Քաղաքական

12.02.2020 20:55


Փաշինյանը չասաց՝ Մյունխենում Արցախի հարցով հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ

Փաշինյանը չասաց՝ Մյունխենում Արցախի հարցով հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ

«Ինչ պիտի խոսվեր եւ ինչ խոսվել է, ես այս ամբիոնից գոնե մի տասը անգամ մանրամասն ներկայացրել եմ։ Բացառված է, որ ինչ-որ բան խոսվի, քան մեր հրապարակային հայտարարություններում ասվել է»,-այսօր կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումների մասին հարցին։

Փաշինյանը հորդորեց դա ընդունել ի գիտություն։ «Մենք մեր օրակարգը հռչակել ենք, թե ինչ օրակարգով ենք գնում եւ ինչ մասին է լինելու խոսակցությունը»,-ասաց նա։

Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում կիսատ արտաբերեց «բանակցություն» բառը, ապա իրեն շտկեց՝ ընտրելով «խոսակցություններ» եզրույթը։

«Էն, ինչ հայտարարել ենք մինչեւ բանակց..., մինչեւ այդ խոսակցությունները, այդ խոսակցությունները տեղավորվում են այդ շրջանակում, մնացած անհեթեթագույն խոսակցությունները մեկնաբանության ենթակա չեն»,-հայտարարեց Փաշինյանը։

Այս հանգամանքը ուշագրավ է այն տեսանկյունից, որ ՀՀ իշխանությունը խուսափում է հիմնախնդրի կարգավորման ընթացիկ գործընթացը «բանակցություն» անվանել, մինչդեռ ադրբեջանական կողմը հենց այդ տերմինն է օգտագործում։

ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, հիշեցնենք, առանձնացավ իր երկարատեւությամբ։ Հանդիպումը Ժնևում տևեց երկու օր, շուրջ 11 ժամ։ Դրան մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հայտարարությունից տեղեկացանք, որ Զոհրաբ Մնացականյանը շեշտել է «խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում էր, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մյունխենի անվտանգության համաժողովին Արցախի շուրջ նախատեսվա՞ծ է որեւէ հանդիպում, Փաշինյանը, ըստ էության խուսանավեց։ Նա ասաց, որ վաղը մեկնում է Բեռլին, Մյունխեն մեկնելու հավանականություն մեծ է. «Մյունխեն մեկնելու հավանականությունը շատ մեծ է, բայց էս պահին ես, որ ասեմ 100 տոկոս՝ 100 տոկոս չեմ ասի, կապված օրակարգից, նրբություններ կան էդ օրակարգի մեջ, դեռ վերջնական հաստատված մենք չենք համարում»։

Ուշագրավ է, որ վարչապետի՝ Գերմանիա կատարելիք աշխատանքային այցելության հետ կապված պաշտոնական հաղորդագրության մեջ ի թիվս Բեռլին այցելության նաեւ Մյունխենն է նշվում։ «Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը