Լրահոս

10.03.2011 15:07


Մարտի 19-ի «Գերլուսինը» և նրա ազդեցությունը Երկրի վրա

Մարտի 19-ին Լուսինը կգտնվի Երկրից 356 577 կմ հեռավորության վրա, որն ամենամոտն է 1992թ. այս կողմ: Արդեն մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ այդ երևույթը Երկրի վրա առաջ կբերի բնական աղետներ ու ավերածություններ, մասնավորապես` երկրաշարժեր, հրաբխեր, ջրհեղեղներ, փոթորիկներ և ընդհանրապես եղանակի ծայրահեղ դրսևորումներ: Հիշեցնենք, որ Լուսինը Երկրի շուրջ պտտվում է ձվածիր (էլիպսաձև) ուղեծրով և նրա հեռավորությունը Երկրից որոշ տատանումներով փոփոխվում է մոտ 363100 – 405700 կմ սահմաններում, միջինում լինելով 384400 կմ: Ամենամոտ կետը կոչվում է պերիգեոս (կամ երկրամերձ կետ), իսկ ամենահեռուն` ապոգեոս (կամ երկրահեռ կետ): Այդ օրը Լուսինը կլինի լիալուսնի փուլում և մեզ կերևա անսովոր մեծ չափով, ինչն էլ առիթ է տալիս այն կոչել «Գերլուսին»: Այս երևույթը չարաշահումների առիթ է հատկապես աստղագուշակների համար: Ինչպես հայտնի է, Երկրի օվկիանոսների և ծովերի մակընթացությունները և տեղատվություններն առաջանում են Լուսնի ձգողական ուժի ազդեցության տակ, և մարտի 19-ին ջրի մակարդակի տատանումների ամպլիտուդը հատկապես մեծ կլինի, այսինքն կդիտվեն չափազանց բարձր մակընթացություններ և չափազանց ցածր տեղատվություններ: Աստղագետները համարում են, որ Լուսնի հեռավորությունը կապ չունի Երկրի վրա տեղի ունեցող տարերային աղետների հետ և եթե հատուկ ջանքեր գործադրենք, միշտ էլ կարելի է ցանկացած տարերային աղետի հետ կապված գտնել որևէ երկնային երևույթ: Մասնավորապես, վերհիշելով անցած տարերային աղետները, ոմանք փորձում են դրանք կապել Լուսնի մերձեցման հետ: Լուսնի երկրամերձ կետերում են տեղի ունեցել 1938թ. փոթորիկը Նոր Անգլիայում, 1955թ. ջրհեղեղն ավստրալական Որսորդների հարթավայրում, 1974թ. Թրեյսի ցիկլոնը, 2005թ. Կատրինա փոթորիկը և Ինդոնեզիայի ցունամին:

Այս խորագրի վերջին նյութերը