելու փորձ չանի, նախորդը արել է և դա պատգամավորի դուրը չի գալիս: Այսինքն հիմիկվանից խրատում է օմբուդսմենին, թե նա ինչ պետք է չանի, որ Ռաֆիկ Պետրոսյանի դուրը գա, միգուցե ոչ միայն Ռաֆիկ Պետրոսյանի,- ասել է Վահան Հովհաննիսյանը և ընդգծել,- Այստեղ ես արդեն սկսեցի տխրել, որովհետև անկախ մարդու անհատական հնարավորություններից, եթե արդեն հիմա այդպիսի խրատներ են հնչում, ուրեմն եկեք հասկանանք սկզբից մեր երկիրն ընդհանրապես այդ ինստիտուտը` ՄԻՊ ունենալ պատրա՞ստ է:

Նա համաձայնել է, որ մինչ այս երկու ՄԻՊ-երի մոտ էլ աշխատելու հնարավորություն չի եղել, որովհետև երկու դեպքում էլ չի եղել լայն քննարկում տարբեր քաղաքական շրջանակաների հետ` ընդդիմության հետ թեկնածությունը չի քննարկվել.

-Այո ՀՀԿ հորդորով ՄԻՊ թեկնածուն հանդիպել է տարբեր խմբակցությունների հետ վերջին պահին, բայց ինչպե՞ս է ծնվել նրա, միգուցե շատ հաջող թեկնածությունը, ո՞ր շրջանակներում, ովքե՞ր են որոշել, որ այլընտրանք չկա և ինչո՞ւ մենք այդ այլընտրանքը ներկայացնելու հնարավորությունից պետք է զրկված լինենք: Տեսեք, ընդդիմությունը 23 պատգամավոր է, կոալիցիան պլանավորում է էլ ավելի պակասեցնել այդ թիվը չէ՞: ,- ասել է Վահան Հովհաննիսյնաը:

Այդ արտահայտությանն ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նման բան չկա:

Նա տարակուսել է, որ եթե ընդդիմությունն ընդհանրապես հնարավորություն չունենա խոսք ասելու ՄԻՊ-ին, այդ ո՞ւմ իրավունքներն է պաշտպանելու ՄԻՊ-ը`  Ռաֆիկ Պետրոսյանի՞:

Նրա ելույթից հետո Հովիկ Աբրահամյանն ասել է.

-Ես հասկացա պարոն Հովհաննիսյան, դուք Ռաֆիկ Պետրոսյանի հետ պայմանավորվել էիք, որ նա խրատ բառն օգտագործեր, որ դուք ձեր ելույթը կառուցեիք այդ բառի վրա:

Արձագանքելով այս ամենին Ռաֆիկ Պետրոսյանը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից «Մնում է բռնել Իվանի պոչը և հարցը լուծվում է» մեջբերումն է արել ու ասել է.

-Ես խորհուրդ տվեցի ընդամենը, որ մեր նոր թեկնածուն բռնի սահմանադրության և օրենքների պոչը, ոչ թե գնա որևէ շարժմանը միանա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը